«Հին օրերի երգը» ռեստորան` աշխատում են միայն թոշակառուները

 

Էջմիածնի «Մաչանենց տանը» հունիսի 18-ին բացվեց «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանը, որտեղ աշխատում են միայն 63 տարեկանից բարձր անձինք: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

 

«Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկության եւ Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի այս նախաձեռնությունը միտված է նպաստելու մեծահասակների սոցիալականացմանը՝ տալով նրանց աշխատելու հնարավորություն եւ բարելավելու սոցիալ-տնտեսական վիճակը: 

 

«18-25 տարեկան գեղեցկուհի աղջիկների, երիտասարդ տղաների են ընդունում աշխատանքի: 15 տարի աշխատանք եմ փնտրել. ասում էին՝ թոշակառու եք, Ձեզ չենք ընդունի»,- ասում է «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանի մատուցող Շուշանիկ Պետրոսյանը:

 

Շուշանիկ ՊետրոսյանըՇուշանիկ ՊետրոսյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

 

Տիկին Շուշանիկը 65 տարեկան է, այսօրվանից ռեստորանում սպասարկելու է հաճախորդներին: Զարմացած ու շատ երջանիկ է, որ իրեն աշխատանքի են ընդունել, ասում է՝ հիմա միայն երիտասարդ աղջիկների են որպես մատուցող ընդունում. մեծահասակներին հասնում է խոհարարի օգնականի կամ սպասք լվացողի գործը:

 

Նրա թոռնիկն է «Մաչանենց տան» նկարչության խմբակ հաճախել. 3-4 տարի տատիկը «գնացել-եկել» է, այստեղ հասցրել է ճանաչել բոլորին: Մի օր էլ հարցրել է տնօրենին՝ արդյո՞ք իր համար որեւէ օգնականի աշխատանք ունեն, ասել են՝ ինչու օգնականի, շուտով մատուցողի գործ կլինի:

 

«Դպրոցից հետո քույրական գործ եմ սովորել. 25 տարի աշխատել եմ «Էլեկտրոն» գործարանում՝ մինչեւ 1993 թվականը: Վերջին երկու տարին է, ինչ թոշակ եմ ստանում. 32 հազար դրամ: Թոշակառուն, որ թոշակ է ստանում, չի՞ կարող աշխատել. ես ունակ եմ աշխատելու, ինչո՞ւ նստեմ տանը»,- ասում է նա:

 

 

Տարեցների սոցիալականացման ծրագիր «Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկությունը դեռ 2010-ից էր սկսել. այսօր պարզապես ծրագրին պաշտոնական տեսք են տվել: Առաջինը գորգագործությունն էր՝ տատիկները երկար ժամանակ էկո գորգեր էին գործում: Ռեստորանի բացման օրն առաջին անգամ ցուցադրվեցին այդ գորգերը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

«Հին օրերի երգը» ռեստորանում ներկա պահին աշխատում են վեց հոգի, շուտով տասին էլ կընդունեն: Ձեռնարկության նախագահ Արփինե Մաչանենց Բաբախանյանն ասում է, որ ուզում են՝ իրենց օրինակը վարակիչ լինի մյուսների համար:

 

«Դիմողները շատ-շատ են: Մեկ շաբաթ առաջ մեր ֆեյսբուքյան էջում դրեցինք հայտարարությունը. ընդամենը մեկ ու կես օր թողեցինք. նման արձագանք չէինք սպասում, 400-ից ավելի մարդ էր կիսվել հայտարարությամբ, մոտ 200 հոգի զանգել է: Այնքան էին ուրախանում, չէին հավատում, որ հայտարարությունը ճիշտ է, որ պատրաստ ենք 63-ն անց մարդկանց ընդունել: Ասես, նոր կյանք էր տրվում այդ մարդկանց: Պատկերացրեք՝ Արցախից մի կին է զանգել, ասում է՝ եթե աշխատանք լինի, կտեղափոխվի Էջմիածին, որովհետեւ իր համար շատ դժվար է չաշխատելը:

 

Արփինե Մաչանենց ԲաբախանյանըԱրփինե Մաչանենց ԲաբախանյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

Մենք ուզում ենք այս նախաձեռնությամբ մյուս ռեստորաններին կոչ անել՝ թոշակառու անձանց ընդունել աշխատանքի: Հազարավոր ռեստորաններ կան, եթե յուրաքանչյուրը մեկ հոգու ընդունի, 1000 թոշակառուի հարց կլուծվի: Եթե մեզ մոտ ստացվում է մեկ ռեստորանում ընդունել այսքան մարդ, մյուսների մոտ հաստատ գոնե մեկը կստացվի»,- ասում է Արփինեն:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Միայն տատիկներ չեն դիմել, աշխատելու են նաեւ պապիկներ. բացի սպասարկումից մի քանիսը նաեւ երգելու, նվագելու են: Ռեստորանը սկզբնական փուլում են բացում, որպեսզի հասկանան մյուսների հետաքրքրվածությունը, գուցե մի ռեստորանի հետաքրքրի ու ցանկանա Մաչանենց հայտարարությանը դիմած անձանց որեւէ մեկին ընդունել: Պատրաստ են իրենց հավաքած ամբողջ ցանկը տրամադրել մյուսներին ու նորից հավաքագրում անել:

 

«Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանի կարմիր ժապավենը կտրեցին հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանը եւ 92-ամյա երգիծաբան Հրանտ Հորիզոնը:

Հրավիրված հյուրերի ցանկում գերակշռում էին մեծահասակները: Շատերն էին բարձրաձայնում իրենց շնորհակալական խոսքը՝ երջանիկ են, որ այստեղ թոշակառուներին չեն արհամարհում ու հաճախ անգամ ավելի ընդգծված են հարգում:

 

Սեդրակ Մամուլյանը եւ Հրանտ Հորիզոնը Սեդրակ Մամուլյանը եւ Հրանտ ՀորիզոնըԼուսանկարը` Մեդիամաքս

 

Այս ռեստորանում մատուցվելու են հին հայկական, գյուղական, ավանդական ուտեստներ, որ մարդիկ ուտեն ու իրենց մանկությունը հիշեն: Ռեստորան են տեղափոխել նաեւ «Սրտի ձայների» թանգարանը. այս պահոցում պահվում են մեծահասակների ձայնագրություններ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Թանգարանը» վաղուց են ստեղծել, բայց հիմա այն, ասես, ճիշտ տեղում է հայտնվել. դրա նպատակն է սերունդների միջեւ կապ ապահովելը: Եթե մարդ ուզում է՝ իր սրտի ձայնն իր թոռը կամ ծոռը լսի, ստորագրում է պայմանագիր, ձայնագրվում է խոսքը, ու Մաչանենց աշխատակիցները պարտավորվում են պահել ձայնագրությունը այնքան ժամանակ, ինչքան ցանկանում է անձը, հետո տալիս են ծոռներին լսելու: Երբ մոտենում ես պահոցին. ներսից սրտի ձայնն է կամաց հնչում:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ռեստորանի բացմանը ներկա էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ մշտապես պատրաստ է համագործակցելու եւ աջակցելու ձեռնարկությանը, նաեւ խնդրեց նախաձեռնության հեղինակներին՝ օգնելու տարածել այս օրինակը հանրապետությունում:

 

««Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկությունը գտել է լավագույն ձեւը ծնողների, տատիկ պապիկների գիտելիքը, փորձը, կուտակած արժեքները ներդնելու սոցիալական համերաշխության զարգացման գործում:

 

Կարեւորում եմ տարեցների ու մեծահասակների ոչ միայն խնամքը, նրանց հանդեպ հոգածությունը, այլեւ նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական, մշակութային կյանքում: Կարեւոր է, որ մենք որեւէ մեկին համայնքային, հասարակական ակտիվ կյանքից դուրս չթողնենք, չմեկուսացնենք»,- ասում է նախարարը:

 

Զարուհի ԲաթոյանըԶարուհի ԲաթոյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

«Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկությունն իր ուժերով է իրականացնում այս ծրագիրը, սակայն եթե լինի կողմնակի ֆինանսական աջակցություն, պատրաստ են ծրագիրն ընդլայնել ու նոր տարածք գտնել: Տարեցները «Մաչանենց տան» միայն մեկ սրահում են աշխատելու. բակի ռեստորանը շարունակելու են սպասարկել երիտասարդները:

 

Ռեստորանի ամբողջ եկամուտը ուղղվելու է տարեցների ժամանցն ապահովելուն. երեկոյան կհրավիրեն են ոչ միայն ռեստորանի աշխատակիցներին, այլեւ տարեց այլ անձանց ու կկազմակերպեն ֆիլմերի, ներկայացումների դիտում, կանցկացնեն զրույց-երեկոներ:

 

Գրիգոր Մաչանենց ԲաբախանյանըԳրիգոր Մաչանենց ԲաբախանյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

«Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը բացման խոսքում շեշտում է՝ ժամանակին իրեն շատ տպավորել է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը, այդ պատճառով էլ մշտապես փորձել է մեծահասակներին աշխատանքի հնարավորություն տալ:

 

«Պատվածքը կարդալուց հետո հասկացա, որ ամենավատ բանն է ավելորդության զգացումը: Իսկ դրա համար ճառեր պետք չեն, գործ է պետք անել»,- ասում է Գրիգորը:

 

Հավատարիմ աշխատակիցներից է 63-ամյա Սուսաննա Օհանջանյանը, 2015 թվականից է այստեղ աշխատում որպես խոհարարի օգնական: Այսօրվանից աշխատանքի բնույթը փոխվում է, դառնալու է «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանի մատուցող:

 

Սուսաննա ՕհանջանյանըՍուսաննա ՕհանջանյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

Երիտասարդ տարիներին երբեւէ չէր պատկերացնի, որ մատուցող կաշխատի, չնայած այս ոլորտը մշտապես սիրել է: Մայրը հրուշակեղեն արտադրող ընկերությունում էր աշխատել, հետեւել էր մոր աշխատանքին:

 

«Շատ դժվար է առանց աշխատանքի. ես իմ եռանդն ունեմ աշխատելու: 40 տարի Էջմիածնի սարքաշինական գործարանում եմ աշխատել որպես հաշվապահ-տնտեսագետ: 3 տարի եմ միայն անգործ եղել, որից հետո դիմել եմ «Մաչանենց տանն» աշխատելու: Ձմռանն այստեղ զբոսաշրջիկները քիչ են, 3-4 ամիս չենք աշխատում, որ մնում եմ տանը, 4 ամիսը, ասես, 4 տարի լինի ինձ համար:

 

Սուսաննա ՕհանջանյանըՍուսաննա ՕհանջանյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

18 տարեկանից աշխատել եմ ու երբեք չեմ հոգնել: Որ ասում եմ 60-ն անց եմ, ասում են՝ խաբում ես, հազիվ 50 տարեկան լինես: Աշխատանքն է երիտասարդ պահում, եթե չաշխատեմ, ես ինֆարկտ կստանամ»,- ծիծաղելով ասում է տիկին Սուսաննան:

 

Ամալի Խաչատրյան 

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

https://mediamax.am/am/news/special-report/33916/

Be the first to comment on "«Հին օրերի երգը» ռեստորան` աշխատում են միայն թոշակառուները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ