Շիրակ գյուղը կարկտահարվել է, ոչնչացած է ցորենն էլ, գարին էլ

 

Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 14:10-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Շիրակ համայնքում: Մոտ 20 րոպե տեղացած սառցահատիկները հողին են հավասարեցրել գյուղացու ապրուստը: Դաշտերում կոտրված թափված է եւ ցորենը, եւ գարին: Վնասված են նաեւ բանջարաբոստանային կուլտուրաներն՝ առանց բացառությունների: Մինչ այս պահը գյուղում դեռ  20 սմ հաստությամբ կարկտի շերտ կա:

 

«Տռասի վրա ոնց որ սպիտակ ձյուն դրած լիներ, նույնիսկ ավտոներն էին ճամփից դուրս թռել»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Շիրակի համայնքապետ Համլետ Ասատրյանը: Նախնական տեղեկություններով Շիրակի ցանքատարածությունները վնասված են 80-ից 100 տոկոսով: «Գարին սաղ ջարդած, թափած է, ընդհանրապես որպես խոտ էլ չի քաղվի: Բայց լավ բերք էր եղել, չնայած տարին չորային էր, երաշտ էր, բայց շատ էինք ջրել: Էն էլ կարկուտն եկավ, տարավ: Սպիտակ կոմբայնները կարմիրներից շուտ եկան, էլի»,- հուսահատ կատակեց համայնքապետը:

Շիրակում 1000 հա հացահատիկային կուլտուրա էր մշակված, 200-ից 300 հա բանջարաբոստանային կուլտուրա ուներ Շիրակը: Գյուղը հակակարկտային կայանք չունի: Շիրակի վարչական ղեկավարն ասում է՝ այս տարի սուբվենցիոն ծրագրով ցանկացել են 5 հատ ձեռք բերել, տեղադրել, ԱԻՆ-ը, սակայն, դրական եզրակացություն չի տվել: Ասել են՝ հարեւան համայնքներում տեղադրված են, սակայն դրանց աշխատանքը ռացիոնալ չէ, օգուտ չի տալիս, այսինքն, իմաստ չունի նման կայանքներ տեղադրելը:

Շիրակի վարչական ղեկավարն ասաց՝ շուտով կարկուտի հետեւանքները կզգան բոլորը: Գյուղացին այս տարի հարկ ու տուրք չի կարողանա վճարել: Վաճառելու ոչինչ չունի, որ վճարելու հնարավորություն ունենա: «Չեն կարողանա հաստատ, որովհետեւ մեկն էլ ես, 15 հա ցորեն ունեի, հմի կարկուտը տարավ, հազիվ 20 տոկոսն է մնացել: Չնայած որ աշխատող եմ, բայց կհասկնամ, որ չեմ կարողանալու հարկ ու տուրք վճարել: Ծախսերի 20 տոկոսն էլ էդ չի փակե, որ հարկ ու տուրք տաս: Էս տարի երաշտ էր, սաղ ժողովուրդը ըդքան ջրի ծախս էր էրել, սովորականից շատ էլի»:Շիրակի վարչական ղեկավարը կարկուտի մասին արդեն զեկուցել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուին, ասել են՝ առավոտ կլինեն գյուղում, կուսումնասիրեն: Նման հանձնաժողով Շիրակը նախորդ տարի էլ է տեսել: 2018-ի կարկուտի ժամանակ վնասը գնահատվել է 60 տոկոս, սակայն փոխհատուցում չի եղել: Ճշտումներից հետո ասել են՝ ոչ թե 60, այլ վնասը 50 տոկոսից ցածր է եղել, դրա համար էլ պետության կողմից չի փոխհատուցվել: «Բայց դե վնասը 60 տոկոս էր, հենց 60 տոկոսով էլ կազմվել էր ակտը, տեսել էինք: Բայց անցած տարի քիչ էր մեր վնասը, գյուղի 10 տոկոսն էր վնասվել, էս տարի 100 տոկոսով է գյուղը վնասված, ամբողջ տարածքով է եկել կարկուտը էս տարի»:

https://armtimes.com/hy/article/164940

Be the first to comment on "Շիրակ գյուղը կարկտահարվել է, ոչնչացած է ցորենն էլ, գարին էլ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ