ՀՀ նախագահը վստահ է, որ ուժային եռամարտի աշխարհի պարալիմպիկ ձևի հաղթող Գևորգ Աֆրիկյանը նոր բարձունքներ է նվաճելու

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին:

 

Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գևորգ Աֆրիկյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ խոսքերի և այն աջակցության համար, առանց որի ինքը չէր կարող մասնակցել աշխարհի առաջնությանն ու հաջողության հասնել: Նա նաեւ ասել է, որ լի է նոր հաղթանակներ տոնելու վճռականությամբ և առաջիկայում պատրաստվում է մասնակցել Վրաստանում կայանալիք առաջնությանը:

 

Շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը հաղթել էր նաև անցյալ տարի նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որից հետո հյուրընկալվել էր Հայաստանի նախագահի նստավայրում:

 

Ի նշան երախտագիտության՝ այսօրվա հանդիպմանը Գևորգ Աֆրիկյանը, նրա մարզիչ Դավիթ Ասոյանը և ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալագիր և հուշանվեր են հանձնել նախագահ Սարգսյանին: «Սա ընդամենը սկիզբն է: Վստահ եմ, որ դու ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու և ոչ միայն սպորտում»,- ասել է Հանրապետության նախագահը:

 

Գևորգ Աֆրիկյանի համար ավելի հարմար տեղաշարժ ապահովելու նպատակով նախագահ Սարգսյանն իր աջակցության շրջանակում նրան է նվիրել կվադրոցիկլ տեսակի փոխադրամիջոց և մարզասարք, որի վրա կկարողանան իրենց ցուցանիշները բարելավել ոչ միայն Գևորգը, այլև նրա հետ մարզվող մյուս պատանի ու երիտասարդ մարզիկները:

 

Հանրապետության նախագահը խոստացել է նաև առաջիկայում այցելել մարզիկին և տեսնել, թե ինչպես ու ինչ պայմաններում է նա մարզվում:

http://armday.am/post/86524/hh-nakhagahy-vstah-e-or-o-zhajin-eramarti-ashkharhi-paralimpik-dz-i-haghtogh-g-org-afrikjany-nor-bardzo-nqner-e-nvachelo-

Be the first to comment on "ՀՀ նախագահը վստահ է, որ ուժային եռամարտի աշխարհի պարալիմպիկ ձևի հաղթող Գևորգ Աֆրիկյանը նոր բարձունքներ է նվաճելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ