Երեք եղբայրները Մի թագավոր ուներ երեք որդի և մի թանկագին քար, որն իր արժողությամբ կազմում էր նրա ողջ թագավորության քառորդ մասը։ Չգիտեր որդիներից որին տար քարը, որ մյուսները չնեղանային։ Երբ թագավորը մահամերձ հիվանդացավ, կանչեց որդիներից մեկին, քարը տվեց նրան։ Սա թաքցրեց ու եղբայրներին բան չասաց: Թագավորի մահից հետո եղբայրների միջև կռիվ ընկավ….

 

Երեք եղբայրները

Մի թագավոր ուներ երեք որդի և մի թանկագին քար, որն իր արժողությամբ կազմում էր նրա ողջ թագավորության քառորդ մասը։ Չգիտեր որդիներից որին տար քարը, որ մյուսները չնեղանային։

Երբ թագավորը մահամերձ հիվանդացավ, կանչեց որդիներից մեկին, քարը տվեց նրան։ Սա թաքցրեց ու եղբայրներին բան չասաց:

Թագավորի մահից հետո եղբայրների միջև կռիվ ընկավ.
— Դու ես վերցրել քարը,— միմյանց հետ չէին հաշտվում նրանք։
Լսեցին, որ մի հեռու քաղաքում մի ճարտար ու իմաստուն դատավոր կա, և միայն նա կարող է լուծել իրենց վեճը։ Ելան միասին, գնացին դատավորի մոտ։ Ճանապարհին նրանց հանդիպեց այդ դատավորի ուղտապանը։

— Ի՞նչ մարդ ես և ո՞ւր ես գնում,— հարցնում են նրան։
— Ուղտապան եմ,— պատասխանում է նա,— ուղտ եմ կորցրել, փնտրում եմ։
— Քո ուղտը կա՞ղ է,— հարցնում է եղբայրներից մեկը:
— Այո։
— Գնա ճանապարհովդ ու կգտնես։
— Քո ուղտը միաչքանի՞ է,— հարցնում է երկրորդը։
— Այո՛:
— Գնա ճանապարհովդ ու կգտնես։
— Քո ուղտի մեկ ատամը կոտրվա՞ծ է,— հարցնում է երրորդ եղբայրը։
— Այո՛։
— Գնա ճանապարհովդ ու կգտնես։
— Ինչպե՞ս իմացաք իմ ուղտի թերությունները,— հարցրեց ուղտապանը։
Եղբայրներից առաջինը պատասխանեց:
— Նկատեցի, որ երեք ոտքերը ուժեղ էր դրել գետնին ու հետքը երևում էր։ Չորրորդ ոտքի հետքը չկար։ Դրանից իմացա, որ կաղ է։
— Տեսա,— պատասխանեց մյուսը,— որ նա արածել էր մի կողմի խոտը, իսկ մյուս կողմի խոտը տեղն էր մնացել։ Դրանից հասկացա, որ աչքի մեկը կույր է։
— Նկատեցի,— պատասխանեց երրորդը,— որ արածած տեղը մի ատամի չափ խոտ էր մնացել։ Դրանից իմացա, որ քո ուղտի ատամի մեկը չկա։

Զարմանալով այդ մարդկանց իմաստությունից, ուղտապանը գնաց նրանց ցույց տված ճանապարհով, գտավ ուղտը, վերադարձավ տուն ու դատավորին պատմեց.
— Երեք ճարտար տղամարդ են գալիս քեզ մոտ դատի։
Մեր ուղտը չտեսած՝ նրա նշաններն իմացան, պատրաստ եղիր, որ սխալ չդատես և ծաղրատեղի չդառնաս։
Լսեց այս ամենը դատավորը և, երբ եղբայրները եկան, նրանց ասաց.
— Այս գիշեր մնացեք իմ տանը, վաղը ձեր դատը կանեմ։

Ու սպասավորներին հրամայեց կերակրել նրանց շուկայի հացով, տալ խորոված ու գինի։
Տեսնելով ուտելիքը, եղբայրներից մեկն ասաց սպասավորին.
— Ձեր դատավորը հացագործի որդի է։
— Այս խորովածից,– ասաց մյուսը,— շան հոտ է գալիս։
— Այս գինին,– ասում է երրորդը,– արյունահամություն ունի։
Եվ հրաժարվեցին ուտել։

Սպասավորները եղբայրների ասածները հայտնեցին դատավորին։ Իսկ նա զայրանալով կանչեց մորը ու հարցրեց.
— Ես ո՞ւմ որդին եմ, ճիշտն ասա, թե չէ՝ կսպանեմ քեզ:
— Մի տարի,— պատմեց մայրը,— քո հայրը արշավանքի էր գնացել։ Մի հացագործ տղա միշտ գալիս, հաց էր բերում տուն։ Դու նրա որդին ես։

Մսավաճառն ասաց.
— Ուլի մայրը սատկեց։ Մի սև շուն կար, ուլը նրա կաթը ծծեց, կարծելով, թե իր մայրն է։
Գինեվաճառն ասաց.
— Գինին պատրաստելուց առաջ, խաղողի մեջ մի դանակ կորավ, ու մարդիկ չգտան։ Խաղողը ճզմելիս այն մտավ ճզմողի ոտքը, և շատ արյուն հոսեց, խառնվեց հյութին:
— Ինչի՞ց իմացար, որ դատավորը հացագործի որդի է,— հարցրին եղբայրներից առաջինին։
— Ամեն մեկիս մի հաց էր ուղարկել:
— Իսկ դու ի՞նչ իմացար, որ խորովածից շան հոտ է գալի:
— Եթե ուլը իր մոր կաթը կերած լիներ, միսը խորովելիս պիտի քրքրվեր է բայց քանի որ շան կաթ էր կերել, նրա միսը շան մսի նման կոշտացել ու պնդացել էր։
— Դու ինչպե՞ս իմացար, որ գինին արյունախառն է:
— Գինին ամանը լցնելիս, փրփուրը, որ երեսն է բռնում, ճերմակ է լինում, իսկ այս գինու փրփուրը կարմիր կտրեց։

Դատավորը գիշերը չքնեց ու մի սուտ պատմություն հորինեց: Հաջորդ օրն առավոտյան երեք եղբայրները հայտնեցին նրան իրենց գանգատը թանկարժեք քարի մասին։
— Քարի գործը հեշտ է,— ասում է դատավորը,— թողեք դա իր տեղը մնա։

Մեր քաղաքում մի դեպք է տեղի ունեցել, զրուցենք այդ մասին։ Մի աղջիկ կար, որին ծնողները խոստացել էին ամուսնացնել մի մարդու հետ, բայց հետո փոշմանելով` տվեցին մի ուրիշի։ Աղջիկը, գնալով ամուսնու տուն, պատմում է նրան, թե «Նախապես ինձ խոստացել էին տալ այսինչ մարդուն, բայց ծնողներս փոշմանեցին և տվեցին քեզ»։

Նորապսակ ամուսինը կնոջը արդուզարդով միջնորդների հետ ուղարկում է այդ մարդու տուն, լուր տալով. «Քանի որ նախապես քեզ էին խոստացել կնության տալ, կինը քոնն է, թող քեզ լինի»։ Իսկ սա, տեսնելով նորապսակի վեհանձնությունը, անմիջապես նվերներ տալով աղջկան, ասում է. «Քանի որ ամուսինդ այդպես արդարամիտ ու վեհանձն է, որ անտեսելով իր երջանկությունը, քեզ իմ տուն է ուղարկել, ուստի այսուհետև դու ինձ քույր եղիր, ես քեզ եղբայր։ Այն սերը, որ ամուսնական սեր պիտի լիներ մեր մեջ, թող քույր ու եղբոր սեր դառնա»:

Եվ նա նորահարսին ետ է դարձնում ամուսնու մոտ։
Այժմ երեք եղբայրներիդ հարց եմ տալիս, յուրաքանչյուրդ առանձին–առանձին ասացեք, թե այս երկու մարդկանցից ո՞րն է ավելի արդար վարվել։

— Այն մարդը, որ մի խոսքի համար կնոջը ուղարկել է մյուսի տուն,— պատասխանում է եղբայրներից մեկը։
— Այն մյուսը,— պատասխանում է երկրորդը,— որ մեծահոգություն է ցուցաբերել, նվերներ տվել աղջկան ու, իրեն քույր դարձնելով, ետ է ուղարկել ամուսնու տուն։
— Մեծ հաջողություն է,— ասում է երրորդ եղբայրը,—որ այդպես շքեղ զարդարված նորահարսը կեսգիշերով թաղից թաղ է գնացել ու ետ եկել, բայց գիշերապահ կամ գող չի ելել դեմը։ Ըստ երևույթին, քաղաքում գիշերապահ կամ գող չկա։

— Քարը դու ես վերցրել,— ասաց դատավորը վերջինիս,— տո՛ւր եղբայրներիդ և գնացեք խաղաղությամբ։
Առակս ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ դատողություն է անում ըստ իր բնավորության։

 

Վարդան Այգեկցի

 

Be the first to comment on "Երեք եղբայրները Մի թագավոր ուներ երեք որդի և մի թանկագին քար, որն իր արժողությամբ կազմում էր նրա ողջ թագավորության քառորդ մասը։ Չգիտեր որդիներից որին տար քարը, որ մյուսները չնեղանային։ Երբ թագավորը մահամերձ հիվանդացավ, կանչեց որդիներից մեկին, քարը տվեց նրան։ Սա թաքցրեց ու եղբայրներին բան չասաց: Թագավորի մահից հետո եղբայրների միջև կռիվ ընկավ…."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ