Ձեռքսեղմում երկու Կորեաների սահմանագծին. ավարտվել է Թրամփի ու Կին Չեն Ընի պատմական հանդիպումը (տեսանյութ)

Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը, հաղորդում է The Guardian-ը: Բանակցությունները տևել են շուրջ մեկ ժամ, որից հետո Թրամփն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին ուղեկցել են մինչև ռազմա-սահմանազատման գիծ:

Նշենք, որ սա ԱՄՆ-ի և երկու Կորեաների առաջնորդների՝ պատմության մեջ առաջին համատեղ հանդիպումն էր, որը կազմակերպվել էր ընդամենը 2 օրվա ընթացքում՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Նման ցանկություն հայտնել էր Միացյալ Նահանգների ղեկավարը, և հանդիպումից ժամեր առաջ փաստացի հայտնի չէր՝ արդյոք այն կկայանա:

Հանդիպման պահին Թրամփը մոտեցել է ռազմա-սահմանազատման գծին, նրան ընդառաջ է եկել Կիմ Չեն Ընը: Առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել, որից հետո Կիմ Չեն Ընի հրավերով Թրամփը հատել է ցածր բետոնե պատնեշը՝ երկու Կորեաների խորհրդանշական սահմանը՝ դառնալով պատմության մեջ առաջին ԱՄՆ նախագահը, որը եղել է Հյուսիսային Կորեայում։

Երկու երկրների առաջնորդները լուսանկարվել են, որից հետո հարավային կողմ են անցել: Այնտեղ նրանց դիմավորել է Մուն Չժե Ինը, այնուհետև Թրամփն ու Կիմ Չեն Ընը ներս են մտել Ազատության տան շենք՝ բանակցելու:

 

«Վաղեմի թշնամություն ունեցող մեր երկու երկրների միջև նման վայրում խաղաղ ձեռքսեղմումն ինքնին խոսում է այն մասին, որ այսօր իրադրությունն այնպիսին չէ, ինչպիսին երեկ էր»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Նա հանդիպումը դրական է գնահատել և շեշտել, որ եթե ինքն ու Սպիտակ տան ղեկավարը նման «հրաշալի հարաբերություններ» չունենային, այս հանդիպումը կազմակերպելն անհնար կլիներ:

Բանակցություններից հետո Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ պայմանավորվել է պայմանավորվածությունների մանրամասները մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել:

 

«Խումբը 2-3 շաբաթ կաշխատի՝ տեսնելու, թե արդյոք նրանք ինչ-որ բան կարող են անել: Խոսքը շատ մեծ ու բարդ գործերի մասին է, սակայն ոչ այնքան բարդ, որքան կարծում են որոշ մարդիկ»,- ասել է Թրամփը:

Խոսելով ԿԺԴՀ-ի նկատմամբ գործող պատժամիջոցներից՝ նա դրանք ժամանակի ընթացքում չեղարկելու հույս է հայտնել, սակայն առայժմ այդ պատժամիջոցները կշարունակեն գործել:

Հիշեցնենք, որ 1950-1953թթ. Կորեական պատերազմը, որում ԱՄՆ-ն կռվել է ՄԱԿ-ի դրոշի ներքո, ավարտվել է զինադադարի համաձայնագրով, սակայն հաշտության պայմանագիր մինչ այժմ չկա:

https://www.tert.am/am/news/2019/06/30/trump-kim/3038195

Be the first to comment on "Ձեռքսեղմում երկու Կորեաների սահմանագծին. ավարտվել է Թրամփի ու Կին Չեն Ընի պատմական հանդիպումը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ