Ինչ է խոսել Արամ Առաջինը. Վարչապետի չտեսնված գրառումը

 

Մայիսի 20-ի իրադարձային բուռն օրվա ընթացքում, երբ հանրության մի մասը առավոտյան ձեռնամուխ էր եղել դատարանների դռներն արգելափակելու վարչապետի նախօրեին հնչած կոչի իրականացմանը, իսկ բոլորը սպասում էին կեսօրին հնչելիք նրա ելույթին, ուշադրությունից դուրս մնաց վարչապետի ֆեյսբուքյան մի գրառում:

Այդ գրառումը մնաց անտեսված, չնկատվեց, չտեսնվեց, այսպես ասած չտեսնված ստացվեց: Խոսքն այն մասին է, որ կեսօրի ելույթից մոտ 40 րոպե առաջ վարչապետ Փաշինյանը գրառում էր արել այն մասին, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում», մայիսի 20-ին, ժամը 11.19-ին ֆեյսբուքյան գրառում էր արել վարչապետ Փաշինյանը:

Մեծ հավանականությամբ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արամ Առաջինի նախաձեռնությամբ, որը նախօրեին ուշ գիշերին Նիկոլ Փաշինյանի կոչին եւ ելույթի ազդին ծանոթանալով, առավոտյան կապվել է հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում Հայաստանում: Բանն այն է, որ մայիսի 19-ի ուշ երեկոյան գրառումով Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր հեղափոխության երկրորդ՝ կարեւոր փուլի մեկնարկի մասին, կոչ անելով առավոտից շրջափակել դատարանները:

Հետաքրքիր է այն, որ Նիկոլ Փաշինյանի կոչի եւ դրա համատեքստում առկա իրավիճակի կապակցությամբ մայիսի 20-ի առավոտյան հայտարարություն էր տարածվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից: Այդ հայտարարությունը տարածվել էր մինչեւ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու մինչեւ Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցի մասին նրա ֆեյսբուքյան գրառումը:

Գարեգին Երկրորդի հետ որեւէ զրույցի մասին տեղեկություն չի եղել: Փորձե՞լ է Գարեգին Երկրորդը կապվել Փաշինյանի հետ, մինչեւ իր հայտարարությունը տարածելը: Հայտարարության մեջ նա կոչ էր արել ցուցաբերել միասնություն, հանդուրժողություն, ողջախոհություն, զերծ մնալ որեւէ բռնությունից:

 

Արամ Առաջինը Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ չի տարածել որեւէ կոչ, չի արել որեւէ հայտարարություն, անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո: Նա մտածու՞մ է, թե՞ Փաշինյանը տվել է սպառիչ տեղեկատվություն, եւ զրույցի արդյունքում Արամ Առաջինը չի տեսել որեւէ առանձին հայտարարության անհրաժեշտություն:

Բայց Կիլիկիո Կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի հանգամանքն ունի անշուշտ այլ հետաքրքիր կողմ՝ Դաշնակցությունը: Անկասկած հանրահայտ է Դաշնակցության եւ Անթիլիասի կապը, ըստ այդմ աներկբա է Արամ Առաջինի առանձնահատուկ դերակատարումը Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի մասշտաբով: Իսկ այդ հանգամանքը հետաքրքիր է Հայաստանի ներքաղաքական կյանքում ՀՅԴ դիրքավորման նոր ելեւէջների համատեքստում: Բանն այն է, որ Հայաստանում դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող զարգացումները իրենց քաղաքական համատեքստում փաստացի սկսեցին Հաղթանակի օրվան ընդառաջ քաղաքական իրողություններով, մասնավորապես մայիսի 7-ին տարածվեց Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հայտնի երաշխավորագիրը: Իսկ զուգահեռ, ՀՅԴ-ն Արցախում կազմակերպել էր խորհրդաժողով, որի մասնակիցների գերակշռող մեծամասնությունը իրենց հանրային եւ քաղաքական դիրքավորմամբ գտնվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցության եւ քաղաքական դիրքավորման տիրույթում:

Իսկ արդեն օրեր առաջ ՀՅԴ-ն հայտարարեց մայիսի 23-ին հանրահավաք հրավիրելու որոշման մասին, միաժամանակ խոսելով քաղաքական տարբեր ուժերի հետ համատեղ քայլերի շուրջ կոնսուլտացիա սկսելու մասին:

Իսկ այդ ամենն էլ հետաքրքիր է նույն Հաղթանակի տոնի օրերին Ռոյթերզ գործակալությանը այն ժամանակ դեռեւս կալանատանը գտնվող Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի ֆոնին, որում երկրորդ նախագահը հայտարարել էր առաջիկայում հզոր քաղաքական միավորման ստեղծման մասին, որը մարտահրավեր կնետի նոր իշխանությանը: Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ ինքը կմիանա այդ ուժին՝ չմանրամասնելով, թե ինչ ֆորմատով:

Կարո՞ղ է Դաշնակցությունը հավակնել լինել այդ ուժի առանցքը, եւ արդյոք վճռորոշ ելույթից առաջ Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը կարող էր քննարկել ՀՅԴ գործունեության հետ առնչվող այդբովանդակ հարցեր:

Ինչ է խոսել Արամ Առաջինը. Վարչապետի չտեսնված գրառումը

Be the first to comment on "Ինչ է խոսել Արամ Առաջինը. Վարչապետի չտեսնված գրառումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ