Դանիել Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյանը՝ իր և քրեական հեղինակությունների կապի մասին. (տեսանյութ)

 

Պարոն Իոաննիսյանի հայտարարությունը պարզապես ծիծաղ է առաջացնում: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, որ Արթուր Վանեցյանն անմիջական կապեր ունի քրեական հեղինակությունների հետ: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանն ասել էր. «Վստրեչի Ապեր, Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո. այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում։

Այդ մարդիկ Երևանի Էրեբունի վարչական շրջանից են: Ուզում եմ հիշեցնել, որ Արթուր Վանեցյանն էլ նախկինում ԱԱԾ Էրեբունու բաժնում է աշխատել և դեռ այն ժամանակներից, ըստ շրջանառվող լուրերի, բավականին մտերիմ հարաբերություններ ունի նրանց հետ։ Կրկնում եմ՝ երբեք ինձ մոտ չի եղել այնպիսի տպավորություն, որ ԱԱԾ տնօրենը համագործակցի քրեական հեղինակությունների հետ»: «Ես աշխատել եմ ոչ միայն Էրեբունիում, այլև Արարատի մարզում: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ամբողջ երկրում եղել են, կան հանցավոր հեղինակություններ, մարդիկ, տարբեր մականունավորներ: Եթե շարժվենք նրա տրամաբանությամբ, ապա որտեղ աշխատել եմ, ուրեմն բոլորի հետ շփվել եմ: Ես չեմ ուզում գնահատական տալ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, կասեմ՝ ամոթ է: Ամոթ է, որ փորձ է արվում խարխլել ԱԱԾ տնօրենի այն հեղինակությունը, որը ձևավորվել է այս մեկ տարվա ընթացքում:

Դանիել Իոաննիսյանը և քաղհասարակության ներկայացուցիչները, երբ նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, ինձ հետ ակտիվ շփվում էին, զանգահարում էին: Ասում էին, որ վերջապես փոխվեց ԱԱԾ-ն: Այնուհետ, ինչ-ինչ պատճառներով, պարոն Իոաննիսյանն ինչ-որ տեղից պատվեր ստանալուց հետո սկսեց սուտ լուրեր տարածել, որի տակ հիմքեր չկան»,- նշեց նա: Իոաննիսյանի նշած անուններին էլ անդրադառնալով՝ Վանեցյանը մանրամասնեց. «Հանկարծ մեկը չմտածի, որ ես ճանաչում եմ այն անձանց, ում անունը տվել է պարոն Իոաննիսյանը: Այդ անձանցից ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին, որին նա անվանել է Թոխմախի Բաբո: Բաբկեն Ղազարյանը գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ և ի պաշտոնե ես շփվել եմ: Ինչ վերաբերվում է Արշակ Հակոբյանին, որը եղել է նախկին ոստիկանապետի թիկնազորի ղեկավարը, մենք աշխատել ենք ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, որովհետև ինքը եղել է սպա, ես՝ զինվոր:

Երրորդ անձը Վստրեչի Ապերն է՝ Արամ Վարդանյանը: Ես իր հետ շփվել եմ գործնական, նա կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել: Այլ շփումներ չունեմ: Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը»:

 

https://operativ.am/?p=322652&l=am

Be the first to comment on "Դանիել Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյանը՝ իր և քրեական հեղինակությունների կապի մասին. (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ