ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ…Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ընտանիքի և հայրենիքի հանդեպ ձեր սիրով հասակ առնեն մեր ժողովրդի զավակները

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, քեզ երանի են տալիս երկնային զորքերը և օրհնում ենք հողեղեններս, Աստծո և մարդկանց միջնորդ, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը՝ քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր՝ բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

Ինձ համար աղաչիր քո անդրանիկին, կանգնի՛ր նրա առջև՝ սուրբ ստինքներդ ցույց տալով, նրա առջև միջնորդ ու բարեխոս դարձրու իմ մանկությունը, կաթով սնվելը որպես մանուկ, ուսիդ առնելը, գրկով գգվելը, շրթներով համբուրելը, ողջագուրելն իբրև մանկան, քո գնալ-գալը նրա հետ Եգիպտոս և Նազարեթ և ամենուր, նրա համար տրտմությամբ տառապելը չարչարանքի ժամին, քեզ Հովհաննեսին հանձնարարելը, երբ խաչի վրա վշտով գամված էր, և քո դառն արտասուքը, որ վտակի պես հեղում էիր, երբ տեսար նրան խաչի վրա վտանգված: Քանի որ մատնվեց դատաստանի՝ տառապում էիր կսկիծով չարաչար տանջանքների համար, սաստիկ ծարավելուն, լեղի ու քացախ ճաշակելուն, քրքմնագույն արյան իջնելը տեսնելով, խաչից արնաներկ մարմինն իջեցնելիս, դիազարդած սուրբ գերեզմանը դնելիս:

 

Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք՝ /հիշեցնելով/ նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ներե բազմամեղիս, և ջնջե իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմե դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Հովհաննես ԳառնեցիԱղոթագիրքՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2008թ., էջ 52-55:

Be the first to comment on "ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ…Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ընտանիքի և հայրենիքի հանդեպ ձեր սիրով հասակ առնեն մեր ժողովրդի զավակները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ