Վերջին զանգը՝ սահմանապահ Մովսեսում

 

Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղի Արշալույս Փոլադյանի անվան մշակույթի տանը  ուրախ եռուզեռ է. գեղեցիկ, սպիտակ վերնաշապիկներով ու Վերջին զանգն ազդարարող ժապավեններով  աշակերտներ, հպարտ ծնողներ ու ուսուցիչներ, վերջին զանգն հնչեցնելու պատասխանատու քայլին սպասող առաջին դասարանի աշակերտներ, ծաղիկներ, գույներ, ժպիտներ:

Սահմանապահ Մովսես գյուղի Պապիկ Ավալյանի անվան դպրոցն այս տարի ունի 11 շրջանավարտ: Ավարտական գեղեցիկ միջոցառմանը ներկա է եղել նաև Peoplemedia.am-ը։

 

Մի քիչ հուզված, շփոթված, բայց նաև հպարտությամբ աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախին՝ խոստանալով միշտ բարձր պահել հարազատ դարձած դպրոցի պատիվը: Շրջանավարտներն ուսուցիչներին իրենց երախտագիտությունը հայտնեցին բանաստեղծություններով, շնորհակալական խոսքերով, երաժշտական, պարային կատարումներով և վստահեցրին, որ դպրոցից իրենց կյանքի նոր փուլ են տանում լավ, ջերմ հիշողություններ։ Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանին էր փոխանցվել աշակերտների հուզմունքը, ով մեզ հետ զրույցում կիսվեց իր էմոցիաներով.

«Օրվա խորհուրդը հանդիսացող վերջին զանգը շրջում է շրջանավարտ երեխաների մանկության էջը՝ նոր, մաքուր էջ բացելով, որտեղ յուրաքանչյուրն ազատ է գրել ինչ կցանկանա: Նրանք մտնում են նոր կյանք ու այդ կյանք մտնում են մեծ հույսերով ու ակնկալիքներով: Իմ միակ ցանկությունն այն է, որ այդ հույսերը որքան հնարավոր է արդարանան: Ես միշտ իմ աշակերտներին ասել եմ, որ գնահատականը և ավարտական վկայականը կյանքում կայանալու գլխավոր չափանիշը չեն: Ինչ մասնագիտություն էլ որ նրանք իրենց համար ընտրեն, պետք ձգտեն ոչ թե գնահատականի, այլ անեն այնպիսի աշխատանք, որն ինքնըստինքյան կարժանանա այդ գնահատականին:

Թող մեր դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ զգա ուսանող լինելու հաճույքը, տղաները զգան զինվորական շինելի նեղությունն, իսկ աղջիկները՝ ճերմակ հարսնաքողի ծանրությունը: Թող որ նրանց կյանքի բոլոր փուլերն իրար հաջորդեն բնական կերպով և նրանց միայն երջանկություն բերեն»։

       

 

 

Դեպի մեծ կյանք ազադարարող զանգի ղողանջների ներքո դպրոցի հարկի տակ վերջին անգամ են այս պատանիներն ու աղջիկները մեկտեղվել՝ որպես աշակերտ։ Դեռ ժամանակ է պետք՝ լիարժեք ու ամբողջական գիտակցելու համար՝ որքան կարևոր, լուսավոր ու երջանիկ փուլ էր նրանց կյանքում դպրոցական շրջանը։ Իսկ առջևում նրանց սպասվում է ավարտական քննաշրջանը, որը բարեհաջող հանձնելուց հետո արդեն փորձելու են ԲՈՒՀ-եր ընդունվել։ Այնպես որ՝ բարի երթ ու ամենակարևորը՝ համարձակ դեպի մեծ կյանք, դեպի նոր նվաճումներ։

© Peoplemedia.am

Ֆոտոռեպորտաժը՝  Անի Հակոբյանի

Be the first to comment on "Վերջին զանգը՝ սահմանապահ Մովսեսում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ