«Պատմության մեջ ամենաշրջադարձային ծննդյան շնորհավորանքը». Daily Mail-ը պատմել է՝ ինչպես է Ստալինը շնորհավորական հեռագրի միջոցով շահել Չերչիլի սիրտը

 

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հարաբերություններից մի դրվագի, համաձայն որի՝ Ստալինը խիստ քննադատել է բրիտանական զենքերի և ռազմական տեխնիկայի որակը, իսկ հետո դիվանագիտական խելացի քայլով շտկել թույլ տված սխալը՝ կարողանալով բրիտանացի դաշնակցի հետ չփչացնել հարաբերությունները:

1941թ. նոյեմբերին Ստալինը խիստ քննադատել է ռուսական ուժերին որպես օգնություն Մեծ Բրիտանիայից ուղարկված տանկերի և հրացանների որակը, ինչն ընդհանրապես դուր չի եկել Չերչիլին:

Հասկանալով, որ ինքը չափազանց հեռուն է գնացել՝ ԽՍՀՄ առաջնորդը, օգտագործելով Մեծ Բրիտանիայի վարչապետի ծննդյան 67-ամյակի պատրվակը, նրան շնորհավորական հեռագիր է հղել, որով, կարելի է ասել, «ներողություն է խնդրել»:

Կոդավորված հեռագրում մասնավորապես նշված է եղել. «Վարչապետ Ուինսթոն Չերչիլին, ջերմորեն  շնորհավորում եմ ծննդյան տոնի կապակցությամբ: Ի սրտե ցանկանում եմ ուժ և առողջություն, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկության թշնամուն՝ հիտլերիզմին հաղթելու համար: Ընդունիր լավագույն բարեմաղթանքներս, Ստալին»:

Պատմաբան Դևիդ Ռեյնոլդսը նկատել է, որ «սա, հավանաբար, պատմության մեջ ամենաշրջադարձային ծննդյան շնորհավորանքն է»:

«Ստալինը ծննդյան շնորհավորանքներ չէր ուղարկում՝ այն էլ մի կապիտալիստ կայսերապաշտի, որը հայտնի էր բոլշևիզմն իր օրորոցում խեղդելու վերաբերյալ սպառնալիքներով»,-ասել է պատմաբանը:

Նրա կարծիքով՝ Ստալինը, բնակաբանար, չէր ընդունի, որ չափն անցել էր, սակայն նման ջերմ շնորհավորանքի միջոցով կարողացավ շտկել իրավիճակը:

Հայտնի է, որ Չերչիլը շնորհակալություն է հայտնել հեռագրի համար՝ ընդգծելով, որ դա իր համար շատ հաճելի էր:

Դրանից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը հաջորդ ամիս նմանատիպ հեռագիր է հղել Ստալինի ծննդյան կապակցությամբ, ինչի արդյունքում շնորհավորական հեռագրերով փոխանակման ավանդույթ է ձևավորվել՝ շարունակվելով անգամ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:

Պատմաբանն այժմյան աշխարհի քաղաքական գործիչներին և առաջնորդներին խորհուրդ է տվել դասեր քաղել Ստալինի և Չերչիլի՝ պատերազմական լարված ժամանակահատվածում վարած խելացի դիվանագիտությունից:

 

https://www.tert.am/am/news/2019/06/29/history/3037389

Be the first to comment on "«Պատմության մեջ ամենաշրջադարձային ծննդյան շնորհավորանքը». Daily Mail-ը պատմել է՝ ինչպես է Ստալինը շնորհավորական հեռագրի միջոցով շահել Չերչիլի սիրտը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ