Իմ ամենասիրելի հայերեն բառը «հոգիս» է» ․Մայքլ Արամի բացառիկ հարցազրույցը

Աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը մոլորակի որ անկյունում էլ լինի, իր մասին իմաց է տալիս։ Հայազգի դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանը ծնվել է 1963 թ-ին, Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում, Հայոց Ցեղասպանությունը վերապրած հայկական ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Բեյթս քոլեջում և ստացել է արվեստի պատմության մասնագետի աստիճան։ Գեղարվեստական կրթություն ստացել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ ուսանելով միջազգային արվեստի կենտրոնում և Ֆլորենցիայի համալսարանում։ Մայքլ Արամն աշխատել է Մետրոպոլիտենի Արվեստի թանգար ան խմբագրական բաժնում՝ նախագծելով գրքեր ու պոստերներ։

Մայքլ Արամը մետաղյա իրերի իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1989- ին՝ Հնդկաստան կատարած այցից հետո։ Այստեղ նա աշխատել է ավանդական արհեստների տեխնիկայով։ Իր անունը կրող խանութ-սրահը արվեստագետը հիմնել է 2007-ին Մանհեթենում։ Սրահում ներկայացված են իրեր՝ ստեղծված արվեստի ու արհեստի միաձուլումից։ 2014 թ-ին թողարկել է իր ոսկյա իրերի առաջին հավաքածուն ։ 1989-ին Հնդկաստանում անցկացրած տարիներին Մայքլ Արամն ուսանել է մետաղյա իրերի ձեռագործ աշխատանք, սովորել է տիրապետել մետաղական տեխնիկային և աշխատել է տեղացի արհեստավորների հետ։

Մայքլ Արամի մետաղային-դեկորատիվ ստեղծագործությունները՝ սպասքից մինչև կահույք, ներկայացված են աշխարհի լավագույն ցուցասրահներում և վաճառվում են տարբեր երկրների շուրջ 600 մասնագիտացված խանութում։ Դիզայների բազմաթիվ աշխատանքներում ակնհայտ երևում է նրա ազգային պատկանելիությունը և ոգեշնչումը ազգային թեմաներից: 2014 թ-ին Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվել է մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդես։ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու բակում 2015-ի հոկտեմբերի 6-ին տեղադրվել է «Գաղթ» հուշարձան-քանդակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Մայքլ Արամը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսին նվիրել է«Նոյան Տապան» մանրակերտը։

Ստորև ներկայացնում ենք Ձեզ  Մայքլ Արամի բացառիկ հարցազրույցը․ 

Ինչպե՞ս է հայկական մշակույթն անդրադարձել Ձեր արվեստի վրա։ Ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդու ոգեշնչումները գալիս են հոգու խորքից։

Իմ հայկական արմատները մեծապես ազդել են իմ արվեստի վրա։ Մանուկ հասակում գորգերի վրա թավալվելով՝ ես սկսեցի հասկանալ ձեռագործ իրերի նկատմամբ սիրո հիմնական դրդապատճառը։ Արվեստի հետ միաձուլված հայկական կարպետները զարդարող կենաց ծառը, նուռը և ծաղկային ու երկրաչափական պատկերները կյանքի են կոչվել ջուլհակների մեծ սիրո և համբերատարության շնորհիվ։ Գորգերի ստեղծման համար օգտագործվել են բնական գունանյութեր։ Իմ ծնողները իրենց սերը հայկական մշակույթի նկատամբ արտահայտել են բազմազան ճաշատեսակներով լի սեղաններ գցելով հյուրերի համար։ Հայկական ոգու ջերմությունն ու առատությունը մեծապես ազդել է իմ ստեղծագործությունների վրա։ Ես ստեղծել եմ իրեր, որոնք կարելի է օգտագործել հատկապես ընտանեկան տոնակատարությունների ընթացքում։

Ո՞րն է Ձեր սիրելի հայերեն բառը։

Իմ ամենասիրելի հայերեն բառը «հոգիս» է. կարծում եմ, որևէ մեկին այդպես կոչելը շատ գեղեցիկ և խորիմաստ է։ Չկա ավելի լավ տարբերակ արտահայտել մեծ սերը սիրելիիդ կամ երեխայիդ հանդեպ։ Սա նրանց զգացմունքներն արտահայտելու լավագույն ձևն է։

Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստան կատարած վերջին այցից։ Եղե՞լ եք Արցախում։

Այնքան երախտապարտ եմ, որ կարողացել եմ Հայաստան այցելել մի քանի անգամ՝ 1981-ի իմ առաջին այցից հետո։ Այն ժամանակ ես ուսանող էի։ Անշուշտ երկիրը շատ է զարգացել և փոխվել դեպի լավը։ Երևանը դարձել է Եվրոպական ազատության ու առաջադիմության շնչով քաղաք, իսկ քաղաքից դուրս գտնվող վայրերը դարձել են տնտեսապես ավելի ուժեղ և անկախ։ Դեռևս բախտ չեմ ունեցել այցելել Արցախ։ 1989 թ-ին՝ Հնդկաստան կատարած այցից հետո, թողարկել եք Ձեր առաջին հավաքածուն։ Արդյո՞ք կարելի է համարել, որ Հնդկաստանը մեծ դերակատարում ունի Ձեր կյանքում և մինչև այժմ պահպանու՞մ եք կապը։ Հնդկաստանը մեծ դեր է ունեցել իմ կյանքում, քանի որ 1989-ին այդտեղ կատարած իմ այցի ժամանակ էլ ես ոգեշնչվել եմ տեղի արհեստավորների հմտություններից և բացահայտել նրանց ավանդական ձեռագործ իրերը ստեղծելու ձևը։ Նյու Յորք վերադառնալուց հետո նրանք միակ մարդիկ էին, որոնց հմտություններն ու խոնարհությունը ինձ գերեցին։ Ես որոշում կայացրի ստեղծել իրեր, որոնք կլինեն ինչպես կիրառական, այնպես էլ գեղարվեստական շնչով։

Հայաստանում մինչ այսօր չկա Մայքլ Արամ խանութ-սրահ:

Ամեն ինչ հնարավոր է: Մի օր դա էլ իրականություն կդառնա: Իսկ մինչ այդ հնարավո՞ր է ձեռք բերել Ձեր աշխատանքներից։ Իմ աշխատանքներից առանձնացրել ենք հավաքածու Հայաստանում վաճառքի համար՝ Gallerie Royal և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի խանութ-սրահներում։ Իսկ ամսագրի այս համարին անհամբերությամբ կսպասեմ և մինչ իմ Հայաստան հերթական այցը:


Be the first to comment on "Իմ ամենասիրելի հայերեն բառը «հոգիս» է» ․Մայքլ Արամի բացառիկ հարցազրույցը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ