Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

 

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում  է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

 

Ըստ մամուլի տեղեկությունների, խոսքը Սյունիքի՝ 2004-2013 թթ., 2014-2016 թթ. մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է:

 

https://armtimes.com/hy/article/164161

Be the first to comment on "Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ