Մոնթե․ դու կաս՝ ու վերջ

1993 թվականի հունիսի 12-ի Մարտունու և Աղդամի սահմանում տեղակայված հակառակորդի հենակետերի վերացման ռազմագործողությունը Մոնթե Մելքոնյանի կյանքում դարձավ վերջինը։ Կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ դարձած զորավարը զոհվեց՝ մի ամբողջ սերնդի ու պատմության համար թողնելով կարևոր դաս՝ ինչպիսին պիտի լինի ՀԵՐՈՍԸ։

 

Մոնթեի մասին շատ է պատմվել, նրա բացառիկ ռազմական տաղանդի, մարդկային վեհ հատկանիշների, սիրո պատմության ու գաղափարի մարդ լինելու մասին շատ է խոսվել։ Եվ հումորի մասին, որը նրա մոտ նույնպես բացառիկ էր, էլի շատ անգամ է հիշվել։

Հայաստանի Հանրապետությաան Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը Peoplemedia.am-ը մեկտեղել է լեգենդար Ավոյի մասին նրա հետ երբևէ շփում ունեցած մարդկանց հուշերը․

 

* * *

Մի անգամ Մոնթեին է մոտենում մի զինվոր ու չափազանց հուզված, ոգևորված ասում է․ «Լավ լուր ունեմ, հրամանատար»։ Մոնթեն վեր է թռնում ու անհամբեր սպասում շարունակությանը, զինվորը շարունակում է․«Սեդան է եկել, արդեն Մարտունիում է»։ Մոնթեն հիասթափված հետ է նստում  ու սաստում զինվորին․«Լավ լո՜ւր․․․․ ես էլ գիտեմ, տանկ եք խփել․․․»։

Մոնթեն ու Սեդան՝ Մարտունիում

* * *

 

Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ «Էլի խմո՞ւմ եք», – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ «Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ խմել են»։

«Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Էս անգամ պետք է խմենք վերջում՝ ազգովի, ես ալ ձեզ հետ միասին», – ասում է Ավոն:

Մոնթեն՝ զինակից ընկերների հետ

 

* * *

Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին՝ մի տարեց կին,  լսելով, որ Ավոն տեղում չէ, լամպը ձեռքին մոտենում է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.«Որդիս, լսել եմ Ավոն տեղ է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` տանեմ տան լամպը վառեմ, որդիս դիրքերից տուն է եկել, տունը խավար է»։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել կինը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
«Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին»։ Քիչ հետո լսվում է տարեց կնոջ ձայնը․ «Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես…»։

Մոնթեն զրուցում է զորքի հետ

* * *

Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում. «Քեֆներդ մարխո՞շ է, հա՞»,- ապա շրջվելով՝ կանչում է ուստա Սուրենին։ Ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում,-«Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե»։

Քիչ հետո սկսվում է հակառակորդի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.«Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց»։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ տուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է. «Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը»։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։

Մոնթեն ու իր alinco-ն

* * *

Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,– պատմում է ազատամարտիկ Թամարան,-բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում»։
* * *
Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությամբ գործող ջոկատում: «Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման,-պատմում էր Սմբատը,- Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներուն պիտի պատժենք»:

Մարտունու երեխաներն իրենց հերոսի՝ Ավոյի հետ

* * *
«Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք», -ասում է Մոնթեն իր զինվորներին: «Իսկ եթե իրենք կրակե՞ն»- հարցնում է մեկը․«Մարերը լացացրեք», – լինում է պատասխանը:
* * *
Մոնթեն զանգահարում է Սերժ Սարգսյանին ու գանգատվում զինվորներից. «Էս իշերուն կըսեմ գնացեք պոստեր, չեն էրթա»: Սերժ Սարգսյանը  զարմանում է. «Ինչպե՞ ս, պոստերը դատարկ են, և ազերիները չե՞ն հարձակվում»։ Միանգամից հետևում է Մոնթեի անսպասելի պատասխանը․ «Անոնք մեզմեն էշ են»։

Մոնթեն

* * *
Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, տեսնում է՝ տան հողամասում տարեց մի կին է աշխատում։ Մոնթեն ներս է մտնում ու հարցնում՝ ի՞նչ է մտածում, որ պատերազմական թեժ իրավիճակում իր հողն է մշակում։ Կինն ասում է, որ ոչ մի վախ չունի, քանի որ Ավոն է զբաղված Մարտունու պաշտպանությամբ, ուրեմն ոչ մի թշնամի չի հատի սահմանը։ Լսելով, թե ինչ ոգևորությամբ է տարեց կինը խոսում Ավոյի մասին, Ավոն հարցնում է կնոջը՝  ի՞նչ տեսակ մարդ է այդ Ավոն։ Կինը սկսում է նկարագրել Ավոյի քաջությունը, վեհությունը, հզորությունն ու ասպետական կերպարը։ Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում ու խոստովանում, որ Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեին ու ասում․ «Չէէ՜, տու կուճիր (փոքրամարմին) մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ ունի․․․»։
Առասպելական ու լեգենդար հերոս Ավոն տարեց կնոջ պատկերացումներում բոլորովին այլ տեսք ուներ։

00-ն կապի մեջ է․․․

Be the first to comment on "Մոնթե․ դու կաս՝ ու վերջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ