Հայերը վերադարձել են. «կեղծամը» ռուսական եթերում

 

Հանրության շրջանում բավականին մեծ արձագանք է առաջացրել ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի խոսքը հայերի ցեղասպանության ճանաչման մասին: Սոլովյովը ռուսական հեռուստաեթերում խոսել է այն մասին, որ հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության դեմ գործված ամենավայրագ ոճրագործություններից էր՝ Եվրոպայում: Սոլովյովը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է ճանաչել ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն մինչ օրս չի ճանաչել:

Սոլովյովի այդ հայտարարությունների բուն նպատակը հենց դա էր՝ Ռուսաստանը ճանաչել է, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ: Նաեւ թերեւս ակնարկը, որ դա Եվրոպայում կատարված ցեղասպանություն էր:

Եվրոպան անկասկած այդ ցեղասպանությանը մոտ էր, շատ մոտ, հատկապես Գերմանիան, որը Օսմանյան կայսրության աջակիցներից էր: Բայց Ռուսաստանը հայերի ցեղասպանության «վայրից» ամենեւին ավելի հեռու չէր, քան Եվրոպան: Իսկ արդեն բոլշեւիկյան Ռուսաստանն էլ ավելի մոտ եկավ եւ իր սահմանները գծեց հենց ցեղասպանության վայրի վրա կնքված բարեկամական պայմանագրով՝ ցեղասպանությունն իրականացրած պետության հետ:

Սոլովյովն իհարկե այդ մասին լռում է, որովհետեւ նրա իրական նպատակը հայերի դեմ ոճրագործության ամբողջական բարոյական գնահատական տալը չէ, այլ ոճրագործության բարոյական շահարկումը՝ Արեւմուտքի հետ քաղաքական հաշիվներ մաքրելու պրոպագանդիստական ծառայության շրջանակում:

Ավելին ասելու համար Սոլովյովին չեն վճարում եւ կարող են նույնիսկ դուրս անել եթերից, եթե նա զբաղվի ինքնագործունեությամբ: Եթերում նրան ոչ ոք չի պատվիրել խոսել ռուս-թուրքական պայմանագրի, դրանից առաջ եղած Սեւրի պայմանագրի, դրանում ԱՄՆ դերի, հետո դրա դեմ բոլշեւիկյան Ռուսաստանի դերի մասին: Եթերում նրան ոչ ոք չի պատվիրում խոսել ռուս-թուրքական պայմանագրի հակահայկական բնույթի մասին, այն մասին, որ դա պայմանագիր է ցեղասպանության ենթարկված ժողովրդին մշտապես մամլիչի տակ պահելու եւ պետական սուբյեկտության գրեթե ոչ մի շանս չթողնելու մասին: Սոլովյովը եթերում հազիվ թե քննարկումների շարք ծավալի, որոնք կընդգրկեն այդ պայմանագրերը, կտան դրանց իրավա-քաղաքական գնահատականն ու կդիտարկեն հանգամանքը, թե ինչու՞ է Ռուսաստանը մինչ այժմ հավատարմություն հայտնում այդ պայմանագրերին, ընդ որում ոչ միայն պետական պաշտոնական, այլ նաեւ փորձագիտական մակարդակում՝ դրանց քննարկումը դարձնելով տաբու:

 

Սոլովյովն անշուշտ իր գործն է անում, ինչպես օրինակ երբ ռադիոեթերում պախարակում է Հայաստանում կատարված թավշյա հեղափոխությունը:

Կամ, երբ օրինակ լռում է, երբ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի իշխանության կազմակերպած Գալիպոլիի տոնախմբությանը Ռուսաստանն է ամենաբարձրաստիճան պաշտոնական պատվիրակությամբ մասնակցում:

Նրան իջեցվող պրոպագանդիստական պատվերներն անշուշտ Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների եւ շահերի տիրույթում են: Սոլովյովը կատարող է:

Տվյալ դեպքում հարցն այն է, որ հայաստանյան կամ ընդհանրապես հայ հանրությունը դուրս գա այդօրինակ կատարումներից ուշագնաց լինելու «տարիքից», աշխարհի որ կողմից էլ հնչեն այդ կատարումները: Պետք է գնահատել խոսքերի քաղաքական համատեքստը՝ քաղաքական իրողությունների շրջանակում: Հայկական հարցը անկասկած շատ վաղուց է դարձել միջազգային դերակատարների գործիքակազմի կամ խաղաքարտերի տրցակի մաս: Նրանք դա օգտագործելու են այնպես, ինչպես նպատակահարմար կգտնեն իրենց շահի տեսանկյունից: Իսկ այդ հանգամանքը ենթադրում է, որ երբեմն դա համարժեք եւ ներդաշնակ կլինի Հայաստանի շահին, երբեմն՝ ոչ: Այստեղ հարաբերակցությունը կախված է նրանից, թե Հայաստանը եւ հայությունը այդ իրողությունների գնահատման հարցում որքանով կառաջնորդվեն պետական շահով եւ ոչ թե զգացմունքներով:

Հայաստանն ու հայությունը այդ հարցում ունեն նոր նշաձողերի եւ չափանիշների սահմանման կարիք: Բանն այն է, որ իբրեւ պետություն ունեցող ժողովուրդ միանալով հայկական հարցի համաշխարհային «շրջագայությանը» տասնամյակներ անց, հայությունն այդուհանդերձ շարունակում է իր նոր կարգավիճակում իրողությունների ընկալման առումով մնալ նախկինի՝ պետականություն չունեցող ազգի հոգեվիճակում ու տրամաբանության մեջ, իսկ պետականության առկայությունն էլ դիտարկել ինքնախարազանման տրամաբանությամբ՝ մենք փոքր ենք, մեզանից չենք ներկայացնում ոչինչ, մեզ ոչ ոք բանի տեղ չի դնի, եւ այլն:

 

Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ չնայած գուցե ամենամեծ ցանկությանը, մենք այդուհանդերձ մեզանից ներկայացնում ենք այնքան, որ մեզ բանի տեղ չդնելն ուղղակի անհնար է: Ավելին, անհնար է զբաղվել աշխարհաքաղաքական էական հարցերով, առանց հաշվի առնելու քաղաքակրթական հանգուցային, օջախային իրողությունները, որտեղ մենք ոչ միայն կանք, այլ ունենք «հիմնադիր» կարգավիճակ:

Մենք ունենք պարզապես այդ կարգավիճակը խորապես գիտակցելու անհրաժեշտություն՝ իհարկե թերարժեքության բարդույթից սնապարծության գրկում չհայտնվելու զգուշավորությամբ եւ ուշադրությամբ: Բայց հայությունը կարիք ունի դուրս գալ պատճառահետեւանքային «ազատ անկումից»: Այո, մեր շահերն աշխարհում առաջ մղելու եւ մեզ հետ հաշվի նստեցնելու համար մենք ունենք ավելի ու ավելի ուժեղ լինելու կարիք, բայց ավելի ուժեղ լինելու կարիքը չի նշանակում, որ մենք անպայմանորեն թույլ ենք ու անզոր այնքան, որ չենք կարող բարձրացնել մեր խնդիրների նկատմամբ միջազգային վերաբերմունքի եւ գնահատականների, պահանջմունքների եւ ակնկալիքների նշաձողերը, համարժեք դարձնելով այն պետականություն ունեցող ազգի կարգավիճակին:

Որովհետեւ այդ խնդիրներն ունեն այնպիսի համամարդկային խորություն, որ ինքնին մեզանից սպասարկման ուժ պահանջելով, նաեւ ուժի աղբյուր են եւ հենց դրանք են մեզ տվել գրեթե անհնար թվացող պատմական իրողություններում ոչ միայն գոյատեւելու, այլ արցախյան պատմությամբ ընդհուպ հաղթող ազգերի եւ ժողովուրդների շարք վերադառնալու համար:

Հայերը վերադարձել են. «կեղծամը» ռուսական եթերում

Be the first to comment on "Հայերը վերադարձել են. «կեղծամը» ռուսական եթերում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ