Արարատի մարզպետը այցելել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխային

 

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ մարտի 25-ին այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան: Ինչպես տեղեկացավ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջից, մարզպետը տեղում ծանոթացել է երեխայի առողջական վիճակին:

Ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը մարզպետ Սարգսյանին տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար:

 

Այնուհետև Գարիկ Սարգսյանն ուղևորվել է Մասիս քաղաք, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ ընտանիքն ապրում է անապահով վիճակում:

Վերջիններս պարտք են ունեցել, որի հետևանքով Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանն օտարել է բնակարանը:

Ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, որից հետո միայն դիմել են քաղաքապետարան: Մասիսի քաղաքապետարանը նրանց ժամանակավոր կացարան է հատկացրել, ընտանիքն այնտեղ է տեղափոխել իրերի մի մասը, սակայն մինչև վերջնական տեղափոխվելը գիշերել են հարևանի տանը:

 

Զրուցելով երեխայի ծնողների հետ՝ Գարիկ Սարգսյանը հորդորել է նրանց նման ծանր վիճակում ամուր մնալ՝ վստահեցնելով, որ մարզպետարանն իր հերթին ամեն հնարավորը կանի նրանց աջակցելու համար:

Երեխայի ծնողները վստահեցել են, որ այրվածքներ ստացած երեխան մեքենայում չի գիշերել, պարզապես նեղացել է հարևանությամբ բնակվող երեխայից և թաքնվել ընտանիքին պատկանող մեքենայում, որտեղ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը:

Արարատի մարզպետը ծանոթացել է նաև Մասիսի քաղաքապետարանի կողմից հատկացված կացարանի պայմաններին և Արարատի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքի հարցը, ապահովել անհրաժեշտ իրերով:

http://armday.am/post/79617/ararati-marzpety-ajtselel-e-masiso-m-meqenaji-hrdehi-het-anqov-ajrvatsqner-statsats-12-amja-erekhajin

Be the first to comment on "Արարատի մարզպետը այցելել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխային"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ