Եվրոպական խաղերի հայ չեմպիոնները՝ Մինսկում ունեցած ցնծության մասին (ֆոտո)

 

Երեւան ժամանեցին բռնցքամարտիկներն ու սպորտային մարմնամարզիկները՝ չեմպիոններ Հովհաննես Բաչկովի, Արթուր Հովհաննիսյանի եւ Արթուր Դավթյանի հետ ։ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում չեմպիոն հռչակված Արթուր Ալեքսանյանը թիմի հետ Մինսկից մեկնել է արտագնա ուսումնամարզական հավաքի եւ Հայաստանի մարզական պատվիրակության հետ հայրենիք չվերադարձավ։

 

Օդանավակայում մեծ թվով երկրպագուներ էին ժամանել դիմավորելու չեմպիոններին։ Սպասողների թվում էին նաեւ Հովհաննես Բաչկովի երկու տղաներն ու Արթուր Դավթյանի նորածին դուստրը։

Հովհաննես Բաչկովի խոսքով՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալը պարտավորեցնում է աշխարհի առաջնությունից առաջ։

«Նպատակս ու ուղղությունս Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերն են։ Բայց մինչ այդ դեռ աշխարհի առաջնություն ունենք։ Եվրոպական խաղերում հաղթելը շատ կարեւոր էր։ Եզրափակիչում մրցակից օլիմպիական փոխչեմպիոնի եւ գործող աշխարհի չեմպիոնի հետ լուրջ բռնցքամարռտիկ էր եւ տեխնիկայով ուժեղ։ Բայց նրան կարողացա հաղթել կամային որակների շնորհիվ։

 

11 մեդալ նվաճեցինք Եվրոպական խաղերում եւ այդ մեդալները մոտիվացնում էին յուրաքանչյուրիս ավելի բարձր որակի մեդալ նվաճելու համար։

Անարդար մրցավարություն եղավ ու դրա արդյունքում մեր թիմից  մի քանիսը զրկվեցին մեդալներից։

Ինչ վերաբերում է հայկական բռնցքամարտում առկա սկանդալներին, դա իր ազդեցությունը չունեցավ։ Մենք մեր գործն ենք անում եւ կռվում ենք Հայաստանի դրոշի համար։ Գյումրեցիների հաղթանակները արդեն ավանդույթ են։ Յուրաքանչյուր գյումրեցու ծնող սովորեցնում է իր երեխային, որ ամեն ինչում պետք է հաղթող լինել։ Սա ապրելակերպ է։

Եվրոպական խաղերում պայքարեցի չեմպիոնի կոչման համար։ Նույն ոգով ոսկե մեդալի համար պայքարելու եմ նաեւ աշխարհի առաջնությունում։

 

Բռնցքամարտը ծանր մարզաձեւ է, կռվի հետ գործ ունենք. Ասում ենք՝ «մի հատ լինի, ոսկի լինի»։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եմ եւ ուղղակի հպարտ եմ դրանով»,– ասաց Հովհաննես Բաչկովը։

Եվրոպական խաղերի սպորտային մարմնամարզության չեմպիոն Արթուր Դավթյանին հաղթելու, մեդալ նվաճելու մոտիվացիան տվել է թիմակից Վահագն Դավթյանի արծաթե մեդալը։

«Վահագնը արծաթե մեդալը նվաճելուց հետո, եկավ ինձ ոգեւորեց եւ ասաց, որ ես էլ պետք է մեդալ նվաճեմ։ Իրականում չէի սպասում ոսկե մեդալին։ Վստահ կարող եմ հայտարարել, որ Եվրոպական խաղերի վերջին օրը մեր՝ մարմնամարզիկներիս օրն էր։ Հատկապես իմ ու Վահագնի օրն էր։ Արեցի իմ հնարավորությունների առավելագույնը։ Բազմամարտում ձախողեցի, բայց մեդալի համար էի պայքարում։ Իմ հիմնական վարժությունում՝ հենացատկին, մասնակցեցի, այդ պատճառով մեդալային պայքարից դուրս մնացի։ Կփորձեմ հնարավորինս այսպիսի ելույթ ունենալ հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը»,- նշեց Արթուր Դավթյանը։

 

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալակիր, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի համար ոսկե մեդալը սպասված էր։

«Պատրաստված, տրամադրված գնացել էինք։ Ջանք չէի խնայել Եվրոպական խաղերում լավագույն մարզավիճակում գտնվելուս համար։ Մեծ ոգեւորություն եւ ուրախություն ապրեցի պատվո հարթակին պարգեւատրման արարողության ժամանակ. չեմ կարող բառերով նկարագրել։ Բայց կուզեմ, որ յուրաքանչյուր մարզիկ իր կյանքում մեկ անգամ ապրի այդ զգացողությունները։ Շատ բարդ էր ոսկե մեդալ նվաճելը։ Ինձ համար այս ոսկե մեդալը երազանք էր։ Այս արդյունքը համարվում է Եվրոպայի առաջնության արդյունք եւ ինձ համար այս մեդալը սպասված երազանք էր»,– նկատեց Արթուր Հովհաննիսյանը։

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն ափսոսում է, որ չկարողացավ ոսկե մեդալ նվաճել, բայց արծաթե մեդալը համարում է պատվաբեր։

«Այս տարին հաջող է դասավորվում ինձ համար, բայց բարդ տարի է։ Վնասվածքով եմ հանդես գալիս այս տարի, բայց արդյունքն անհամեմատ բարձր է։ Եվրոպական խաղերը միակ մրցումն էր, որտեղ վնասվածքս չխանգարեց, ուսս չցավաց։  Ափսոսոմ եմ, ոսկե մեդալ չնվաճեցի, քանի որ գրեթե ոչինչ չբաժանեց ինձ առաջին տեղից։ Իրականում շատ ուրախ եմ ներքուստ եւ ինձ համար արծաթե մեդալը պատվաբեր է»,– ասաց Վահագն Դավթյանը։

Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ տեղը։

Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեցին բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ)։ Բռնցքամարտի համար այս մրցաշարը նաեւ Եվրոպայի առաջնություն էր։

Ոսկե մեդալներ նվաճեցին նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

Արծաթե մեդալներ նվաճեցին սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ)։

Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) եւ սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) գրավեցին երրորդ տեղը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

https://sport.news.am/arm/news/101233

Be the first to comment on "Եվրոպական խաղերի հայ չեմպիոնները՝ Մինսկում ունեցած ցնծության մասին (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ