Քիմիայի միասնական քննության թեստերը բողոքի պատճառ են դարձել. 20 միավոր ստացել է մեկ դիմորդ

 

Քիմիայի միասնական քննությունները որոշակի դժգոհություններ են առաջացրել դիմորդների, նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում: Խնդրահարույց է դարձել թեստային առաջադրանքներից համար 69-ը: Դրանում առաջարկվում է հաստատել կամ հերքել պնդումների ճշմարտացիությունն ալյումինի ու երկաթի հատկությունների վերաբերյալ եւ ներկայացվում է 6 պնդում:

Բայց դրանց մի մասի վերաբերյալ, ըստ բողոքողների, հակասական տեղեկատվություն կա քիմիայի եւ կենսաբանության դասագրքերում, հետեւաբար այդպիսի վիճելի հարցերը թեստերում ընդգրկելը ծուղակ է երեխաների համար: Գնահատման եւ թեստավորման կենտրոնն իր հերթին պնդում է, որ նշված առաջադրանքում սխալ չկա, որ հարցաշարը կազմող մասնագետներն առաջնորդվել են քիմիայի դպրոցական ծրագրերով, չափորոշիչներով ու  դասագրքերով, իսկ թե կենսաբանության դասագրքում ինչ է գրված կամ թե միջառարկայական կապն ինչպիսին է, դրա պատասխանատուն ԳԹԿ-ն չէ:

 

«Տեղեկացնում ենք բոլորին՝ դիմորդներին, նրանց ծնողներին եւ քիմիայի ուսուցիչ-կրկնուսույցներին, որ բարձրացված հարցերը անհիմն են: Հրավիրում ենք ուսուցիչների ուշադրությունը.
1. Ալյումինը սենյակային ջերմաստիճանում հեշտությամբ փոխազդում է յոդի հետ ջրի մի քանի կաթիլի առկայությամբ: Տե՛ս Քիմիա, 9-րդ դասարան, 2015 թ., էջ 190:
2. Երկաթի հարուկի (Fe3O4) եւ ալյումինի փոշու փոխազդեցությունն ընթանում է մեծ քանակությամբ ջերմության անջատումով: Այդ ռեակցիան օգտագործում են պողպատե իրերը, մասնավորապես՝ գնացքի ռելսերը եռակցելու համար: Տե՛ս Քիմիա, 9-րդ դասարան, 2015 թ., էջեր 191, 195 և 198 խնդիր 4:
3. Երկաթը եւ ալյումինը կենդանի օրգանիզմի միկրոտարրեր են. դա ապացուցման կարիք չունի: Տե՛ս Քիմիա, 9-րդ դասարան, 2015 թ., էջ 194, Քիմիա, հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր, Երևան, 2009, էջ 43: Թեստը պարունակում է չափորոշչային երեք մակարդակներին համապատասխանող առաջադրանքներ, որոնցով ստուգվում են ե՛ւ գիտելիքները, ե՛ւ դրանց կիրառման ունակությունները, ե՛ւ, այո, կան նաեւ բարձր մակարդակը ստուգող խնդիրներ՝ լավը գերազանցից տարբերակելու համար»,- ասվում է գնահատման եւ թեստավորման կենտրոնի պարզաբանման մեջ:

ԳԹԿ-ն նաեւ դիմում է քննություն հանձնած դիմորդների ծնողներին. «Մոտ 500 հոգի կամ դիմորդների 55 %-ը նշված հարցերին ճիշտ է պատասխանել: Իսկ թե ինչու են ձեր երեխաները սխալ գրել, թող ձեզ պատասխանեն այդ երեխաների բողոքող ուսուցիչները»:

 

Վերջին քննությունների արդյունքները

Բողոքների տեղիք տված քիմիայի միասնական քննությունների արդյունքները եւս չեն շեղվում այս տարվա համար օրինաչափ դարձած պատկերից, երբ նախորդ տարվա համեմատությամբ փոքր է թե՛ անբավարար եւ թե՛ առավելագույն գնահատական ստացածների քանակը: Այս առարկայի քննությանը մասնակցել է 986 շրջանավարտ-դիմորդ: Միջին միավորը՝ 12.4 է: Դրական 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 179 հոգի կամ մասնակիցների 18.2%-ը: 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 182 է կամ էլ մասնակիցների 18.5%-ը: Ի դեպ, քիմիայից 20 միավոր է վաստակել միայն մեկ դիմորդ:

Նախորդ տարի նույնպես քիմիայի քննության միջին միավորը կազմել է 12.4, անբավարար է ստացել քննությանը մասնակցածների 23.6 տոկոսը, 12-20 միավոր ստացել են 25.1 տոկոսը:

 

Քիմիայի քննության օրը դիմորդների գիտելիքները ստուգվել են նաեւ հայոց պատմություն առարկայից: Այս դեպքում քննությանը մասնակցել է 1 362 դիմորդ: Միջին միավորը եղել է 11.7: Դրական գնահատական չի ստացել 291 հոգի կամ քննության մասնակիցների 21.4%-ը: 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 191 է (մասնակիցների 14%-ը):

2018 թվականին հայոց պատմություն առարկայի քննական միջին միավորը 12.3 էր: Անբավարար գնահատականներն, ի տարբերություն, այլ առարկաների, այդ տարի ավելի քիչ են եղել՝ կազմելով 18.3 տոկոս: 18-20 միավոր վստակել էր քննություն հանձնածների 17.5 տոկոսը:

Հայտնի են նաեւ ռուսաց լեզվի միասնական քննության արդյունքները: Այս առարկայի քննությունով հունիսի 25-ին եզարափակվել էր միասնական քննությունների հիմնական փուլը:

Ինչպես հայոց պատմության դեպքում, այս անգամ էլ արդյունքների որոշակի շեղում կա նախորդ տարվա արդյունքների համեմատությամբ: Տվյալ դեպքում, առավելագույն գնահատական ստացած դիմորդների քանակն է ավելի մեծ, քան եղել է 2018 թվականին:

 

Ռուսաց լեզվի քննությանը մասնակցել է 401 հոգի: Միջին միավորը եղել է 11.3: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 75 կամ մասնակիցների 18.7%-ը: Նախորդ տարի այն կազմել է 31.8 տոկոս: 18-20 միավոր հավաքել է քննության մասնակիցների 4.7 տոկոսը՝ նախորդ տարվա 2.7 տոկոսի փոխարեն: Ինչպես քիմիայից, այս դեպքում էլ 20 միավոր է ստացել միայն մեկ դիմորդ:

Միասնական քննությունների լրացուցիչ փուլը տեղի կունենա հուլիսի 1-8-ը:

https://armtimes.com/hy/article/165051

Be the first to comment on "Քիմիայի միասնական քննության թեստերը բողոքի պատճառ են դարձել. 20 միավոր ստացել է մեկ դիմորդ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ