«Որդուս երակներում հայի արյուն է հոսում». ռուս սկանդալային հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան Երևանում է

 

Իր ցանկալիությունն ընդգծել սիրող հաղորդավարուհի, դերասանուհի, երգչուհի Անֆիսա Չեխովան այս օրերին Երևանում է։ Ռուսական հեռուստատեսության ամենահամարձակ ու սկանդալկային հաղորդավարուհիներից մեկը, որն էկրանից հեռուստադիտողների հետ խոսում էր ինտիմ թեմաների մասին, դեռ տարիներ առաջ ասել էր, որ հայ տղամարդիկ իր համար ցանկալի են։

41–ամյա հաղորդավարուհին ընտրություն անելիս այս մասին չէր մտածել, վրացու հետ էր ամուսնացել, սակայն ավելի ուշ արված գենետիկ անալիզը ցույց էր տվել, որ ամուսինն իրականում հայ է։

Tert.am Life-ը Անֆիսայի հետ զրուցել է հայերի ու Հայաստան այցի մասին։ Դերասանուհին Երևանում առաջին անգամ չէ, թեև նախորդ այցն ավելի քան 10 տարի առաջ էր։ Անֆիսան երեկ է ժամանել, այսօր պետք է միջոցառման մասնակցի։

 

Այս տարիների ընթացքում  քաղաքի կրած փոփոխությունների մասին դեռ դժվարանում է խոսել։ «Դեռ ոչինչ չեմ հասցրել տեսնել, քանի որ գիշերն ենք ժամանել։ Իմ լինզան ընկավ և ոչինչ չէի տեսնում։ Ընկերուհիս էր ինձ օգնում քայլել, որպեսզի չընկնեի»,– իրեն բնորոշ անկեղծությամբ  պատմեց նա ու հավելեց, որ մեքենայի միջից շատ բան տեսնել հնարավոր չէր, պետք է զբոսնել քաղաքով, ինչը կփորձի անել ավելի ուշ։

Անֆիսան ջերմությամբ է խոսում հայերի մասին։ Ռուսաստանում հայերը շատ են, հասցրել է շփվել։ Ընկերների մեջ հայեր կան, նրանցից մեկին` Գարիկ Մարտիրոսյանին, ճանաչում են բոլորը, մյուսները հայտնի չեն։ Ավելին, Անֆիսան անկեղծացավ, որ ամուսինն էլ է հայ, թեև դա անակնկալ էր, թե՛ իր, թե՛ ամուսնու համար։

 

«Ամուսինս վրացի է, սակայն գենետիկ անալիզի արդյունքում պարզվեց, որ նա ավելի շատ հայ է, քան վրացի, թեև նա մոռացավ այդ մասին,– ասաց հաղորդավարուհին, ապա հավելեց,– Ստացվում է՝ իմ երեխայի երակներում էլ հայի արյուն է հոսում»։

Ի դեպ, Երևանում գտնվելու ընթացքում Անֆիսան լուսանկար է հրապարակել որդու հետ և գրել, որ շատ է կարոտում նրան։

Դերասանուհին նկատեց, որ հայերն իրար սատարելու հատկանիշ ունեն, որն իրեն հիացնում է։ «Հայերը ոչ մի տեղ չեն կորչի։ Ես շրջագայում եմ ամբողջ աշխարհով, ամենուր կան մեծ քանակությամբ հայեր, որոնք միշտ զարգանում են։ Ի տարբերություն կովկասյան այլ ազգերի` նրանք սիրում և կարողանում են աշխատել։ Բացի այդ, միշտ սատարում են իրար` հայ ռեժիսորները նկարահանում են հայ դերասանների, հայ պրոդյուսերներն աշխատում են հայ ռեժիսորների հետ։ Շատ մեծ ու համերաշխ սփյուռք է, ինչը  շատ գնահատելի է։ Անկեղծ կարող եմ ասել, որ դա չեմ նկատել այլ ընկերական ազգերի մոտ»,– ասաց նա։

 

Be the first to comment on "«Որդուս երակներում հայի արյուն է հոսում». ռուս սկանդալային հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան Երևանում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ