Կոտայքի գյուղապետերից մեկը ՀՀ երրորդ խոշոր հողատերն է. մարզպետ

Կոտայքի մարզի համայնքներից մեկի ղեկավարը իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ խոշոր հողատերն է, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ անունն ավելի ուշ կհնչեցնի: Նա նշեց, որ նախկին 10-15 տարիների ընթացքում է գյուղապետը տիրացել այդ հողերին:

 

«Այս պահին քրգործ է հարուցված: 900 գյուղապետ ունենք Հայաստանում, մեկ գյուղի գյուղապետը երրորդ խոշոր հողատերն է ՀՀ մասշտաբով: Այս խնդիրները բոլոր մարզերում ունենք: Այո, հողային ֆոնդի հետ կապված շատ անմխիթար ու վատ ժառանգություն ենք ստացել»,- ասաց նա:

Նա նշեց, որ թղթերով ամեն ինչ կարգին էր, ինչպես ժամանակին ամենուրեք, բայց բարոյապես կարգին չէր:

 

«Որպես կանոն, ինչ են արել՝ կադաստրային արժեքների մինչև 50 տոկոս մեկնարկային գներ կարող են սահմանել Հողային օրենսգրքով, բարձր լեռնային համայնքներում՝ նույնիսկ մինչև 30 տոկոս: Իրենք պարզապես օգտվել այդ նորմից, կադաստրային արժեքի կես գնով, այն դեպքում, երբ շուկայական արժեքները տասնապատիկ թանկ են, և դրա ապացույցները ես ներկայացրել եմ, մարդիկ դասական աճուրդներ են հայտարարել: Հավուր պատշաճի իրազեկում չեն իրականացրել, և արդյունքում նեղ շրջանակներին է հասու դարձել այդ ինֆորմացիան, որ այս գնով մեկնարկային աճուրդներ կարող են լինել: Իրավական տեսակետից, ցավոք, անխոցելի, բայց բարոյական տեսակետից կիսաքողարկված ինչ-որ աճուրդներ են տեղի ունեցել»,- նշեց մարզպետը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նշված անձը ԲՀԿ-ի հետ կապ ունի՞:

«Կոտայքի մարզում որևէ համայնքի ղեկավար նախկինում չէր կարող ընտրվել ու վերընտրվել, եթե կապ չունենար ԲՀԿ-ի կամ համապատասխան ուժի կենտրոնի հետ»,- պատասխանեց նա:

Ռոմանոս Պետրոսյանը չբացառեց, որ նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը կարող է կապ ունենալ այդ դեպքի հետ:

«Կարապետ Գուլոյանը 8 տարի եղել է քաղաքապետ, ևս 3 տարի՝ մարզպետ, կարծում եմ, որ պետք է ունեցած լինի»,- նշեց նա:

Կոտայքի գյուղապետերից մեկը ՀՀ երրորդ խոշոր հողատերն է. մարզպետ

Be the first to comment on "Կոտայքի գյուղապետերից մեկը ՀՀ երրորդ խոշոր հողատերն է. մարզպետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ