100-ամյակդ կնշենք միասին. նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է 99-ամյա վետերանի տանը (ֆոտո)

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնու են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել նախագահի այցն ու բարեմաղթանքները:

 

Նախագահ Սարգսյանն ու պատերազմի ամբողջ ճանապարհն անցած վետերանը ընտանեկան մթնոլորտում զրուցել են երեկվա, այսօրվա ու վաղվա մասին՝ պատերազմի բովից հասնելով այսօրվա Հայաստանին ու հայ ժողովրդին: Հանրապետության նախագահն անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է Միկիտ Ամիրյանի առողջական վիճակով, հարց ու փորձ արել ընտանիքից ու անցած ուղուց: 99-ամյա վետերանն իր մարտական ուղին սկսել է Կովկասից, մարտնչել Ուկրաինայում, Լեհաստանում, մասնակցել Պրահայի, Բեռլինի ազատագրմանը:

Ջերմ շնորհավորանքներից բացի նախագահ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել 99-ամյա վետերանին և ի դեմս նրա՝ բոլոր վետերաններին՝ կերտած հաղթանակի, իրենց վաստակի ու հայրենիքին նվիրվածության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել և խոստացել, որ հաջորդ տարի միասին նշելու են Միկիտ Ամիրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը:

 

Be the first to comment on "100-ամյակդ կնշենք միասին. նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է 99-ամյա վետերանի տանը (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ