Ո՞վ է Հայաստանի ամենապահանջված տարեց դերասանուհին

 

Քիչ արտիստներ կան, որոնք տարեց հասակում շարունակում են պահանջված մնալ թե՛ որպես բեմի, թե՛ էկրանի մարդ: Դերասանուհի Անահիտ Ղուկասյանն այդ եզակիներից է:

Չնայած նա 70-ն անց է, միեւնույնն է, հայտնի պրոդյուսերների, ռեժիսորների կողմից ստանում է հետաքրքիր առաջարկներ: «Ես այնքան երջանիկ եմ, որ մինչ օրս էլ իմ հանդեպ հետաքրքրությունը չի մարում: Երբեք ինքս չեմ մոտենում որեւէ մեկին, դեր չեմ խնդրում: Միշտ դերերն իրենք իրենց են գալիս ինձ մոտ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տիկին Անահիտը:

Ի դեպ, նա հրաշալի լեզու է գտնում երիտասարդների հետ եւ համարում է, որ մեր նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում շատ տաղանդավոր դերասաններ կան.

«Հենց մեր` Պատանի հանդիսատեսի թատրոնում ես տեսնում եմ կարող ուժեր, շնորհքով արտիստներ: Հպարտ եմ, որ այդպիսի երիտասարդություն ունենք»,- շեշտեց մեր զրուցակիցը:

«Աշնան արեւ» ֆիլմում նկարահանվելուց շատ տարիներ են անցել, Տիկին Անահիտը կերտել է բազմաթիվ կերպարներ թե՛ գեղարվեստական ֆիլմերում, թե՛ սերիալներում եւ թատրոնում, բայց հեռուստադիտողը մինչ օրս նրան ասոցացնում է Աղունի հետ. «Յուրաքանչյուր դերասան ունենում է մի կերպար, որը նրա համար դառնում է այցեքարտային ողջ կյանքում: Աղունն էլ իմ այցեքարտն է»,- մեկնաբանեց տիկին Անահիտը:

Նա տեղեկացրեց, որ թատրոնի հանդիսատեսը թերեւս աշնանը կտեսնի իրեն նոր դերում: Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում առաջիկայում կհայտնվի մի ներկայացում` Նար-Դոսի պատմվածքների հիման վրա:

Տիկին Անահիտը եւս ընդգրկված կլինի: Ինչ վերաբերում է էկրանային կյանքին, Տիկին Անահիտը դեռ անցյալ տարի նկարահանվել է արտասահմանյան մի նախագծի շրջանակում` արտագաղթի, դրա հետեւանքով առաջ եկող կորուստների թեմայով:

Այդ մասին մանրամասներ նա դեռեւս չցանկացավ հայտնել:

Աննա Բաբաջանյան

https://armlur.am/909686/

Be the first to comment on "Ո՞վ է Հայաստանի ամենապահանջված տարեց դերասանուհին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ