Ինչու՞ է Սևանա լիճը դարձյալ ծաղկել. ջրաբանի պարզաբանումները

 

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը խոսել է այն մասին, թե ինչն է պատճառ հանդիսանում, որպեսզի կապուտաչյա Սևանա լիճը կանաչ երանգներ ստանա:

 

Հայտնի է, որ արդեն մի քանի տարի է, ինչ լիճը տարվա այս եղանակին կապտականաչ ջրիմուռներով է լցվում: Առաջին անգամ «ծաղկում» կոչվող այս երևույթը, մեծ մասշտաբով, նկատվել է 2006 թվականին:

 

«Պատճառները բազմաթիվ են: Առաջինն այն է, որ Սևան լցվող 28 գետերը, որոնք ջուր են բերում լիճ, դրանց գումարային հոսքը կազմում է 170 մլն խմ ջուր՝ տարեկան: Այդ պատճառով Սևանի օրենքում ընդունված է, որ բացթողումները կարող են լինել հենց էդ չափով: Սակայն ամեն անգամ կառավարությունը դիմում է ԱԺ խնդրում է ավելացնել, մի երկու, երեք տարի առաջ երկու անգամ ավել տարան՝ 340 մլն», – ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Սևանա լիճը շնչող էկոհամակարգ է, որը չի կարող անընդհատ փորձությունների ենթարկվել ու չտուժել:

 

Ջրաբանը հիշեցրել է, որ հանքարդյունաբերությունը գետերի ջրային պաշարների նվազման պատճառ է դարձել: Բանն այն է, որ հանքարդյունաբերությունը զարգանում է ջրագոյացման գոտիների հաշվին: Հանքերը փորվում են՝ քանդելով նաև այդ համակարգերը:

«Այն հոսքը, որը գոյանում էր ավազանի տարածքում, դա հիմա չի գոյանում: Ես միշտ ասում եմ, որ հարկավոր է օրենքով վերանայել այդ 170 մլն-ը: Հիմա ոչ ոք հաշվարկ չի անում՝ էսքան ջուր եկա՞վ», – հավելում է ջրաբանը ու նաև նշում, որ իր կարծիքով՝ Սևան թափվող ջրի պաշարը 100 մլն խմ չի անցնում:

«Ծաղկման» որպես երկրորդ պատճառ Քնարիկ Հովհաննիսյանը նշել է հարակից համայնքների ու օբյեկտների կոյուղաջերի՝ Սևանա լիճ լցվելը:

 

«Մարդիկ շատ անգամ զլանում են, աղբը, լվացքաջուրը լցնում են գետի մեջ: «Ջուրը կտանի». այ էս արտահայտությունը հնուց գալիս է, իսկ ջուրը ո՞ւր է տանում, տանում է ուղիղ Սևան», – ասել է Քնարիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Սևանա լճի հարակից երեք քաղաքներում կա մաքրման երեք կայան, բայց դրանք միայն մեխանիկական մաքրում են անում, այսինքն՝ միայն կոշտ աղբն են հեռացնում, բայց Սևանին վնասողը նաև այն կենսաբանական աղբն է, որ տարբեր աղտոտիչ նյութերով, կոյուղաջրերով գալիս-լցվում է Սևան:

Որպես երրորդ՝ «ծաղկմանը» նպաստող հանգամանք,  ջերաբանը նշել է ջերմաստիճանի բարձրացումը, այդ թվում՝ գետերի ջերմաստիճանի.

«Եկող ջրերն էլ այդքան սառը չեն, ոնց որ առաջ էր: Քիչ են, արագ են տաքանում, խորությունները փոքր են, արևը տաքացնում է: Սևանի ջրի ջերմաստիճանը բարձրանում է, սկսվում է ծաղկման պրոցեսը»,-հավելել է Հովհաննիսյանը:

Քնարիկ Հովհաննիսյանը նաև 4-րդ պատճառ է նշել:

«Ձկնաբուծությունը մեզ խեղդեց, ամեն տեղ ձուկ ենք աճեցնում՝ ծով չունենալով հանդերձ: Սևանում ցանցավանդակների մեջ ձուկ են աճեցնում և լցնում ինչ ասես: Ե՛վ ներկեր են, աղտազերծող նյութեր են, ինչ-որ դեղորայք, որոնք ջրի մեջ տարածվում են, կերը, որը լցնում են, ձկները չեն հասցնում մինչև վերջ ուտել, իջնում է հատակ՝ առաջացնելով երկրորդական աղտոտում», – ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Սևանա լճում խախտվել է նաև ֆոսֆորի և ազոտի հարաբերակցությունը:

Ինչու՞ է Սևանա լիճը դարձյալ ծաղկել. ջրաբանի պարզաբանումները

Be the first to comment on "Ինչու՞ է Սևանա լիճը դարձյալ ծաղկել. ջրաբանի պարզաբանումները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ