ՀՀԿ-ն հայտնվել է լուսանցքում. Նրանց պատմության գիրկն է ճանապարհել ժողովուրդը. ժողովրդին այդ «դեղնակտուցները» չեն կարող համոզել, որ իրենք կարող են հետ գալ

 

Ի՞նչ է փոխվել անցած մեկ տարվա ընթացքում, երբ ժողովրդի ընդվզման արդյունքում Սերժ Սարգսյանն արեց իր թեւավոր դարձած խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի եւ հրաժարական տվեց։

 

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե որն է կուսակցության դիրքորոշումը մեկ տարի անց։

Պատրաստվո՞ւմ են առաջիկայում բարձրաձայնել երկրի ներքին, արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների մասին, առաջարկել լուծումներ։

 

«Մեր մոտեցումն այն է, որ պետք է անպայման աջակցել իշխանություններին։ Նաեւ՝ ժամանակ տալ, որ բոլոր ծրագրերն իրականացվեն։ Մենք,  համենայնդեպս, լավատեսորեն ենք տրամադրված։

Ճիշտն այն է, որ բոլորս աջակցենք իշխանություններին։ Եթե լինեն բացթողումներ եւ սխալներ, ապա մենք կհայտնենք մեր մոտեցումները։ Եվ դա կանենք ոչ թե չարախնդալու, այլ ուղղելու նպատակով։

Մենք հանդիպում ենք «տաղանդների», որոնք երկիրը հասցրել են այս վիճակի, եւ նրանք խելոք-խելոք դատողություններ են անում։ Այսօր բոլորս մի նավի մեջ ենք եւ պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր նպատակին»,- ասաց ՀԺԿ փոխնախագահը։

 

Հարցին, թե որն է եղել անցած տարվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումը, Գրիգոր Հարությունյանն արձագանքեց․

«Հանցագործ վարչախումբը մնաց լուսանցքում։ Մեծագույն ձեռքբերում է, որ մեր քաղաքացին կարողացավ կատարել ընտրություն եւ իր ցանկությամբ ձեւավորեց իշխանություն։ Դա առաջին ձեռքբերում է»։

Նկատեցինք, որ ՀՀԿ-ի կարկառուն գործիչներն այսօր էլ հանդես են գալիս հայտարարություններով, քննադատում են իշխանություններին, տեսակետներ հայտնում տարբեր հարթակներում։

ՀԺԿ փոխնախագահը հակադարձում է․ «ՀՀԿ-ն հայտնվել է լուսանցքում, լուսանցքում էլ մնալու է, նրանց ակտիվությունը ժամանակավոր է, իրենք պատմության գիրկն են անցել։

Նրանց պատմության գիրկն է ճանապարհել ժողովուրդը։ Եվ ժողովրդին այդ «դեղնակտուցները» չեն կարող համոզել, որ իրենք կարող են հետ գալ։ Դա բացառվում է»։

hraparak.am

Be the first to comment on "ՀՀԿ-ն հայտնվել է լուսանցքում. Նրանց պատմության գիրկն է ճանապարհել ժողովուրդը. ժողովրդին այդ «դեղնակտուցները» չեն կարող համոզել, որ իրենք կարող են հետ գալ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ