Շատ դեպքերում հիվանդին ճիշտ է տեղափոխել Երեւան, քան բուժումը կազմակերպել տեղում. Թորոսյանի պարզաբանումը

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում համառոտ ամփոփել է կիսամյակի աշխատանքը՝ անդրադառնալով կյանք փրկող ծրագրերի արդյունքներին 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ:

 

Ըստ այդմ, սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրով անվճար բուժվել է 156 քաղաքացի: Stent for Life» ծրագրով կատարվել է 1 361 վիրահատություն: Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 1 419 վիրահատություն:

 

Նախարարն անդրադարձել է նաեւ սանիտարական ավիացիայի ծառայությանը, նշելով, որ ուղղաթիռը տեղափոխել է 29 հիվանդ: Խոսքը ծանր եւ անհետաձելի բուժման կարիք ունեցող հիվանդներին Երեւան հասցնելու մասին է, որն իրականացվում է «Armenian Helicopters» ընկերության ուղղաթիռով՝ ապրիլից սկսած: Ուղղաթիռի մեկ ժամվա թռիչքի դիմաց պետությունն այս ընկերությանը վճարում է 720 հազար դրամ:

 

Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր հիվանդի տեղափոխման համար ծախսվել է միջինը մեկ ժամ, կստացվի, որ պետությունը այդ նպատակի համար երեք ամսում հատկացրել է 20 միլիոն 880 հազար դրամ կամ շուրջ 44 հազար դոլար:

Նախարար Թորոսյանից մի առիթով հետաքրքրվեցինք, թե կա՞ հաշվարկ՝ որքան գումար է անհրաժեշտ՝ տեղերում տվյալ ուղղությունները զարգացնելու համար, եւ արդյոք ուղղաթիռով հիվանդներին Երեւան տեղափոխելը ավելի ծախսատա՞ր չէ, քան եթե դա արվեր:

 

«Իհարկե ոչ: Երբեք: Լրիվ հակառակը: Տեղերում կարելի է նույնիսկ որոշ բաներ փակել ու լավ սանավիացիա ունենալ: Իհարկե, մենք չենք պատրաստվում որեւէ բան փակել, բայց աշխարհում եւ ընդհանրապես որակյալ բժշկությունը կենտրոնացված է լինում: Նյարդավիրաբուժություն, մանկական նյարդավիրաբուժություն, սրտային վիրաբուժություն, ծանր ռեանիմացիաներ, այրվածքաբանություն, թունաբանություն, բարձր ռիսկի հղիների հսկողություն. սրանք կարող են լինել միայն Երեւան քաղաքում: Եթե ինչ-որ մեկը մտածի, որ կարող են լինել, օրինակ Նոյեմբերյանում, դա շատ սխալ ու վատ միտք է, որովհետեւ այնտեղ հնարավոր չէ որակ ապահովել, եւ պատճառները կապ չունեն գումարի հետ: Կարող են լինել լավ սարքավորումներ, լավ շենքային պայմաններ, բայց բժիշկը պետք է ունենա ծանրաբեռնվածություն: Նույն վիրահատությունից անի շատ, որպեսզի ձեռքը սովորի: Կոպիտ եմ ասում, բայց այդ ձեռքը սովորելը մի մեծ պրոցես է բժշկության մեջ, որ թիմը կարողանա աշխատել, սարքավորումները պարապուրդի չմատնվեն»,- պատասխանեց առողջապահության նախարարը:

Նա նաեւ նկատեց, որ Հայաստանում, օրինակ, մեկ մանկական հիվանդանոցը կարող է լրիվ բավարար լինել: «Հայաստանում պետք է, օրինակ, մեկ մեծ մանկական հիվանդանոց, ինչպես աշխարհի շատ երկրներում: Օրինակ՝ Տորոնտոյում կա մեկ հատ մանկական հիվանդանոց (Կանադայի այս քաղաքը գրեթե Հայաստանի չափ բնակչություն ունի-խմբ.): Մենք ունենք արդեն երեք հատ: Ու դա մեզ բավարար է, որ տեղերում չունենանք շատ լուրջ, մեծ մանկական հիվանդանոցներ»,- զուգահեռ անցկացնելով՝ նշեց Հայաստանի առողջապահության նախարարը:

https://armtimes.com/hy/article/165294

Be the first to comment on "Շատ դեպքերում հիվանդին ճիշտ է տեղափոխել Երեւան, քան բուժումը կազմակերպել տեղում. Թորոսյանի պարզաբանումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ