Պետությունը կավելացնի քաղցկեղի բուժման ծախսերը և կներդնի դրա դեմ պայքարի ռազմավարություն. ՀՀ-ում է ԱԷՄԳ պատվիրակությունը

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին, որոնք Impact առաքելության շրջանակներում այցելել են Հայաստան և գնահատել երկրի ուռուցքաբանության ծառայության կարողությունները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱԷՄԳ առաքելության պատասխանատու Արսեն Յուրիչը ներկայացրել է անցկացրած հետազոտությունների նախնական արդյունքները` արձանագրելով այս ոլորտում առկա խնդիրները, բացթողումները, ինչպես նաև հանդես է եկել առաջարկներով և ուռուցքաբանության ծառայության կտրուկ բարեփոխմանն ուղղված հնարավոր լուծումներով:

 

Առաքելությունը գնահատել է փուլ առ փուլ կատարվող ծառայության քայլերը` սկսած առաջնային օղակում կանխարգելիչ միջոցառումներից մինչև պալիատիվ խնամք:

Արսեն Յուրիչն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների վրա, մասնավորապես նշելով ծխելը, ալկոհոլի չարաշահումը, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման բնակչության քիչ ներգրավվածությունն այն դեպքում, երբ պետությունն անվճար տրամադրում է միջազգային չափորոշիչներին համապատասխան պատվաստանյութը:

«Կան գնահատականներ, որ Հայաստանում քաղցկեղ ունեցողների 55 տոկոսի մոտ ռիսկի գործոնը ծխելն է»,- շեշտել է Արսեն Յուրիչը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության ներկայացուցիչներին և նշել, որ ուռուցքաբանության ոլորտը նախարարության առաջնահերթություններից է:

 

«Նախատեսում ենք հաջորդ տարվա բյուջեում քաղցկեղի ախտորոշման և բուժման ֆինանսավորման զգալի ավելացում, սկրինինգային նոր ծրագրերի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում»,- ասել է Թորոսյանը:

Առաքելության այցի արդյունքում առաջիկայում պատրաստվելու է ոլորտը գնահատող զեկույց ոչ միայն ծառայության կարողությունների, այլև ճառագայթային անվտանգության մասով:

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և ավելի համապարփակ:

http://armday.am/post/81423/peto-tjo-ny-kavelatsni-qaghtskeghi-bo-zhman-tsakhsery-knerdni-dra-dem-pajqari-razmavaro-tjo-n-hh-o-m-e-aemg-patvirako-tjo-ny

Be the first to comment on "Պետությունը կավելացնի քաղցկեղի բուժման ծախսերը և կներդնի դրա դեմ պայքարի ռազմավարություն. ՀՀ-ում է ԱԷՄԳ պատվիրակությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ