Հին Երևանի վերջին կիսաքանդ շենքերը (լուսանկարներ)

 

Այսօր հին Երևանից, ցավոք, շատ քիչ բաներ են մնացել, որոնք կամբողջացնեին երևանյան կոլորիտը: Անկախության տարիներից ի վեր մայրաքաղաքում սկսեցին մեծ թափով շինարարական աշխատանքներ իրականացնել. քանդվեցին բազում արժեքավոր շենքեր ու կառուցվեցին նորերը, որոնք այդպես էլ չարժևորվեցին՝ ո՛չ իրենց տեսքով, նշանակությամբ և ո՛չ էլ կարևորությամբ: Նորակառույց բարձրահարկ ապակեպատ շենքերը, չնայած այն հանգամանքին, որ տարիներ շարունակ վեր են խոյանում մայրաքաղաքում, այդպես էլ չեն դառնում նրա մի մասը:

 

Երևանի կենտրոնում թերևս ամենաշատը փոփոխությունների են ենթարկվել Բուզանդի ու Արամի փողոցները, այստեղ շատ քիչ կառույցներ են մնացել, որոնք երևանյան են ու քաղաքի պատմության մի մասն են կազմում: Այդ շենքերն այսօր շատ անմխիթար ու անտեսված վիճակում են, դրանք նույնիսկ վանդալիզմի են ենթարկվում՝ լցված են աղբակույտերով, իսկ պատերին էլ՝ տարատեսակ գրություններ ու պատկերներ են, չնայած, որ որոշ կառույցների պատերին փակցված է՝ «Տարածքը պահպանվում է պետության կողմից» գրությունը: Պետք է նշել, որ այս փողոցների տներից շատերը ոչ միայն արժեքավոր են իրենց ճարտարապետական լուծումներով, այլ նաև պատմությամբ՝ այստեղ ժամանակին մի շարք հայտնի քաղաքական, հասարակական ու արվեստի գործիչներ են ապրել:

 

Ժամանակի ընթացքում քանդվեցին ու անուշադրության մատնվեցին այս փողոցները, և ոչ միայն սրանք,. քաղաքում էլի շատ թաղամասեր կան, որոնք դեռ շարունակում են քանդվել ու վերածվել անհասկանալի բարձրահարկ շենքերով ավանների, որոնք գուցե ձեռնտու են բիզնեսի համար, հագեցած են ժամանակակից լուծումներով, բայց ոչ մի արժեք չեն ներկայացնում քաղաքի պատմության համար:

Եվ դժվար է ասել, թե այսօր ամեն մի «Ավելի բարեկարգ Երևան» պաստառի տակ ինչ է թաքնված: Սովորաբար երբ այդպիսի շատ պաստառներ հանվում են, փոխարենը մենք տեսնում ենք էլի Երևանի հետ ոչ մի աղերս չունեցող մի բիզնես կենտրոն կամ բնակելի շենք, որոնք երկար ժամանակ հնարավոր չի լինում բնակեցնել:

Հիշեցնենք, որ Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած հատվածներում այսօր էլ դեռ նոր կառույցների շինարարություն է տեղի ունենում: «Հին Երևան» ծրագիրն իրականացվում է հենց նշված հատվածում, և թեպետ անունը հուշում է, որ պետք է այդ տարածքում հին Երևանից մի հատված վերականգնվի, այնտեղ լինելու են ճարտարապետական նորաոճ լուծումներով կառույցներ, որոնց պարագայում ևս չենք խուսափելու ապակիներից:

Գոհար Մակարյան

Էմմա Հովսեփյան

 

Հին Երևան նախագծի շենքերից մեկը

https://haydzayn.am/am/page/arami-poxoc

Be the first to comment on "Հին Երևանի վերջին կիսաքանդ շենքերը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ