Եթե Աշակերտներս Պատերազմի Դաշտում Կռվում Են Թուրքի Հետ, Ես Ինչպե՞ս Կարող Եմ Վերադառնալ Տուն. Ուսուցիչ, Հերոս Օլեգ Փիրումյան

 

1988-1994 թվականներին կամավորական ջոկատների և պաշտպանական բանակի ստորաբաժանումների կազմերում հազարավոր ուսուցիչներ մասնակցել են ՀՀ Գորիսի (Շոտնուխ, Տեղ, Կոռնիձու), Իջևանի (Կիրանց), Նոյեմբերյանի, Շամշադինի, Արարատի, Վայքի, Եղեգնաձորի, ԼՂՀ Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 53 ուսուցիչ, նրանցից մեկն էլ Օլեգ Փիրումյանն էր:

Օլեգ Լազարի Փիրումյանը ծնվել է 1953թ. մայիսի 4-ին զինվորական կոմիսար Լազար Փիրումյանի և ուսուցչուհի Աննա Ալեքսեևնայի ընտանիքում: Սովորել է մայրաքաղաք Ստեփանակերտի 8-րդ դպրոցում: 1972թ. ավարտելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան ուսումնարանի խմբավարական բաժինը՝ աշխատանքի է անցել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ որպես երգի ուսուցիչ:

 

70-ականների վերջին նա ստեղծել է «Ուշադրություն դարձրեք» յուրօրինակ վոկալ-երաժշտական անսամբլը: Այնուհետեւ հայտնվեցին երիտասարդ խմբերը՝ «Ձնծաղիկ», «Արևիկ»: Երգացանկում գերակշռում էին Օլեգ Փիրումյանի ստեղծագործությունները:

Երաժիշտ, ուսուցիչ-խմբավար, ազատամարտիկ Օլեգ Լազարի Փիրումյանը մասնակցել է Կրկժանի, Շուշիի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։ Տասնյակ երգերի հեղինակ է։ Հարազատներն ու ընկերները նրան Օլեժկա էին անվանում, երաժշտական դպրոցի աշակերտներն էլ էին շատ սիրում նրան: Աշակերտների հիշողության մեջ Օլեգը մնացել է, որպես կենսախինդ, իր գործին անմնացորդ նվիրված, հայրենասեր մարդ:

 

Երբ ամուսնացավ հարևանուհի Իրինայի հետ, սկսեցին ստեղծագործել որպես համահեղինակներ: Օլեգը տասնյակ երգերի հեղինակ է, ժողովուրդը շատ սիրեց հատկապես «Արցախ», «Գանձասար» հայրենասիրական երգերը, որոնք գրվեցին ազգային-ազատագրական շարժման առաջին ամիսներին: Արցախյան շարժման երրորդ օրն Իրինան գրեց «Վերադարձիր» երգը:

 

 

Օլեժկան Իրինայի կատարմամբ երգը ձայնագրեց և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այն առաջին անգամ հնչեցրեց 1988թ. փետրվարի 15- ին, երգի հուզումնալից բառերից նույնիսկ տղամարդիկ էին արտասվում:

 

«12 տարեկանից, երբ իմ հարազատներից մեկը վտանգի մեջ էր լինում, ես զգում էի, նույնիսկ հորս մահն եմ զգացել, նա մահացավ իմ ծննդայան օրը՝ մայիսի 30-ին: 27 տարի շարունակ մի միտք է ինձ տանջել, ինչու նախազգայեցի Օլեգի մահը, միգուցե նրան փրկել կարողանայի, և իմ հարցի պատասխանը գտա 27 տարի անց: Օլեգի մահը չզգացի, որովհետև նա չպիտի զոհվեր… Արցախյան գոյամարտի տարիներին մեր շենքը նկուղ չուներ պատերազմի թեժ օրերին շենքի մուտքը կացարան էր կանանց և երեխաների համար»,– Արցախում iPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օլեգ Փիրումյանի կինը՝ Իրինա Փիրումյանը:

Իրինա Փիրումյան

Մարտական գործողություններն սկսելուն պես նա առաջին կամավորականների շարքերում անմիջապես նետվեց առաջին գիծ` մասնակցեց Կրկժանի, Մալիբեյլիի, Խոջալուի համար մղված մարտերին: Երբ ընկերներն Օլեգին ասացին, որ դու երեխաներ ունես ու նաև երաժիշտ ես հետ դարձիր տուն, նա ամեն անգամ ասում էր՝եթե իմ աշակերտները պատերազմի դաշտում կռվում են թուրքի հետ ես ինչպես կարող եմ վերադառնալ տուն: 1992թ. մայիսի 4-ին մարտական ընկերներով նշեցին Օլեգի 39-րդ տարեդարձն իսկ 4 օր անց՝ մայիսի 8-ին, նա հերոսաբար զոհվեց Շուշիի ազատագրման ժամանակ: Այդ օրը նրան հայրենասիրական երգեր երգելիս մարտական ընկերները լուսանկարեցին վերջին անգամ, Օլեգն ինչպես միշտ ժպտում էր….

Մայիսի 9-ին Օլեգին հողին հանձնեցին ֆիդայիների ավտոմատների կրակահերթով, նույն պահին ադրբեջանական բանակի ռմբակոծիչ ինքնաթիռները ռումբեր էի թափում քաղաքամայր Ստեփանակերտին, սակայն ոչ ոք չհեռացավ գերեզմանատնից:

 

Օլեգի զոհվելուց օրեր անց Իրինան դստրերի՝ Արևիկի և Սոֆյայի հետ, պատուհանից տեսնում են թե ինչպես են ադրբեջանական գերիներին տեղափոխում մի վայրից մի այլ վայր, Օլեգի գթասիրտ երեխաներն իրենց բաժին պանիրն ու հացը վազելով հասցնում են թուրք գերիներին, որպեսզի սոված չմնան:

Օլեգի զոհվելու 7-րդ օրը, երբ բոլորը կրկին գերեզմանատանն էին, մարդիկ են գալիս հայտնում են, որ թեժ մարտերում քաջաբար զոհվել է նաև Իրինայի քեռին՝ Ավետիս (Ավետ) Գրիգորյանը…

Անամոք ցավ, չսպիացած վիշտ, անկոտրուն հայի ոգի ու պայքար, պայքար, պայքար մինչև վերջ:

Նարի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Facebook Comments

Be the first to comment on "Եթե Աշակերտներս Պատերազմի Դաշտում Կռվում Են Թուրքի Հետ, Ես Ինչպե՞ս Կարող Եմ Վերադառնալ Տուն. Ուսուցիչ, Հերոս Օլեգ Փիրումյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ