Մոր նամակն իր անարժան որդուն՝ Լևոն Ջավախյանին. Ձեր մայրիկի նամակի մեջ մաթևոսյանական շունչ կար: Եթե նամակն անփոփոխ եք ներկայացրել, ուրեմն գրող դարձել եք ժառանգելով մայրական գեները: Հրաշալի էր, հուզիչ:

 

Լույս է տեսել Լևոն Ջավախյանի պատմվածքների նոր ժողովածուն՝ «Ծնկան ծերին» վերնագրով։ Այն կարելի է ձեռք բերել Վերնիսաժից՝ անմիջապես հեղինակից։

Ստորեւ ներկայացնում ենք գրքի «Հավիտենական վերադարձ» պատմվածաշարը։

Մոր նամակն իր անարժան որդուն՝ Լևոն Ջավախյանին

Բարեւագիր

Նախքան նամակիս բուն իմաստին հասնելն ընդունիր քո մոր սրտից բխած քաղցր ու կարոտալի բարեւները: Լյովիկ ջան, եթե հարցնելու լինես իմ որպիսությունը, ես լավ եմ. ձեր ողջությունն եմ ցանկանում: Աստծուն փառք, ութսուներկու տարեկան մերդ դեռ ձեռ ու ոտից չի ընկել, չնայած ճռներիս ցավին՝ տունն էլ եմ մտիկ տալիս, բախչեն էլ եմ բեջարում, ճաշ էլ եմ եփում: Մենակ թե էս անտերը շատ ա նեղում՝ էրկու ոտս էլ ուռել՝ քոթուկ են դառել: Էդ էլ մթամ քիչ է՝ կռկռվել են… Երեւի տեսած կլինես Ալավերդու գործարանի «Տատռա» ավտոները, ներսի վրա թեքված մարդաբոյ ակներով: Այ, էդ ակների նման էրկու կողմից միջիկռան վրա ծռվել՝ չաղ ջանիս բեռը հազիվ են տանում: Ծնկներս եդ են գնացել, ոտներիս արանքը ոնց որ թունել. թունելը թե գնում ա, էնենց էլ՝ ես: Բդրմիշ գալով, պատերից ու ծառներից բռնած՝ հազիվհազ քաշ եմ գալիս: Ոտներիս ցավից մեռնում եմ, տղա ջան, բա էդ լեն ու բոլ քաղաքում ինձ հմար դեղ ու դարման չեղա՞վ… Նստում եմ՝ կոնդանում եմ, վեր եմ կենում՝ ցավից մղկտում… Բայց էդ հեչ, էս խու նորություն չի, դուք ո՞նց եք, ո՞նց եք դիմավորում Նոր տարին, գիտեմ՝ աշխատանքդ դրսում ա, առաջն էլ ցուրտ յոնվարն ա, տաք հագնվի, որդի, հանկարծ չմրսես, ջանդ լավ պահի, քու մերը քու ջանին մեռնի… Էս ա, նկարդ առաջիս ա, մտիկ եմ տալիս ու մտիկ տալիս… Տանն էլ ո՞վ ա մնացել՝ ախպերդ ու քիրդ ամուսնացան՝ ջոկ օջախ կազմեցին, օղորմածիկ հերդ էլ ինձ թողեց գնաց, էդ տնաշենը մի բերան չասավ, թե էս կնիկն առանց ինձ ոնց ա ապրելու… Էս քունջ ու պուճախը, ճալաքարերով պատած ծապանները, ցախավելի պես տկլորված պտղատու ծառերը, իրիկնամուտի շողերի մեջ թաղված, շաղակոլոլ մեր կարմիր բախչեն… Ոտս որդի դնում եմ՝ ջահելությունս եմ հիշում, իմ անցած-գնացած կյանքը, էն վախտը, երբ «կեպռեշ» հերդ գլխարկը ծուռ դրած էս տունն էր շինում, ծառերը տնկում ու մեզ ղուլլուղ ըլնում: Նա որ չլիներ, ո՞նց էի իրեք էրեխա պահում-մեծացնում, քեզ ուսման տալիս ու Էրեւան տեղը քոմակ ըլնում: Էլի լավ ա՝ էրկու-իրեք ամիսը մին էրեսդ տենում եմ, թոռներիս կարոտն առնում, սիրտս հովացնում… Մնացած վախտն էլ, թե դու կողքիս չես՝ նկարդ ինձ հետ ա ու ինձն հետ, բոլ-բոլ երեսիդ եմ մտիկ տալիս ու մեր տխուր ու ուրախ օրերի կարոտն առնում:

 

Լեւան ջան, որդի, մենակ թե մենակ եմ, մենակ՝ էս ա գիշերն էկել, սեւ ագռավի պես թեւերը փռել ա, ես ոնց որ մութ վանդակն ընկած մի պառավ բռնավոր… Ձորը լիքը ձեն ա՝ ճռիկներն են ճռռում, գորտերն են կռկռում, շները հաչում, գելերը ոռնում, չղջիկները ճռճռտում, չախկալը՝ լացում, …Շնողնա ջուրն էլ, ոնց որ գիտես՝ մթան մեջ դղրդալեն վշշում ա ու վշշում, ասես մի վենձ գետ, բայց դու հո գիտես, որ մի բարակ ջուր ա… Էդ ձեները ականջումս խառնվում, ոնց որ ֆուտբոլի դատավորի մի զիլ սվիստոկ՝ կանչում ա ու կանչում… Ոչ կանչող ունեմ, ոչ էլ կանչվոր՝ չորս պատերի մեջ ես եմ ու իմ ապրած ութանասունէրկու տարիները, ո՞վ ա իմ կարոտը քաշում… Դեկտեմբերին շատ ցուրտ արավ: Փեչը թեժացրել եմ, կողքին նստել: Ճրագի լույսով քեզ նամակ եմ գրում: Ջանս մի լավ տաքացել ա: Փառք Աստծու, օջախումս տաք շունչ կա: Բայց մենակ ցուրտ օրերին չէ, որ կրակ եմ վառում: Պատահում ա, որ եղանակը տաք ա ըլնում, օրն էլ արեւոտ, բայց ես փեչի մեջ փետ եմ գցում, օջախը թեժացնում, որ մեր տանից էլ ծուխ բարձրանա, ու մարդիկ իմանան, որ Ջվախանց Ռուբենի օջախում էլ մարդ կա… Մենակ եմ, Լյովիկ ջան, որդի, մենակ եմ… Սահմանական դատարանը իմ նկատմամբ շատ դաժան գտնվեց: Թե ուրիշին մեկ-էրկու տարի են տալիս, ինձ ցմահ մենակություն տվին: Ինչի՞ համար, ո՞ր մեղքիս համար, բա քու մերը սրան էր արժա՞ն… Չգիտեմ՝ հե՞րդ էր մեղավոր, որ գնաց, թե՞ ես, որ իր հետը չգնացի… Լյովիկ ջան, էս է ութսունիրեք տարեկան եմ դառնում, բայց ապրած տարիներիցս չէ, որ վախում եմ, իմացի՝ թե մերդ մեռավ, ուրեմն մենակությունից ա մեռել…

Տղա ջան, բայց դու հեչ մի նեղվի, խիղճդ հանգիստ պահի… Ես քաղաք տեղ ապրողը չեմ, բայց, ախր, գեղն էլ մի տեղ չի… Էս ա՝ մութը վեր կոխել՝ աչք ա քոռացնում, ուբոռնու տեղն էլ չեմ գտնում… Բդբդալեն գնում-գալիս՝ դողդողալեն տեղն եմ մտնում, վերմակը գլխիս քաշում: Ես եմ ու իմ տաք շունչը: Մինչեւ ե՞րբ պիտի մի շնչով ապրեմ: Ճարս ի՞նչ: Ամեն տեղը մտնելիս չգիտեմ՝ էլ արեւի երես կտենա՞մ, թե՞ չէ: Մի գիշեր էլ ոտներիս վրա ծանրություն զգացի: Առավոտը վեր կացա՝ տենամ վերմակիս վրեն կլոր-կլոր կծկված մի բանի հետք, ոնց որ գունդ ու կծիկ էկած օձ: Հմի չգիտեմ՝ էդ անտերը տաքության վրա էկել ա ոտներիս վրա կծկվե՞լ, թե՞ մեր պղնձի ղփուլի վրի կլոր-կլոր բոլորանների հետքն ա, որ տաք-տաք դրել էի տեղաշորին ու մոռացել: Քար ընգնի իմ շաշ գլխին՝ մթամ մեջը խելք ա մնացե՞լ… Մենակ թե՝ ամեն տեղաշորը մտնելիս սրսիկը ջանս ա ընգնում, բա որ էն անտերն էլի գա՞… Ասենք, իմ նման մի իսան էլ նա է, էլի. ես ոտներիս վրա եմ սողում, նա՝ փորի, ի՞նչ իմանաս, թե ղրգողն ով ա: Մի մենակ նա ա, մինն էլ՝ ես, էրկուսով հլբաթ մենակ չենք ըլնի…

 

 

Լեւան ջան, որդի, դու լավ եղիր, էրեխանցովդ շրջապատված եղիր, էն, ինչի ես չհասա, դուք հասնեք… Հա, քանի չեմ մոռացել, էս էլ ասեմ. էս երգիրը գողի, բոզի աշխարհ ա՝ դու էդ մասին շատ ես ըստի-ընդի ասում, խոսում, գրում… Բա վախում չե՞ս, մին էլ տեհար մի մութ տեղ գախտումդ տվին՝ քու տերն ո՞վ ա… Աշխարհը ե՞րբ ա արդար եղել, որ հմի արդար լինի, որդի, դու քու ընտանիքի գլխին եղիր, քու տան դարդը քաշի, Աստված հլբաթ բարեգութ է, ժողովրդին մի ճար կանի… Քու մերն անգրագետ կնիկ չի. թերթ էլ ա կարդում, գիրք էլ ա կարդում, ռադիո էլ ա լսում, հլա դեռ քու գրածներն էլ եմ կարդում: Դու մե-մեն պետռ, պետռ, անամոթ բաներ ես գրում… Բա քեզ սազում ա՞, որդի, բա Թումանյանը թենց էր գրո՞ւմ… Է՜, ոնց էլ մտածում եմ՝ ես եդ-եդ եմ գնում, դու՝ առաջ, էսենց որ գնա՝ մեր պոեզը տեղից շարժվիլ չտի… Էլի եմ ասում՝ գործդ դրսում ա, տաք հագնվի, ոտքերդ չսառչի, էս է՝ նամակիս հետ բրդի գուլբեք եմ ղրգում քեզ ու էրեխանց համար էլ՝ մի-մի ջուխտ ոչխարի բրդից գործած սիպտակ ձեռնոցներ: Կարինեի համար էլ իմ ձեռով գործած իր ուզած երկար նախշուն շարֆն եմ ղրգում, հետն էլ չալարեցի՝ նոր տարի ա գալիս, մի կերպ մառանն եմ մտել՝ տանձից, խնձորից, տխլից, կակալից-բանից իրուց արել, վրեն էլ չուչխել, չիր ու չամիչ ավելացրել, բոխչա կապել, որ ամեն տարվա պես թոռներս իրենց տատին չմոռանան: Լյովիկ ջան, հորդ տնկած խուրմեն մեր տան ղսմաթն ա. մի տարի խուրմա ա տալիս, մի տարի՝ կարալյոկ: Ձեր բախտից էս տարի կարալյոկ ա տվել… Մի քիչ էլ կարալյոկ եմ քաղել ղրգել, որ Նոր տարին բարի փոփոխությամբ ու քաղցր օրով անցկացնեք:

Քո մեր՝ Անիկ
27.12.2005թ.

Հ.Գ. Մորս նամակը ներկայացնում եմ գրեթե անփոփոխ, թերեւս՝ բացի վերնագրից:

 

 

15․12․2015

Իբրև պատասխան մորս նամակի

Աստված Երկրին ծնեց եւ Երկրի մեջ՝ մարդկանց: Ինձ իմ մայրը ծնեց: Աստված ծնեց ու անէացավ: Մայրս ծնեց ու ինձ իր գիրկն առավ: Մենք Աստծուն չտեսանք: Ես իմ մորը տեսա: Զատիկի գիշերն էր: Մորս դեմքը սրբապատկեր էր՝ շուրջառված եկեղեցիներով: Աստծո ծննդյան գիշերը մայրս ինձ տեսության էր եկել: Մերկ աղջիկներ էին շուրջս վխտում:

Ես խարխափում էի ողորկ մարմինների մեղկ ոստայնում: Գիշերը հաշիշ էր ու անուշ: Մորս հայացքը շանթեց տարփուհիներին: Չքվեցին: Ասես չէին էլ եղել: Դեմքից պայծառ լույս էր կաթում: Երեք օրհնանք տվեց մայրս, որից, ավաղ, մեկն եմ հիշում: Խաղաղություն էր մաղթում, բարեկեցիկ կյանք, հաշտություն ինձ ու իմ ընտանիքին, օրհնանքն իր խնկարկելով սպիտակ, կավճագույն փոշիով: Ես վեր ելա ոգի առած: Ակնթարթ անց տեսիլքը փոխվել էր: Ես կանգնած էի զառիթափ ապառաժի կատարին: Առջեւս ալեհեր օվկիանն էր սպիտակափառ փրփրում: Ամեհի անդունդն աշխարհի ծայրն էր: Կուրծքս արծվենի կեցվածքով փքել, թեւերս փռել էի ուժգնացող փոթորկին հանդիման: Ես կանգնած էի երազանքներիս սահմանին… 2016 թվականն էր, հունվարի 6-ի լույս առավոտը: Երբ արթնացա՝ մայրս չկար: Կինս էր կողքիս լուռ ու մունջ պառկած: Վեր կացա, որ սովորականի պես Վերնիսաժ գնամ: Կինս, ալարկոտ, իմ կողմը շրջվեց:

-Էսօր Զատիկ է,- ասաց քունը չհաղթահարած նվաղուն ձայնով,- իզուր մի գնա…
Դրա համար էլ պիտի գնայի: Սուսուփուս շարունակեցի հագնվել: Կինս էլ շարունակեց իր խաղաղ նինջը: Մորս պատկերն աչքերիս մեջ էր: Գիտեի, որ նա ինձ չի լքի: Օրը չորեքշաբթի էր, երազը՝ բարի: Ամեն անգամ մորս տեսնելիս շավիղներս հարթվում էին, խավարը լուսավորվում, ցուրտը նահանջում, չորուկը բողբոջում, տապը մեղմվում, չարը խափանվում, տխրությունը փարատվում, անապատը կանաչում, ու դատարկ օրվա մեջ անգամ հավատի ու հույսի ծնծղաներ էին զնգում… Մա՜յր… Մոգական է զորությունը քո… Գնում էի Վերնիսաժ՝ մի ավելորդ անգամ համոզվելու դրանում: Զատիկն ինձ համար բարի ավետիս էր: Էդ օրն էլ ձեռնունայն չվերադարձա:

Մորս ես սիրում էի, բայց ոչ այնքան, որքան մայրս էր ինձ սիրում: Այն ժամանակ ես ամեն ինչ գիտեի: Տգիտությունը սահման չուներ: Մինչդեռ բաներ կային, որ հետո պիտի իմանայի: Մայրս ինձ սիրում էր ինքնազոհողաբար: Քառասուն տարի առաջ ես հեռացա հայրական օջախից: Առիթն ամուսնությունս էր: Ամուսնանալիս սովորաբար կինն է գնում ամուսնու ետեւից: Իմ պարագայում հակառակը եղավ: Կնոջս հորդորով ես գնացի նրա հետքով (մինչեւ հիմա երեսովս է տալիս. ասում է. բերի քաղաք՝ մարդ սարքեցի: Այնինչ ես ընդամենը քաղաքացի դարձա): Մայրս գլխի գալիքը գիտեր: Նշանադրությանս գիշերը քաշվել էր պատշգամբ եւ ինձնից ու աշխարհից թաքուն արտասվում էր: Նշանադրեքի ուրախությունը՝ ուրախություն, բայց ես այնքան չէի ուրախ, որ նրա արցունքը չնկատեի: Մոտեցա, ասի՝ մեր իմ, եթե չես ուզում, Երեւան չեմ գնա: Թաշկինակով սրբեց աղի արտասուքը:

 

 

-Դու իմ լաց ըլնելուն մի նայի, որդի,- ասաց,- քու տատ Սոնան էլ չէր ուզում, որ հորդ հետ քաղաք գանք, բայց մենք գնացինք՝ Շնողից տեղափոխվեցինք Ալավերդի: Թե չէ որ տատիդ լսեինք ու գեղում մնայինք, ինչ էինք դառնալու… Լավից-վատից՝ ես բուժքույր եմ, հերդ՝ վարորդ… Հմի, հա, տղա ջան, ես էլ չեմ ուզում, որ դու մեզանից հեռանաս, բայց, որ ինձ լսես ու էս խոր ձորում մնաս, ի՞նչ ես դառնալու… Էստեղից ոչ երգիրն ա էրեւում, ոչ էլ երկինքը… Գնա, որդի, գնա, ինձ մտիկ մի տու… Դու գնա քու մուրազի ետեւից…

Մորս արցունքներին հակառակ՝ ես տեղափոխվեցի մայրաքաղաք: Եվ որքան էլ ձգտում էի ծնողներիս հետ կապն ամուր պահել, այնուամենայնիվ, էդ հանգույցը գնալով քանդվում էր: Հորս մահից հետո, իմ կամքից անկախ, մայրս մնաց մենակ: Ճիշտ է, եղբայրս ու քույրս ամեն ինչ անում էին նրա մենությունը փարատելու համար, բայց ամեն դեպքում յուրաքանչյուրն իր օջախն ուներ: Գյուղի հայրական տունը մայրական զնդանն էր: Իր տան զնդանում որ շատ նստում էր ու շատ էլ ձանձրանում, ելնում էր մեծ ճամփեն՝ բակի երկաթյա դարբասի մոտ, անշարժ քարի վրա նստած «սերիալ նայելու»: Գյուղի անցուդարձն իր տան առջեւով էր անցնում: Ինքը հեռուստացույց չուներ՝ «օգտվում էր գյուղական հեռուստացույցներից»: Ողջ գյուղն էր սերիալ նայում: Անցնող-գնացողի հետ հետաքրքրվում էր հերթական սերիայի բովանդակությամբ:

-Ախչի,- հարցնում էր՝ անհամբերությունից կարմրատակած,- էն եղատար Գավիոտան ի՞նչ էլավ…

Անցորդը հոժարությամբ պատմում էր սերիայի եղելությունը: Պատմություն-պատմության հետ հուզվում էր մայրս, տագնապում Գավիոտայի խճճված կյանքի համար, տոչորվում նրա դառը ճակատագրով, որ հետո իր ապրումները, «տեսածն» ու լսածը գլուխն օրորելով, ծնկներին խփելով՝ վերապատմեր պատահական մարդկանց, մինչեւ հաջորդ օրը, մինչեւ որ սյուժեն զարգանար, ու առավոտյան անցուդարձի հետ իմանար շարունակությունը: Մորս կյանքը մի շարունակական սերիալ էր, գեղավորի անցուդարձին համընթաց, նստած անշարժ քարին, երկաթյա ժանգոտ դարբասի առաջ: Ավաղ, բոլոր սերիալներն ավարտ ունեն: Իր ավարտին անգամ մայրս ինձ չանհանգստացրեց: Անդավաճան է մայրական սերը:

Փոխարենը ես դավաճանեցի: Դեռ աքաղաղը չկանչած՝ Պետրոս Առաքյալը Հիսուսին ուրացավ երեք անգամ: Չսպասելով աքաղաղի կանչին՝ ես մորս դավաճանեցի, Աստծուն է հայտնի, թե քանի անգամ… Ուրացում կա, որ թվերով չի չափվում: Հիսուս Պետրոսին ներեց: Նա Աստված էր, Նա զորու էր դա անել: Ես թույլ էի ու թշվառ, ես անկարող էի ինձ ներել… Մորս դավաճանեցի մահվան մահճում: Ոտքերը՝ աճուկներից մինչ թաթերը, սաստիկ այտուցվել էին, փքվել ու գունափոխվել: Աջ ոտքը մորեգույն էր, ձախը՝ մանուշակագույն: Մորս ծեր սիրտն այլեւս զորու չէր արյուն մղել մարմնի վերջույթներին:

 

 

Երեւանից բժիշկ էի տարել, թերեւս վերջին անգամ որդիական պարտքս կատարելու համար: Բժիշկն ինձ ասաց, որ մորեգույն ոտքը կաթիլային ներարկմամբ կարելի է փրկել, իսկ մանուշակագույնի համար դեղերն անօգուտ են: Քույրս, թե. «Ապեր,-քրթմնջում էր,- բժիշկը ոնց որ ճիշտ ա ասում, էդ ոտի կրնկամիսը լխկել՝ չուլքու մեջ հազիվ ա կպած մնում,-շշնջում էր լացակումած,- ամեն պահի կարող ա պոկ գա»: Բժիշկն առաջարկում էր ոտքն անդամահատել, բայցեւ ավելացնում՝ կարող է չդիմանա… 83 տարեկան կնոջը ո՞նց անդամահատեին… Մայրս չէր կարողանում պառկել: Մահճակալի վրա նստել ու մեջքը խոնարհած՝ կոճղի պես քոթկակալած ոտքերը կախել էր հատակին: Շունչը կտրվում էր: Անընդհատ ջուր էր ուզում: Րոպեն մեկ չոր, պապակ շուրթերը թրջում էր ումպ ջրով: Ախ, իմ մայրս… Գիշերը կողքին լուսացրի: Եղավ մի պահ, երբ բռնեցի մորս փափլիկ ձեռքը: Աչքերում լույսը խտացավ: Դա մի վերջին հույս էր, հավատ, որ փայլատակեց խոնավ աչքերում:

-Լյովիկ ջան,- ասաց խանդավառված,- ասում եմ՝ վեր կենամ, հացը մի լավ խաշեմ ու ոտքերս թաթախեմ էդ տաք ջրի մեջ…

-Մեր,- ասի վախվորած,- հանկարծ էդպիսի բան չանես…

 

Աշխարհի բոլոր երգերը մորս համար երգված էին: Մնում էր սպասել: Ես իսկի դրան չէի ի վիճակի… Առավոտյան բժշկի հետ լքեցի մորս: Հետո մայրս քրոջս կասեր. «Տղես գնաց մոր թաղման համար փող աշխատի»… Բայց ես հո գիտեի, թե ուր եմ գնում… Մահվան դեմառդեմ մորս մենակ էի թողել: Նրա տղեն այլեւս այնտեղ չէր, որ աշխարհից աշխարհ տանող, էն բարակ, մազե կամրջի վրայով անցնելիս մոր ձեռքը բռներ… Պետրոսի առաքելությունը ես չունեի, բայց նրա դավաճանությունն ունեցա…

Շուրջ 10 տարի է անցել քո մահվանից, Մայր: Գերեզմանդ դարձել է ինձ համար բարի աղոթարան: Դու ապրեցիր 83 տարի, բայց մեռար մենությունից: Քո նկատմամբ տածած ցավն ինձ 10 տարի հանգիստ չի տալիս: Պարտքերս լեռան պես ծանրացել են սրտիս: Մերթընդմերթ այնտեղից զղջման ճիչեր են պոկվում: Անցած տարվա վերջին, քո իսկ խոսքերով, նամակ գրեցի: Տպագրության հանձնեցի «Հրապարակ» թերթում: Այնտեղ եւ քո սերն էր, եւ իմ ցավը: Թվում էր, թե այդ փոքրիկ գրությունը մի սովորական նամակ է, որում, թերեւս, անսովոր ոչինչ չկար: Սակայն ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ արել: Ուրիշ է մոր սիրտը… Էս է, 35 տարի է՝ պատմվածքներ եմ գրում, գրում ու տպագրում, բայց չեղավ մեկը, որ այնպիսի ուշադրության արժանանա, ինչպիսին քո նամակն էր: Շատերը կարդացին, կարդացին նաեւ չկարդացողները: Եվ ի՞նչ… Հույզ, տագնապ, մորմոք, սեր, կարոտ, դառնություն, պարծանք, թախիծ, հիացում, արցունք, ուրախություն, ատելություն, պանծացում, սքանչացում, ափսոսանք, երկյուղ, զայրույթ… Ֆեյսբուքյան բազմաթիվ արձագանքներից ես առանձնացրել եմ մի քանիսը, որը կուզենայի հասանելի լինի նաեւ քեզ: Լսո՞ւմ ես, մայր իմ… Չէ՞ որ դու միշտ ինձ հետ ես՝ ողջ, թե մեռած: Մայրերն ամենուր են: Դե, ուրեմն ուշ դարձրու նամակիդ արձագանքին.
Կոնո Կարպ (սփյուռք). Լույս ու հոգի կա այս գործում, տեսնես կգտնվի՞ մեկը, որ թարգմանի եւ օտարին եւս հաղորդակից դարձնի այս գեղեցկությունը: Ես խոնարհվում եմ նման արժեք ստեղծող իմ ժողովրդի առաջ եւ հիանում նրա տաղանդավոր զավակի վարպետ գրչով (17.12.15թ.):

 

Կարինե Վանյան (Երեւան, Պետական համալսարան). Հրաշք է նամակի լեզուն՝ մեր Լոռվա բարբառը… Երեւի ամենաանկեղծ ապրումների արտահայտման լեզուն է… (17.12.15թ.):
Գրիգոր Աղինյան (Երեւան, Պետական համալսարան). Զուլալ ու մաքուր. հանճարեղ, ինչպես ցանկացած պարզություն… (18.12.15թ.):

Սքե Ժան (Երեւան, Տնտեսագիտական համալսարան). Առանց փշաքաղվելու հնարավոր չէ կարդալ (19.12.15թ.):

Հասմիկ Պապյան (Վիեննա, Ավստրիա). Աննման գիր, հուզիչ, բայց նաեւ ապրեցնող… շնորհակալությամբ եւ խոնարհումով՝ Հ. Պ. (18.12.15թ.):

Գայանե Հովսեփյան (Վանաձոր). Հուզիչ էր, շատ տեղերում սեր, կարոտ, մենակության դառնություն… Ուրիշ է ալեկոծ սրտից եկող ձայնը… Հոգիս տակնուվրա արեց, սիրտս սեղմեց… Մի շնչում կարդացի (18.12.15թ.):

Աննա Խանզադյան (Արզնի). Տեր Աստվածծծ, չգիտեմ ինչու՝ հատ առ հատ, մազերի ծայրով զգացի ամեն բառը, ինձանից անկախ կարդացի լոռեցու շեշտադրությամբ ու… Ու փլվեցի բազկաթոռին… (19.12.15թ.):

 

 

Մայր իմ, որ ցնցել ես մարդկային սրտերը… Դու նույնիսկ ծածկատեսիլ հեռաստանից հասու եղար զավակիդ կանչին: Եվ ո՞վ կարող է գետնի տակից անգամ որդուն վեր բարձրացնել… Դու, դու, որ ինձ ծնել ես, սնուցել ես, գուրգուրել ես, փայփայել ես, մեծացրել ես ու ամեն պահի պատրաստակամ եղել ընկնել զավակիդ ոտքերի տակ, միայն թե նա վեր բարձրանա… Ես շատ եմ դեգերել՝ Մայր իմ, անսահման շատ, մինչեւ հայտնվել եմ երկրի ծայրին: Կանգնել եմ, ահա, աշխարհի ծայրին ու չեմ կարող թռչել: Օգնիր ինձ, Մայր իմ, ապավեն եղիր բաղձանքներիս ընթացքին, սովորեցրու թշվառիս բացել թեւերը: Եվ թող որ թոթափեմ արատավոր մաղձերս, թող որ թեթեւություն գա բազմամեղ հոգուս եւ օգնիր ինձ, օգնիր, Մայր իմ՝ մեղմելու հանցանքներիցս ու զանցանքներիցս լեռնացած բեռը… Ծանրությունից այդ գամվել եմ գետնին:

Ես կանգնել եմ աշխարհի ծայրին ու չեմ կարող թռչել…
Մայր իմ՝ որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո: Եկեսցէ արքայութիւն քո, եղիցի կամք քոյ…

Be the first to comment on "Մոր նամակն իր անարժան որդուն՝ Լևոն Ջավախյանին. Ձեր մայրիկի նամակի մեջ մաթևոսյանական շունչ կար: Եթե նամակն անփոփոխ եք ներկայացրել, ուրեմն գրող դարձել եք ժառանգելով մայրական գեները: Հրաշալի էր, հուզիչ:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ