Բակո Սահակյանը «հանձնեց» վերջին հենարանը

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից:

Իվան Ավանեսյանը Բակո Սահակյանի «պոլիտբյուրոյի» վերջին անդամն էր, ով մնացել էր պաշտոնին: Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախում սկսված բողոքի ալիքի արդյունքում Բակո Սահակյանը այս մեկ տարվա ընթացքում իրենց պաշտոններից հերթով հեռացրեց «պոլիտբյուրոյի» անդամներին, որը Բակո Սահակյանի հենարանն էր:

Բակո Սահակյանի հռչակած «ռեֆորմներն» այդքանով էլ ավարտվեցին: Ներկայում «պոլիտբյուրոյի» անդամների մի մասի անունները պարբերաբար հայտնվում են հայկական մամուլում, հիմնականում «ռեւանշիզմի» կտրվածքով, թեեւ դա իհարկե չափազանցված է: Գործ ունենք այլ իրավիճակի հետ, երբ նրանցից ոմանք պարզապես փորձում են կառչել ինչ որ հնարավորություններից, ինչ որ վախերից կամ մտահոգություններից դրդված:

Ինքը Բակո Սահակյանը վերջին մեկ տարում հայտնվեց բարդ ու անորոշ իրավիճակում, «կիսվելով» նորի ու հնի միջեւ: Հանուն արդարության պետք է ասել, որ նրան հաջողվեց որոշակի հավասարակշռություն ու կայունություն ապահովել, բնականաբար Հայաստանի նոր իշխանության աջակցության պայմաններում:

 

Այս մեկ տարվա մեջ թերեւս ամենաաղմկոտ դրվագը Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունն էր Երեւանի դատարանում, որ սակայն հետագայում կպարզվի, թե ինչ սխեմայով է իրականացվել:

Բակո Սահակյանն այս ընթացքում առնվազն մեկ անգամ մոտ էր հրաժարականին: Նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ մեկ տարի, որից հետո պետք է տեղի ունենան Արցախի նախագահի ընտրություններ: Բակո Սահակյանը խոստացել է, որ չի առաջադրվելու:

Արցախում նախկին իշխող համակարգի ապամոնտաժումը անխուսափելի է եւ տեղի է ունենում բավական սահուն, չհաշված մի քանի մանր սկանդալները: Ներկայում ծավալվում է շարժում, որն իր առջեւ խնդիր է դրել ապահովել ազատ ու արդար ընտրություններ Արցախում:

Բակո Սահակյանը, որքան էլ տարօրինակ հնչի, «հանձնելով պոլիտբյուրոյին», դարձավ նախագահ, եւ նրա միակ հենարանը դարձել են Արցախի Սահմանադրությունն ու օրենքներն են: Բակո Սահակյանը կարող է պատվով ավարտել իր նախագահությունը, դառնալով Սահմանադրության ու օրենքների երաշխավոր:

Բակո Սահակյանը «հանձնեց» վերջին հենարանը

Be the first to comment on "Բակո Սահակյանը «հանձնեց» վերջին հենարանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ