Նիկոլ Փաշինյանը չի սիրում պարտություն, չի ընդունում ոչ մի պարտություն… Ալիևի դիմաց այսօր ուրիշ բանակցող է և ուրիշ Հայաստան, և նա վախենում է դրանից

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ, Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Կայծ, Ձեր կարծիքով՝ ի՞նչ վիճակում էր բանակցային գործընթացը ղարաբաղյան հարցի շուրջ մինչև Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և ո՞ւր ենք հասել այդ հանդիպումից հետո: Ի՞նչ տվեց այս հանդիպումը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Տեսնո՞ւմ եք արդյոք ինչ-որ արդյունքներ:

– Երեք հանգամանք եմ ուզում նշել: Նախ, առաջին անգամն էր, որ պաշտոնական ձևով Ալիևը և Փաշինյանը հանդիպեցին Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Սա թե՛ բանակցությունների շարունակություն է, թե՛ նոր հանգրվան է բացվում, որովհետև բանակցողները փոխվում են, և երբ բանակցողներրը փոխվում են, ամբողջ մթնոլորտն է փոխվում:

 

Ուրեմն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ կարելի է գոնե խոսել, լսել միմյանց դիրքորոշումները, տեսակետները: Առաջին արդյունքը սա է, որ բանակցությունները շարունակվում են: Երկրորդ հանգամանքը՝ հանդիպումը շատ նորմալ ձևով ընթացավ: Ճիշտ է, երկու կողմերն էլ գիտեն, որ վստահության մթնոլորտ, վստահության պայմաններ չկան, փոխվստահության մշակույթ չկա:

Այսինքն՝ երկու երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներից բացի՝ ուրիշ ոչինչ չի կատարվում: Այսօր ինչ որ խոսում են՝ կապ չունի նրա հետ, թե ինչ են խոսել նախորդ նախագահները՝ Մադրիդյան սկզբունքներից մինչև 2016 թ. մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Картинки по запросу ալիեւ փաշինյան

Դրանք արդեն պատմությանն են պատկանում, և այսօր նոր հանգրվան է բացվում: Եվ երրորդ հանգամանքը, ըստ իս, այն է, որ Հայաստանը, ավելի ճիշտ՝ հայերը մտան նոր պատմության մեջ: Մինչև Թավշյա հեղափոխությունը նախորդ իշխանությունները բաժանել էին Ղարաբաղի բանակցությունները և Հայաստանի մնացած հարցերը: Մյուս հարցեր ասելով՝ նկատի ունեմ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, մշակութային համահայկական և այլ հարցերը: Սերժ Սարգսյանի վարչակարգն այնքան ոչ ժողովրդավարական իշխանություն էր, որ չեր կարող Ղարաբաղի բանակցությունները կապել մյուս հարցերի հետ:

 

Բայց Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում. նա ուզում է ցույց տալ, որ չի կարելի բաժանել, զատել Ղարաբաղի հարցը մյուս հարցերից: Նա ուզում է ցույց տալ, որ Թավշյա հեղափոխությունը գլոբալ հեղափոխություն է, որն ունի մի քանի բաժիններ, և այդ բաժիններից մեկը Ղարաբաղի բանակցությունների հարցն է: Ասել կուզեմ, որ Փաշինյանն ուզում է ժամանակ շահել, որպեսզի քաղաքական և տնտեսական բաժիններն ավելի զորանան Հայաստանում, և Հայաստանի դիրքորոշումներն ավելի զորավոր լինեն բանակցային գործընթացում: Այսինքն՝ փոխկապակցված են բոլոր հարցերը Հայաստանի այսօրվա իշխանությունների համար:

Картинки по запросу ալիեւ փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ բոլոր հարցերը փոխկապակցված են, մեկը մյուսի վրա ազդում է: Փաշինյանն ու Արցախի իշխանությունները գիտեն, որ մեկ բաժին կա, որն այսօր ավելի զորավոր է: Ինչո՞ւ ենք ասում՝ այսօր ավելի զորավոր է. որովհետև վստահություն կա երկրի իշխանության և ժողովրդի միջև, Հայաստանն ավելի ժողովրդավարական պետություն է դարձել, եթե համեմատենք Ադրբեջանի հետ, և դա զորացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում:

Եթե հայերը նույն ձևով հաջողեն տնտեսական, ռազմաքաղաքական կամ մշակութային, համահայկական հարցերում և այս ոլորտներում ավելի զորավոր դիրքեր և հիմք ունենան, ապա դրանից հետո Հայաստանի պատվիրակության՝ Հայաստանի ղեկավարի կամ արտգործնախարարի կեցվածքը, դիրքորոշումը Ղարաբաղի բանակցությունների ընթացքում ավելի ուժեղ ու զորավոր կլինեն:

Картинки по запросу ալիեւ փաշինյան

Սրան կարող ենք ավելացնել նաև չորրորդ հանգամանքը: Չորրորդ հանգամանքը սա է,        որ Փաշինյանը գնում է բանակցությունների առանց որևէ բան զիջելու, շարունակում է պնդել, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, բայց Ալիևը չի հասկանում Հայաստանի այսօրվա իշխանությունների ո՛չ մոտեցումը, ո՛չ կեցվածքը և ո՛չ էլ ամբողջ այդ գլոբալ մոտեցումը: Ուրեմն մի կողմից Փաշինյանն ասում է՝ գնում ենք բանակցությունների մարդասիրական հարցեր քննարկելու, բայց մյուս կողմից Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես գիտեք, հայտարարեց,որ հայկական կողմը նոր սկզբունք է որդեգրել՝ նոր պատերազմ նշանակում է նոր տարածքներ: Սա չորրորդ հանգամանքն է:

Եթե ամփոփենք Թավշյա հեղափոխության արդյունքները՝ այն ինձ համար պայքար էր երկու բառի դեմ: Առաջին բառը կամ բանաձևը՝ «հայ ժողովուրդը խեղճ է», և երկրորդ բառը՝ «մեղկ է հայ ժողովուրդը»: Թավշյա հեղափոխությունը պայքար է այս երկու բառերի դեմ, որ այլևս Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան մարդկանց ներշնչված այս երկու մտայնությունները պետք է փչացվեն թե՛ մտքից, թե՛ հրապարակային ելույթներից և թե՛ բանակցություններից: «խեղճ հայ ժողովուրդ» և «մեղկ հայ ժողովուրդ» բառերը վերջացած են, պետք է մաքրենք այս երկու բառերը մեր ինքնությունից: Եվ այսօրվա իշխանությունները, շնորհիվ Թավշյա հեղափոխության, ուզում են այս երկու բանաձևերը աղբի մեջ նետել: Սա շատ կարևոր է:

Картинки по запросу ալիեւ փաշինյան

– Ուզում եք ասել, որ Փաշինյանը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը և հասկանով, որ պաշտոնական Ստեփանակերտին առայժմ հնարավոր չէ վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ուզում է պահպանել գոնե այս մինիմալ երկխոսությո՞ւնը ադրբեջանական կողմի հետ: Կարո՞ղ ենք ասել, որ մինիմալ խնդիրը լուծվել է:

– Ոչ, ոչ մի խնդիր էլ չի լուծվել: Միայն խոսել են, բանակցել են: Ուզում են ցույց տալ, որ կարելի համագործակցել մարդասիրական խնդիրների շուրջ, բայց դա չի նշանակում, թե ձևավորվել է վստահության մթնոլորտ կողմերի միջև: Երբ բան չկա սեղանի վրա, չես կարող առաջին հանդիպումից հետո ասել, թե ամեն ինչ լավ է և այլն: Թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը դրական են գնահատել հանդիպումը, և վստահաբար երկու կողմն էլ համաձայնել են, որ այն, ինչ մինչև հիմա քննարկվել է բանակցային սեղանի շուրջ, անիմաստ է:  Եվ Ադրբեջանի ղեկավարությունը վախենում է, որ Թավշյա հեղափոխությունը կարող է ազդել ադրբեջանական հասարակության վրա: Իսկապես վախենում է: Եվ եթե նայենք հակամարտող երկու կողմերին՝ երկուսը ժողովրդավարական են, երրորդը դիկտատուրա է, ավտորիտար պետություն է: Եվ ադրբեջանցիների համար դժվար է ընդունել այդ փաստը: Ալիևը վստահաբար գիտի, որ այդ վտանգը կա:

Հիմա վստահության մտնոլորտ չկա տակավին, և չեմ կարծում, թե տեղի պիտի ունենա, որովհետև ըստ երևույթին, կարծես թե վարագույրների ետևում երկու կողմերը պատրաստվում են ավելի կոշտ դիրքորոշումներ ունենալու և ուղղակիորեն շփվելու ճակատի վրա: Բայց այլևս, ինչպես նշեցի, հայերի կողմից չկա այդ պարտվողական ոճը կամ լեզուն: Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այլևս ուրիշ է: Սա շատ կարևոր է: Ես մոտավորապես 20-25 տարի շարունակ ասում եմ, որ չի կարելի հայտարարել, որ, օրինակ, «Աղդամը մեր հայրենիքը չի»:

Картинки по запросу ալիեւ փաշինյան

Դրանք պարտվողական խոսքեր են, որոնք միայն ու միայն տկարացնում են մեր դիրքորոշումն ու շահերը: Եվ երբ այդ խոսքերն արտաբերվում էին երկրի առաջին դեմքի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կողմից, դա շատ վնասակար էր: Բայց մյուս կողմից չեմ ասում, որ պետք է պատերազմական ոճ ունենալ, պատերազմական հռետորաբանությամբ հանդես գալ: Ճիշտ հակառակը, բայց հավասարակշռությունը տարածաշրջանում ոչ միայն զենքով ու հայրենասիրական կարգախոսներով է պահպանվում, այլ երկրի ղեկավարի կոշտ դիրքորոշումով:

– Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել էին, որ  հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություններ է ստեղծել երկու ղեկավարների համար՝ պարզաբանելու իրենց դիրքորոշումները: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ ակնկալիքներով էին կողմերը գնացել այս հանդիպմանը և ի՞նչ արդյունքներով հետ գնացին:

– Ես արդեն ասացի՝ հայերն ու ադրբեջանցիները ստիպված են ցույց տալ, որ պատասխանատու են: Նիկոլ Փաշինյանը, որն ավելի թափանցիկ ձևով է մոտենում բոլոր հարցերին, մի կողմից ուզում է ցույց տալ, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել երկխոսությունից, դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափից, մյուս կողմից ասում է, որ շարունակելու է շեշտը դնել Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու կետի վրա: Իսկ Ալիևն ուզում է ցույց տալ, թե «տեսեք, ես հետևում եմ Մինսկի խմբի ձևաչափին և չեմ խանգարում, հայերն են, որ խանգարում են»: Բայց այստեղ մի ուրիշ հարց կա. Ադրբեջանի ղեկավարությունը խնդիրներ ունի իր հասարակության հետ, վստահության մթնոլորտ չկա Ադրբեջանում, և իշխանությունները վախենում են, որ ժողովուրդը կարող է ըմբոստանալ և այլն: Չեմ ասում, որ այդպես կլինի, բայց գոնե նման մտավախություն կա: Եվ Մինսկի խմբի համանախագահների համար ավելի լավ է, որ երկու ղեկավարները հանդիպեն, քան թե հեռվից հայհոյեն մեկը մյուսին:

Картинки по запросу ալիեւ փաշինյան

– Իսկ բանակցությունների այս մակարդակը, Ձեր կարծիքով, բավարարո՞ւմ է Ալիևին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Փաշինյանը շեշտում է՝ պաշտոնական բանակցություններ չեն լինի, քանի դեռ պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում դրանց: Իսկ Բաքուն կտրականապես դեմ է դրան:

– Փաշինյանն ուզում է ցույց տալ թե՛ համանախագահներին, թե՛ Ադրբեջանին, որ տեսեք, ես շարունակում եմ բանակցությունները, բայց ոչ մի արդյունք չենք ունենա, մինչև որ Արցախի իշխանությունները չնստեն սեղանի շուրջ: Եվ դաս է տալիս՝ ցույց տալու համար, թե ինչ որ արել եք մինչև այսօր՝ անիմաստ է: Լավ է, զինադադարը կարողացանք պահել: Նիկոլ Փաշինյանն այնքան ինքնավստահ է, այնքան լավ են տրամադրությունները Հայաստանում և փոխվստահություն կա ժողովրդի և իշխանությունների միջև, որ այն, ինչ նա ասել է մինչ օրս, վստահաբար շարունակելու է՝ մինչև որ հաջողության հասնի: Նա չի սիրում պարտություն, չի ընդունում ոչ մի պարտություն, և դա լավ է: Նա վստահաբար շարունակելու է իր խոսքն ասել ադրբեջանցիների հետ:

Картинки по запросу ալիեւ փաշինյան

Ինչպես արդեն ասացի՝ Ալիևի դիմաց այսօր ուրիշ բանակցող է և ուրիշ Հայաստան, և նա վախենում է դրանից, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան վարժված էր ունենալ պարտվողական գործընկեր բանակցություններում:

1in.am

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը չի սիրում պարտություն, չի ընդունում ոչ մի պարտություն… Ալիևի դիմաց այսօր ուրիշ բանակցող է և ուրիշ Հայաստան, և նա վախենում է դրանից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ