Նորամուծություններ Բաղրամյան 26–ում. քաղաքացիների ելումուտի ժամերը կփոխվեն

 

Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Այդ շրջանակում ապրիլի 3-ին նախագահական նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով կմեկնարկի «Նախագահական համերգաշարը»:

 

Սա միակ նորամուծությունը չէ, որը նախատեսվում է իրականացնել նախագահական նստավայրում:

Ըստ իրականացված դիտարկումների, աշխատանքային օրերին և ժամերին, չնայած բաց դարպասներին և ազատ ելումուտի հնարավորությանը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածք այցելուների թիվը չափազանց փոքր է, շատ դեպքերում՝ նույնիսկ այցելու չկա:

Հաշվի առնելով այս ամենը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքը հանրության կողմից ավելի նպատակային օգտագործելու, ինչպես նաեւ աշխատակազմի բնականոն գործունեությունը լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ ս/թ ապրիլի 1-ից կփոփոխվեն Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը:

 

Նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-20:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի հարակից տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր:

Կփոփոխվի նաև նախագահական նստավայրի վարչական շենքի մուտքի մոտ ծառայություն իրականացնող պատվո պահակախմբի հերթափոխությունը:

 

Շաբաթ և կիրակի օրերին պատվո պահակախմբի հերթափոխությունը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որին կարող են հետևել բոլոր ցանկացողները: Ծառայություն իրականացնող զինվորները, փոխարինելով միմյանց, կներկայացնեն ցուցադրական վարժություններ:

Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխությունը շաբաթ օրերին տեղի կունենա ժամը 18:00-ին, 19:00-ին եւ 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին եւ 14:00-ին:

 

https://news.am/arm/news/504301.html

Be the first to comment on "Նորամուծություններ Բաղրամյան 26–ում. քաղաքացիների ելումուտի ժամերը կփոխվեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ