«Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվել է

 

Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաակն տվյալներ են ձեռք բերվել դպրոցում մի քանի առարկաների՝ ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից աշխատավարձ ստանալու վերաբերյալ:

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Բացի վերոնշյալը Գյումրի քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել նույն դպրոցում որպես ուսուցչուհի նշանակվելու նպատակով դպրոցի տնօրենի պահանջով և վերջինիս գործավարուհու միջոցով նրան կաշառք տալու և այդ ճանապարհով դպրոցում աշխատանքի անցելու մասին:

 

Նշված փաստերի առթիվ հարուցվել է ևս երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քրեական երեք գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, այն մասին, որ դպրոցի տնօրենը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով, դպրոցի ուսուցիչներից, աշակերտների ծնողներից չհիմնավորված տարբեր առիթներով, իսկ դպրոցի ուսուցիչներից՝ յուրաքանչյուր ամիս, իր գործավարուհու, գործով դեռևս չբացահայտված այլ աշխատակիցների օժանդակությամբ 2012-2018թթ. ընթացքում հավաքել է 1.000-ական ՀՀ դրամ գումար: 2017թ. հուլիսին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից ծնողկոմիտեի նախագահի միջոցով հավաքել է 2.000-ական ՀՀ դրամներ, 2012-2013թթ. ուսումնական տարուց սկսած՝ 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից տվյալ դասարանների դասղեկների միջոցով հավաքել է 12.000-ական ՀՀ դրամներ, 2011-2012թթ. ուսումնական տարուց սկսած՝ կազմակերպության բոլոր ուսուցիչներից, դասարանների թերծանրաբեռնվածության, դասարանները չմիացնելու և դասաժամերը չկորցնելու պատրվակով մեթոդմիավորման 4 անդամների ու մեկ այլ աշխատակցի միջոցով հավաքել է 1.000-ական ՀՀ դրամներ: Իսկ 2015-2016 թվականների ընթացքում տնօրենի կողմից մի դասվարի վրա ձևականորեն դրվել են լոգոպետի պարտականություններ, և շուրջ 6 ամիս վերջինիս կողմից աշխատավարձ ստանալու ընթացքում ընդհանուր 372.000 ՀՀ դրամ է վերցրել նրանից:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղը 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց լրացնելու կապակցությամբ Գյումրի քաղաքի մի բնակչուհուց որպես կաշառք անձամբ պահանջել է վերոհիշյալ գումարը և դրա դիմաց պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթում նրա հաղթանակը: Դրանից հետո իր գործավարուհու միջոցով իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերի՝ 960.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը: Ապա տնօրենը կատարել է ստացած կաշառքի դիմաց ստանձնած խոստումը՝ նախօրոք կաշառք տվող անձին ճիշտ պատասխաններով լրացնել տալով մրցույթի հարցաթերթիկը և մրցույթի ընթացքում դրանով փոխարինելով նրա իրական հարցաթերթիկը:

 

Բացի այդ, տնօրեն Կ. Լ.-ն, նույն դպրոցի երաժշտության ուսուցչի թափուր հաստիքի զբաղեցման մրցույթում մեկ անձի հաղթանակն ապահովելու և ապա հրամանագրելու համար նրա մորից 2017թ. հուլիսին որպես կաշառք անձամբ պահանջել է 2.500 ԱՄն դոլար և իր աշխատասենյակում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.201.150 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար, որի դիմաց կատարել է ստանձնած խոստումը:

2019թ. մարտի 26-ին նշված դպրոցի տնօրենը և վերջինիս գործավարուհին ձերբակալվել են: Մարտի 29-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Լ.-ին վերոնշյալ հանցավոր

արարքներն առերևույթ կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նախաքննությունն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Լ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նշված խափանման միջոցն ընտրելու համար, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերում առկա են տվյալներ Կ. Լ.-ի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց սպառնալիքներով, նրանց հետ պայմանավորվածությունների գալու համար հանդիպում նախաձեռնելու միջոցով վերջիններիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու վերաբերյալ, ինչը կարող է շարունակվել նրա՝ ազատության մեջ հայտնվելու պայմաններում:

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության այմաններում իրականացվում են քննչական և դատավարական անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցավոր դրսևորումների ամբողջական շրջանակը բացահայտելու, ինչպես նաև՝ առերևույթ հանցավոր արարքների կատարմանը մասնակցած կամ դրան առնչություն ունեցած բոլոր անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Be the first to comment on "«Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ