Դարերի լռությունից հետո Սուրբ պատարագ հակառակորդի թիրախի ներքո․ Խորանաշատ վանքի վերածնունդը

 

2019 թվականի մայիսի 28-ը Տավուշի մարզում դեռ երկար կհիշեն ու կպատմեն սերունդներին։ Առաջին Հանրապետության օրը նշանավորվեց  պատմական իրադարձությամբ, որը երկար տարիների երազանք էր։ Դարերի լռությունից հետո, Տավուշի թեմի ջանքերի շնորհիվ  առաջին անգամ Սուրբ պատարագ մատուցվեց Տավուշի մարզի Չինարի գյուղում 13-րդ դարում կառուցված  Խորանաշատ վանքի գլխավոր եկեղեցում։

 

Վանական Վարդապետի կողմից և Վահրամյան իշխանների աջակցությամբ  կառուցված վանքը Խորանաշատ են կոչել տասը խորան ունենալու համար։ Միջնադարյան հզոր հոգևոր կենտրոնի մասին Չինարիում անցյալով չեն սիրում խոսել: Սրբավայրը հակառակորդի հենակետից ընդամենը 70 մ հեռավորության վրա է` զինված ադրբեջանցի դիպուկահարների անմիջական թիրախում: Բայց դա չի խանգարում գյուղի երիտասարդներին զինվորական հերթապահություն իրականացնող մեր զինվորների օգնությամբ, հակառակորդի համար փակ տեսադաշտով վանք այցելել, մաքրել ու խնամել տարածքը։ Եկեղեցին միշտ  եղել է հայ ժողովրդի միասնության շաղախը և յուրաքանչյուր հայ մարդ գիտի՝ հրաժարվել եկեղեցուց ու այն հակառակորդին թողնել, նշանակում է հոգեպես մերկանալ։

Խորանաշատում ուխտի պատարագը մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։ Պատմական հոգևոր իրադարձությանը ներկա էին  հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իրենց ընտանիքիներով, Չինարիի գյուղապետը և ուխտավորներ ամբողջ հանրապետությունից։ Իր մասշտաբներով միջոցառումն աննախադեպ էր և իրականացվեց ՀՀ ԶՈՒ հսկողության ներքո։

 

Peoplemedia.am-ը ներկա էր պատարագին։

xoranashat

Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանըներկաներին ուղղված իր խոսքում կիսվեց ուրախության ու անսահման հուզումի ապրումներով․

«Անսահման ուրախությամբ, փառաբանությամբ ու գոհությամբ եմ լցված, խոնարհումով մեր մեծ հայրերի հանդեպ, ովքեր իրենց ժառանգությամբ ու կտակով պարտադրել են մեզ ապրել այս կյանքը։ Հոգիս ճախրում է այս մեծ ուրախության մեջ, որ մայիսքսանության այս առավոտը, Հայաստանի Հանրապետության  ստեղծման  լուսավոր օրը մեր երկրի սահմանագծի այս բարձրունքին գտնվելով՝ հատուկ հսկողության ներքո պահպանվող չքնաղ վանքի մեջ, մենք մտքով սավառնում ենք այդ օրերը և փորձում  համադրել այսօրվա մեր իրականության հետ, և տեսնել ու վկայել մեր հաղթական ընթացքի մասին՝ ոչ միայն ներկայի, այլև գալիքի համար։ Եվ հենց այդ օրերին հռչակված պետականության ու հաղթանակի շնչով ենք մենք այսօր այստեղ՝ սահմանին անառիկ կանգնած մեր վանքում, մեր բերդում ու ամրոցում, մեր Սուրբ տիրոջ տանը, ու այս վայրը մեր հաղթանակի վկայությունն է։ Այս վայրը մեր հազարամյակների ինքնության կարևորագույն վկաներից մեկն է, պատմության մեջ մշտապես հոգևոր, սոցիալական, տնտեսական, քաղաքական  ու  ռազմական հաղթանակներ կերտած վայր։ Այստեղ են  ստեղծվել ու տարածվել մեր մշակութային ու հոգևոր արժեքները, երբ մենք պետականություն չենք ունեցել։ Այսօր մենք այստեղ ենք վկայելու մեր հավատարմությունը  մեր անցյալին ու մեր ժառանգությանը, և ավելի լավ վայր չկար նշելու ու ևս մեկ անգամ խոնարհվելու մեր պետականությունը կերտած ու հայրենիքի սահմանները պահող նվիրյալների առջև»։

bishop bagrat

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի համար մայիսի 28-ը մեր երեք հիմնական ճակատամարտերը հիշատակելու օր է՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը և  Ղարաքիլիսան։ Նա կարծում է, որ  1918 թվականը և հանրապետության հռչակման տոնը  շատ ավելի խորը իմաստ ունի։

 

«Այսօրվա մեր միջոցառումն ավելի շատ այդ իմաստն հասկանալուն էր ուղղված։ Խոսքը հայրենիքի, պետության և պետականության մասին է, իսկ հայրենիքը սկսվում է սահմանից։ Ամեն օր պետականության հզորացման և անկախության պահպանմամբ զբաղված է յուրաքանչյուր չինարեցի ու յուրաքանչյուր տավուշցի, ինչը նշանակում է, որ  անկախ հանրապետության ստեղծման օրն այստեղ էլ ավելի մեծ շուքով պետք է նշվի։ Այն արժեքները, որոնք կերտվել են Խորանաշատի նման հոգևոր ու մշակութային կենտրոնում, մեզ օգնեցին պետականություն կերտել և զարգացնել, դրանք պետք է կարևորվեն ամեն օր, անկախ տոնական օրերից։ Ինձ, և վստահ եմ՝ յուրաքանչյուր տավուշցու համար Խորանաշատը միայն եկեղեցի չէ, այն երկար տարիներ պետական ինստիտուտների  դեր կատարած համալիր է։ Միջոցառման ընթացքում առաջարկ եղավ մայիսի 28-ը Տավուշում նաև որպես Խորանաշատ ուխտագնացության օր նշել։ Համոզված եմ, որ մենք անպայման կունենանք նման օր, շուտով այս թեմայով քննարկումներ կանցկացնենք և կիմանանք՝ որ օրն է այն լինելու»։

hayk chobanyan

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընտանիքի հետ Խորանաշատում էր որպես ուխտավոր։

«Այսօր, գտնվելով սահմանագծին, որտեղից բառի բուն իմաստով սկսվում է իմ հայրենիքը, ես ևս մեկ անգամ կարևորում եմ պետականության նշանակությունը։ Ես ինքս ծնունդով Չինարիից եմ և Խորանաշատի բարձունքից է սկսվում իմ տունը։ Մանկության տարիներին ծնողներիս հետ  եմ այցելել այս վանք և այսօր՝ 30 տարի անց, այս խորհրդանշական օրը  կրկին առնչվում եմ իմ մանկությանը, ի կատար ածում այս տարիների ընթացքում սրտումս թաքուն պահած երազանքը՝ կրկին տեսնել Խորանաշատը, ինչի համար շնորհակալ եմ մեր փառապանծ բանակի զինվորներին»։

romanos petrosyan

Ուխտավորների շարքերում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն, ով  Խորանաշատում առաջին անգամ չէր․

«Մեկ ամիս առաջ՝ ապրիլի 24-ին ես կրկին գտնվում էի Խորանաշոտում, որտեղ ծանոթացա և իմացա, թե որքան ձեռքբերումներ մենք ունենք այդ վայրում։ Հենց այդ օրը որոշեցի անպայման ներկա գտնվել մայիսի 28-ի պատարագին։ Այստեղ գտնվելը չափազանց կարևոր էր, որպեսզի ևս մեկ անգամ փաստեմ, որ սահմանապահ բնակչությունը մեզ ուժ է տալիս, մենք իրենց կողքին ենք, մեր զինվորների ու հոգևոր դասի կողքին ենք։ Խորանաշատում պատարագ մատուցելը փոքրիկ, բայց նաև շատ մեծ հաղթանակ էր։Մենք կարողացանք այդքան մեծ թվով մարդկանցով այցելել վանք  միմիայն հրամանատարական կազմի և մեր զինվորների ծառայության շնորհիվ, ինչի համար խորին շնորհակալություն նրանց։ Մեզ հնարավորություն տրվեց գնահատելու պատմության մեջ կարևոր նշանակություն ունեցող մի վայրի գոյությունը և միևնույն ժամանակ կարևորել  ու ճանաչել մեր պատմամշակութային հուշարձանները, որոնք մենք պարտավոր ենք պահպանել։ Շատ ուրախ կլինեմ, որ այս հնարավորությունը շարունակական լինի։ Յուրաքանչյուր հայ պետք է գա սահման ու գիտակցի, որ հայրենիքը սկսվում է սահմանից»։

sofya hovsepyan

Պատարագի ու միջոցառման ողջ ընթացքում մասնակիցների անվտանգությունն ապահովեցին ու հսկեցին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մակարյանն ու Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասի հրամանատար, գնդապետ Թադևոսյանը։

banak

«Այս վայրում ցանկացած հայ միայն մեկ զգացողություն ունի՝ հպարտություն։ Սահմանի եզրին գտնվող եկեղեցում պատարագ մատուցելը խոսում է այն մասին, որ հայն ամուր  կանգնել է, կանգնած է ու միշտ պետք է կանգնի իր հողին, հավատարիմ լինի իր հավատին, ծագմանը և գոյատևման գաղափարներին։ Իսկ հայոց բանակը կանգուն է և իր տեղում»,- Peoplemedia.am-ի հետ զրույցում նշեց գեներալ-մայոր Մակարյանը։

xoranashat

 

Peoplemedia.am

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Be the first to comment on "Դարերի լռությունից հետո Սուրբ պատարագ հակառակորդի թիրախի ներքո․ Խորանաշատ վանքի վերածնունդը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ