Կասկածելի ինքնասպանություն․ուր են տանում Գազի Կոլյայի ինքնասպանության թելերը

ինքնասպան է եղել Նիկոլայ Գաբրիելյանը, ով հանրությանը առավել հայտնի է «Գազի Կոլյա» անունով: Նիկոլայ Գաբրիելյանը 20 տարուց ավելի ղեկավարում էր «Տրանս-Գազ» ՍՊԸ-ն և Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն էր: Սակայն նա հանրության լայն շերտերին հայտնի դարձավ իր հանրահռչակ թոռնիկների շնորհիվ։

 

Նա քրեական հեղինակություն Ճըվճըվ Արոյի աներն է, իսկ Ճըվճվի որդիների անունները անցնող տարիների ընթացքում կապվեցին է՛լ խուլիգանության, է՛լ կողոպուտ կատարելու, է՛լ կրակոցների , թմրանյութերի ու բազմաթիվ այլ վթարների հետ, բայց ինչպես միշտ, Կոլյա պապիկի շնորհիվ նրանք մնացին անպատժելի, կարողացան «ջրից չոր դուրս գալ»։ Մամուլի տեղեկություններով ամեն անգամ, երբ թոռները ավտովթարի են ենթարկել մարդկանց, պապը իր փողերով նոր ավտոմեքենա է գնել նրանց համար: Սակայն ամենածանր հարվածը այս տարվա հունվարի 8-ի ողբերգական ավտովթարն էր, ինչի հետևանքով 2 ոստիկան մահացավ: Ոստիկանների մահը մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ ամենազոր «Գազի Կոլյան» ոչինչ անել չկարողացավ եւ թոռները այս պահին էլ ազատազրկված են ու թերեւս նոր Հայաստանում մինչեւ վերջ կկրեն իրենց պատիժը։

 

Սակայն դժվար թե թոռնիկներին օգնելու անկարողությունից վշտացած է, որ Կոլյա պապիկը նման քայլի է գնացել։ Բանն այն է, որ Գաբրիելյանը, Հայաստանի «գաղտնի» միլիարդատերերից է: Յուրաքանչյուր մարզում 4–5 գազալցակայան ունի: Նրա 50–ից ավելի լցակայանների` պետությանը մուծվող հարկերը այս տարիներին գրվել են սառույցին, լեւի գծերն ու դրանց միջոցով ֆինանսական հոսքերը տարեցտարի վարարել։ Գազի Կոլյան, ինչպես ասում են՝ գազավիկների կլանի կարկառուն ներկայացուցիչն էր, Կարեն Կարապետյանի ամենամտերիմ անձանցից մեկը։ Ու ինչպես Կարեն Կարապետյանի պարծանքների մասին են լեգենդներ հյուսվել, որ մի «վինտիլ» բացել-փակելով տասնյակ հազարավոր դոլարներ է ուղղել սեփական գրպանը, այնպես էլ Գազի Կոլյայի։ Վերջինս թերեւս եղել է Կարեն Կարապետյանի լեգենդար հարստության կերտման վկաներից մեկը, քանզի ի պաշտոնե համարվում էր Կարապետյանի ենթականերից մեկը։

Մամուլում հաճախ էր գրվում նրա եւ Կարապետյանի մասնակցությամբ մութ գործարքների մասին։ Ուստի հաշվի առնելով այս ամենը՝ իրավապահներին հսկայական աշխատանք է սպասվում՝ պարզելու, թե կատարվածը իրապես ինքնասպանություն է, միգուցե նրան դրդել են ինքնասպանության, կամ գուցե ինքնասպանություն չէր, այլ կարևոր վկային արանքից հանելու գործողություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո ինչպես տեսնում ենք նախկին իշխանականները եւ հատկապես նրանք, որոնց հարստացման ճանապարհը մութ է ու կասկածելի, հայտնվում են իրավապահների ուշադրության ներքո։

 

Վկան Սերժ Սարգսյանի եղբայրների հետ կատարվածը։ Չկա ոչ մի երաշխիք, որ ինչ որ պահի Կարեն Կարապետյանը եւս կհայտնվի իրավապահների թիրախում, մանավանդ, որ տեղեկություններ կան, թե նա քաղաքական հավակնություններ ունի, նոր կուսակցություն է ցանկանում ստեղծել։ Այս համատեքստում Գազի Կոլյայի ինքնասպանության փաստը կասկածների տեղիք է հարուցում։ Վարկածներից մեկն այն է, որ կամ իսկապես Գազպրոմում, կամ կոնկրետ Տրանսգազում չարաշահումներն այն կարգի աղաղակող են, որ նա ինքնակամ գնացել է այդ քայլին, կամ էլ դարձել է քավության նոխազ։ Իսկ եթե չկա ֆիզիկական անձը, ցանկացած բացահայտում եի չարաշահման փաստ կարող է բարդվել հենց նրա վրա։ Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանը 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

Անի Սահակյան

http://hayeli.am/article/1100736

Be the first to comment on "Կասկածելի ինքնասպանություն․ուր են տանում Գազի Կոլյայի ինքնասպանության թելերը"

Leave a comment

Your email address will not be published.


*