Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Աբաջյանի և Զոհրաբյանի Հարազատների Մասնակցությամբ Բացվեց Հերոսների Անվան Հուշարձանը

 

Այսօր՝ ապրիլի 27-ին, 2016թ ապրիլի 2-ին 116 մարտական դիրքում արիաբար մարտնչած Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի հուշակոթողի հանդիսավոր բացումն էր Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում:

Միջոցառումը մեկնարկեց ժամը 11 ։00 -ին Քյարամ Սլոյանի հարազատ դպրոցում: Տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որտեղ դպրոցի սաները կենդանի երգ-երաժշտությամբ ու ասմունքով հիշեցին ու մեծարեցին հերոս ու արդեն լեգենդ դարձած ազգի պարծանքներ՝ Քյարամ Սլոյանին,Արմենակ Ուրֆանյանին, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին, Անդրանիկ Զոհրաբյանին և մյուսներին։ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Սաղմոսավանի գյուղապետ Գրիգոր Ավագյանը, դպրոցի տնօօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը, ովքեր իրենց խոսքում շնորհակալանքի ու երախտիքի խոսքն ուղղեցին հերոսների մայրերին։

 

Միջոցառումից հետո գուղի սկզբնամասում բացվեց հուշաքար, որն օծեց Արագածոտնի մարզի Սաղմոսավանի և Արտաշավանի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը, որից հետո ելույթներով հանդես եկան Արցախյան պատերազմի ու Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեղում Քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը 4 հերոսների անունով հուշարձանի կողքին ծառատունկ կատարեց։ Այնուհետև տեղի ունեցավ Արտաշավան գյուղի՝ Քյարամ Սլոյանի անվան թաղամասի ցուցատախտակի բացումը։

Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նա ծառայում էր Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծին՝ Մարտակերտում: 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ: Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային եւ տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստների մեջ էր նաեւ ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին։

 

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ՝ զինծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ հետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտպանական մարտը։

Շարքային Քյարամ Սլոյանը մահացու վիրավորել է, երբ սպառվել են փամփուշտները, ինչից հետո փորձել է կրակի գծից դուրս բերել ծանր վիրավորված հրամանատարին։ Բազմաթիվ վիրավորումներից եւ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հետ բռնված մերձամարտից հետո, սպանվել է, ենթարկվել խոշտանգումների եւ գլխատվել։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։

 

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։

Նարի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

iPRESS.am

  

Facebook Comments

Be the first to comment on "Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Աբաջյանի և Զոհրաբյանի Հարազատների Մասնակցությամբ Բացվեց Հերոսների Անվան Հուշարձանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ