Բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց մյուս ոտքս նույնպես փրկել չհաջողվեց․․․

 

Ադրբեջանցիները կատաղի դիմադրում էին: Հետո անսպասելի անցան ուժեղ հակագրոհի: Մենք մնացինք բաց դաշտում, կրակի տակ: Ես մի փոքրիկ խողովակի հետեւում էի պատսպարվել, գնդակների տարափը կրակե օղակ էր գծել շուրջս: Գեղամի նյարդերը չդիմացան: Ոտքի կանգնեց, ՌՊԿ-ն վերցրեց, բարձրացավ խողովակի վրա ու գնդակների տարափի տակ սկսեց վազելով կրակել: Հետո… տղաները հնձված արտի պես պառկած էին դաշտում: Կրակը նույն թափով շարունակվում էր, բայց դրան այլեւս ուշադրություն դարձնող չկար… Տղաներին պիտի դուրս բերեինք մարտադաշտից: 18 վիրավոր, երեք զոհ… ու միայն մեկին՝ Վահանին, չկարողացանք հանել կրակի գոտուց: Իսկական դժոխք էր: Տղաներից մեկին մարտադաշտից դուրս բերելիս 8 գնդակ դիպավ: Ու բացարձակ պատահականություն էր, որ ութ գնդակն էլ ընկերոջս դիպավ, ոչ թե ինձ: 


….Սահմանին երկուսով էինք՝ ես ու Հաբեթը: Վազում էինք երկար սահմանի երկայնքով ու տարբեր կետերից, տարբեր զենքերով կրակում էինք, որ թշնամուն թվար՝ սահմանին մեծ ուժ կա: Վեց-յոթ ժամ վազվզեցինք ու կրակեցինք: Ադրբեջանցիները երկար ժամանակ կասկածելի լռել էին, հետո հանկարծ վրա տվեցին բոլոր զենքերով: Երկու հոգով պիտի փակեինք նրանց ճանապարհը: Հետևում մեր մարտական ընկերներն էին, հետևում հայրենիքն էր: Այդ պատկերը նույնպես չեմ մոռանում, այդ զգացողությունը… Ես ձուլվել էի հողին, գնդակները շուրջս բզկտում էին հողը: Դժոխային աղմուկ էր: Անընդհատ վրաս ինչ-որ բան էր թափվում, մերթ՝ տաք, մերթ՝ սառը, մերթ՝ ծանր, մերթ՝ թեթև… Ձմեռ էր, բայց ես հողը տաքացրել էի մարմնիս ջերմությամբ, շրթունքներս զգում էին հողի համը: Վախ չկար, ցավ չկար: Որովհետև ես մենակ չէի, հողը շնչավոր էր: Ինձ հետ էր: Ասում էր՝ մի՛ վախեցիր, շուտով կավարտվի: Հետո… ես գրկել էի հողը, որ մարմնով նրան պաշտպանեմ գնդակներից:


…Վիրավորվեցի 5 օր անց՝ հունվարի 29-ին: Տեսա՝ հակառակորդի կողմից չորս ադրբեջանցիներ ընդհուպ մոտեցել են մեր դիրքերին: Զենքս առա, գնացի ընդառաջ: Չհասցրի մոտենալ, ուժեղ հարված զգացի: Հետո՝ երկրորդը: Մտածեցի՝ ադրբեջանցիները խփեցին: Առաջինը աբովյանցի Արթուրը հասավ, հետո տղաները եկան: Երբ ոտքերս լարանով կապեցին, դժոխային ցավ սկսվեց: «Վիլիսի» մեջ էինք արդեն, երբ տեսա, որ ոտքս չկա: Հասկացա՝ ական էր պայթել: Այն էլ՝ երկուսը: Բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց մյուս ոտքս նույնպես փրկել չհաջողվեց:

 http://www.hayzinvor.am/61122.html

Be the first to comment on "Բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց մյուս ոտքս նույնպես փրկել չհաջողվեց․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ