Արդյոք պետք է ամեն անգամ ոստիկանապետին կամ ԱԱԾ տնօրենին ասել, թե ինչ անեն

 

Պարոն Սաքունց, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խիստ հանձնարարություն տվեց ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին սևազգեստ խմբերին տեղորոշել, ծաղկավոր բաբոչկաներ կապել և ճանապարհել օրինական կյանք։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

 

Ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք պետք է ամեն անգամ ոստիկանապետին կամ ԱԱԾ տնօրենին ասել, թե ինչ անեն, երբ օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքում ինչ գործառույթներ պետք է իրականացնել։ Դրա համար կարծում եմ, որ դեռևս չի հաղթահարված այն մտածելակերպը, որ պետք է հանձնարարական լինի, որ աշխատեն։ Այն դեպքում, երբ իրավապահ մարմինները պետք է աշխատեն օրենքի տրամաբանությունից ելնելով։

Այսինքն դուք համարում եք, որ սա վարչապետի կողմից հերթական զգուշացո՞ւմն էր ուժային կառույցների ղեկավարներին։

 

Ես ընդամենն ասում եմ, թե ինչու ուժային կառույցները չեն աշխատում օրենքի պահանջներին համապատասխան, և անհրաժեշտություն է զգացվում ինչ-որ պահի իրենց հիշեցնել, թե ինչ պետք է անեն։

Պարոն Սաքունց, ուժայիններն այս ամիսների ընթացքում թերացե՞լ են իրենց աշխատանքում, որ Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարականով է հանդես գալիս։

 

Գտնում եմ, որ հեղափոխությունից հետո ուժայինները դեռևս գտնվում են փնտրտուքի մեջ՝ ինչպես իրենց պահել, որովհետև, ըստ էության, բացի ղեկավարներից՝ համակարգը որևէ ինստիտուցիոնալ, բովանդակային փոփոխություն չի կրել։ Եվ նույն ոստիկանները, որոնք գործում էին նախորդ իշխանության օրոք, բռնության հրահանգների շրջանակում, հիմա դեռևս չեն կողմնորոշվում՝ ինչպես իրենց պահել։ Եվ հիմա գտնվում են չասեմ անգործության, բայց միայն զսպողի դերում, բայց իրավական համակարգը խաթարողներին պատասխանատվության ենթարկելու գործառույթները դեռևս թույլ են։ Եվ սա ցույց է տալիս, որ ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն բավական լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվեն, ինստիտուցիոնալ այնպիսի անկախություն լինի, որ քաղաքական իշխանությունից տարանջատ և անկախ լինեն, բայց միևնույն ժամանակ հաշվետու իրենց գործողություններով ԱԺ-ին և գործադիր իշխանությանը, հասարակական կարգի պահպանման, անվտանգության ապահովմանը, բայց օրենսդրության շրջանակներում: Իսկ օրենսդրությունը պետք նույնպես բավական հստակեցվի, համապատասխանեցվի ժողովրդավարական իրավական պետության պահանջներին, որ իրավապահ մարմինները գործեն այդ շրջանակներում։

Պարոն Սաքունց, Նիկոլ Փաշինյանը լուրջ վտանգնե՞ր է տեսնում, որ նման հրահանգներ է տալիս։ Վերջերս էլ դաշնակցականները բռնության կոչերով հանդես եկան։ Այս իրավիճակն ինչի՞ կհանգեցնի։

Ընդհանրապես, բռնության կոչերով հանդես եկող ցանկացած անձ պետք է ենթարկվի պատասխանատվության։ Բռնության, սպառնալիքի, ատելության, թշնամանքի արտահայտությունները, որոնք ուղղված են որևէ անձի դեմ՝ անկախ նրա գրաված դիրքից ու զբաղմունքից, պետք է դիտարկվի որպես անհամատեղելի ժողովրդավարական և իրավական պետության հետ։ Եվ նման բոլոր դեպքերում իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր գործողությունները։ Այստեղ ինքնին ցանկացած բռնության, ատելության, սպառնալիքի խոսք, անկախ նրանից, թե ում կողմից է ասվում, պետք է համարվի որպես վտանգ ժողովրդավարական հասարակության, պետական անվտանգության համար։ Այսինքն՝ վտանգի զգացումը պայմանավորված է ոչ թե վարչապետի կամ որևէ մեկի սուբյեկտիվ ընկալմամբ, այլ օրենսդրությամբ և սահմանադրությամբ ամրագրված է, որ այն բոլոր գործողությունները, խոսքերը, կոչերը, որոնք բռնություն և սպառնալիք են պարունակում, արդեն իսկ վտանգ են հանդիսանում։

 

Դաշնակցականների քայլն ինչպե՞ս եք գնահատում, երբ ակտիվիստին ծեծում են, հետո ներկայանում ոստիկանություն։ Տեսակետ կա, որ սա պատասխան է իշխանություններին, որ Հրանտ Մարգարյանի վրա հարձակում գործելուց հետո գնահատական չտվեցին։

Հատկապես քաղաքական ուժերին անթույլատրելի է ընտրողական մոտեցում ցուցաբերել բռնությունների նկատմամբ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, թե նախորդ ժամանակահատվածում ընտրությունների վերաբերյալ որ քաղաքական ուժը ինչ դիրքորոշում է արտահայտել, բայց մեկ բան հստակ կարող եմ ասել, որ բռնության դատապարտումը նույնպես չի կարող ընտրողաբար լինել, երկրորդ՝ բռնության գործողությունների կոչերը նույնպես անհամատեղելի են։

Արդյոք պետք է ամեն անգամ ոստիկանապետին կամ ԱԱԾ տնօրենին ասել, թե ինչ անեն

Be the first to comment on "Արդյոք պետք է ամեն անգամ ոստիկանապետին կամ ԱԱԾ տնօրենին ասել, թե ինչ անեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ