Նստած Եմ Շուշիի Բերդի Պատին Ու Սպասում Եմ Տղաների Բարձրանալուն. Բեկոր (Լուսանկարներ)

 

Մոնթե Մելքոնյանը՝ Բեկորի մասին. «Բեկորի մասին կարող եմ երկար խոսել… Կարճ ասեմ, որ Արցախում իմ ճանաչած հրամանատարներից ամենաքաջերից մեկն էր և ամենաազնիվը: Շատ մաքուր, նվիրված մարդ էր, նրան չէր կարելի չհավատալ: Ես մինչև արցախցիներին մոտիկից ճանաչելը նրանց պատկերացրել եմ այդպես՝ կրակոտ, անձնազոհ, անվախ և ամենակարևորը՝ շիտակ, զուլալ հոգու տեր»:

ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ՝ Աշոտ Ղուլյան-Բեկոր (Օսկոլկա-Բեկոր) ծնվել է Բաքվում, 1959 թվականի հոկտեմբերի 6-ին: 1975 թվականին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ: 1985 թվականին ամուսնացել է, ունի 3 որդի՝ Արթուր, Հմայակ, Բեկոր: Աշոտը բազմարհեստ, «ոսկի ձեռքեր» ունեցող վարպետ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ:

 

Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից, կանխազգալով, որ ցույցերը սպասվող պատերազմի նախերգանքն են, և առանց զենքի ազատության չես հասնի, ընկերների աջակցությամբ սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամանակ երեք անգամ վիրավորվել է: Բեկորի ստեղծած առաջին զենքը 16-գծանի կարճափող հրացանն էր: Աշոտ Ղուլյանը զբաղվել է նաեւ Արցախ զենք-զինամթերք փոխադրելու գործով։

 

Ռազմադաշտային հումոր

1992 թվականի հուլիսի 15-ին բժիշկ Վալերի Մարությանը Ասկոլկա Աշոտի վերքերը մշակելուց հետո, դիմեց բուժքրոջը.

-Հաջորդ հիվանդը ով է:

– Ասկոլկա Մանվելը` Սիսիանից:

-Կտրող գործիքներից շատ եռացրու, այսօրվա մեր գործը ասկոլկա բռնողների հետ ա պիտի հա ասկոլկա հանենք:

 

 1992թ.-ի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման մարտերում ընկավ Արցախի հերոս, հրամանատար, զինագործ, զինվոր, անպարտելի Բեկորը, ով վիրավորվել էր 11 անգամ, մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ ուներ: Այդ անգամ, սակայն, մահացու էր խոցվել:

 

Բեկորն այն եզակի անհատներից էր, ով շարժման առաջին իսկ օրվանից գիտակցեց, որ միայն զենքի ուժով ենք վերանվաճելու մեր իրավունքները:  1991թ. Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն էր, ու նրա առաջնորդությամբ վաշտն անօրինակ սխրանքներ էր գործում պատերազմի ամենաթեժ ճակատներում, ամենավտանգավոր կետերում:

 

Բեկորը բնածին զինվորական էր, առաջամարտիկ, նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ: Հերոսը մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարինտակի, Լաչինի, Մարտակերտի, Սրխավենդի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին: Սխրանքների պսակ, անշուշտ, Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր:

Աշոտ Ղուլյանը առաջին վաշտի մարտիկները՝ Էդուարդ Աբրահամյանը , Մասիս Բաբայանը, Յաշա Խաչյանը,Գենադի Հակոբյանը, Միքայել Արզումանյանը, պատմում են, որ մայիսի 7-ի գիշերը Բեկորի վաշտն առաջինը մոտեցավ բերդի մատույցներին, «լուսաբացին մեր քաջ հրամանատարն առաջինը մտավ բերդ»: Մայիսի 8-ի առավոտյան 6:30-ին, Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,– ավելացրել էր Բեկորը:

Հիրավի ճշմարիտ է ասել լեգենդար հերոսը՝ «Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի». Նոր սերունդներն էլ խորապես գիտակցում են Բեկորի արտահայտած մտքերի կարևորությունը և նշանակությունը, վկան էլ ապրիլյան պատերազմն էր:

Նարի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

   

 

http://ipress.am/archives/19816

Be the first to comment on "Նստած Եմ Շուշիի Բերդի Պատին Ու Սպասում Եմ Տղաների Բարձրանալուն. Բեկոր (Լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ