Լիբերիացի Ֆրանսիսը Երեւանում ներկայացել է գործարար ու մեկ մլն դոլար է հափշտակել. ուշագրավ մեխանիզմ

 

Ապրիլի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների ուղեկցությամբ Ամստերդամից Երեւան տեղափոխվեց Լիբերիայի քաղաքացի Ֆրանսիս Վրեհ Ռեյդին։

Նա 2009 թվականից Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր  առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով։ Նույն մեղադրանքով 2010 թվականի հունվարից հետախուզվում էր միջազգային մակարդակով։

 

55-ամյա Ռեյդին 2009 թվականի նոյեմբերին ժամանել էր Երեւան, հանդիպել տեղի ընկերություններից մեկի տնօրենին, ու ներկայանալով գործարար, հայտնել էր, թե կարող է Հայաստան ներկրել 1 միլիոն դոլարի ադամանդյա քարեր։ Որպես երաշխիք, հայ գործարարից պահանջել էր, որ իրեն ցույց տա կանխիկ 1 միլիոն դոլար, պայմանավորվելով՝ գումարը վերցնել միայն ադմանդները ներկրելուց հետո։

Հայ գործարարը նրան ցույց էր տվել պահանջած գումարը։ Ռեյդին գործարարի գիտությամբ՝դոլարներով կապոցները փաթեթավորել էր փայլաթիթեղներով, եւ տեղադրել դույլի մեջ։ Ապա դրանք մշակել անհայտ քիմիական նյութով, որպեսզի հնարավոր չլինի ծախսել։

 

Ռեյդին հայ գործարարին հավաստիացրել էր, որ ադամանդները բերելուց ինքը մեկ այլ քիմիական նյութով կմշակի դոլարները, վերացնելով՝ նախկին մշակման հետքերը, եւ հայտնել, որ քիմիական գործընթացը մոտ 15 րոպե կտեւի։

Այս ընթացքում հայ գործարարը դուրս էր եկել պատշգամբ։ Որոշ ժամանակ անց Ռեյդին լքել էր Հայաստանը, իբր ադամանդները բերելու։ Հայ գործարարը նրա հետ կապը կորցնելուց հետո, որոշել էր բացել փայլաթիթեղներով փաթեթավորված փողը, եւ տեսել էր, որ փաթեթներում դոլարի փոխարեն սովորական թղթեր են։

Քննությամբ պարզվել էր, որ Ֆրանսիս Վրեհ Ռեյդին օգտվելով հայ գործարարի պատշգամբ դուրս գալու հանգամանքից, եւ իրական դոլարներով դույլը փոխարինել էր մեկ այլ դույլով, որի մեջ եղել էին սովորական թղթեր, դարձյալ՝ նմանատիպ փայլաթիթեղներով փաթեթավորված։ Ռեյդիի նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցներով համագործակցել էին Շվեդիայի, Գերմանիայի, Նիդեռնալնդերի, Լիբերիայի եւ ինտերպոլի մի շարք այլ գործընկեր երկրների հետ։ Շուրջ 10 տարի տեւած լայնածավալ օպերատիվ հետախուզական  միջոցառումներն ի վերջո արդյունք տվեցին։ Հետախուզվողը Նիդեռլանդների թագավորությունում հայտնաբերվելուց հետո  արտահանձնվեց Հայաստան։

https://news.am/arm/news/509684.html

Be the first to comment on "Լիբերիացի Ֆրանսիսը Երեւանում ներկայացել է գործարար ու մեկ մլն դոլար է հափշտակել. ուշագրավ մեխանիզմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ