Սամվել Բաբայանի առաջարկը շիկացնում է մթնոլորտը. Տրոֆիմչուկ

 

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բավական ուշագրավ ու միաժամանակ բավական վիճահարույց հայտարարություն է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին 24news.am-ին տված հարցազրույցում։ Արցախի հերոսը կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել այս տարածքի «մանդատը» Ռուսաստանին հանձնելու ճանապարհով։ Սամվել Բաբայանի այս առաջարկ-հայտարարությունը հիմնականում բացասական արձագանք գտավ հայկական մեդիափորձագիտական տիրույթում՝ թե՛ հայաստանյան և թե՛ արցախյան քաղաքական շրջանակներում։ Այն գնահատվեց որպես Արցախի անկախության գաղափարին և ընդհանրապես Արցախի հարցում մեր ազգային իղձերին դեմ գնացող առաջարկ։ Բաբայանին հակադարձեց նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հայտարարելով, որ «մեզ համար անկախ պետականությունը գերագույն արժեք է»։

Картинки по запросу սամվել բաբայան

 

«Սուր կոնֆլիկտների» լուծման՝ Սամվել Բաբայանի տեսլականը

 

Նշված հարցազրույցի ընթացքում Սամվել Բաբայանը, որը հավակնում է 2020 թվականին մասնակցելու Արցախի նախագահի ընտրություններին, խոսել է հիմնախնդրի կարգավորման տարբերակների մասին՝ ասելով, որ, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում ընդունված և Մադրիդյան սկզբունքներում ամփոփված՝ միջազգային իրավունքի երկու հայտնի սկզբունքները՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հնարավոր չէ համատեղել, և պետք է անհապաղ հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից։ Բաբայանի կարծիքով՝ Մադրիդյան սկզբունքներում ամփոփված կետերը, որոնց մասին իրենց վերջին հայտարարության մեջ հիշեցրին Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի միակողմանի ցանկություններն են, և եթե ի կատար ածվեն այդ կետերից թեկուզ երկուսը՝ վիճելի տարածքների հանձնումը Ադրբեջանին և ադրբեջանցի տեղահանվածների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր, ապա Արցախում հայ չի մնա։

«Մենք 500 հազար համայնք ենք ունեցել Ադրբեջանում՝ ըստ Ադրբեջանի մարդահամարի։ Բա, լավ, եթե ադրբեջանցուն պետք ա վերադառնա իրա տուն, բա էդ 500 հազարը ո՞ւր ա գնալու։ Իրենց հարցը չե՞նք ուզում լուծենք։ Էդ ո՞նց է՝ ադրբեջանցու հարցը լուծում ենք՝ Շուշիի շրջան, Լաչին վերադառնալու, բայց էդ 500 հազարը, որը Բաքվում, Սումգայիթում… Կարող ա մարդիկ փոխանակում են տները։ Պետք է հնարավորություններ ստեղծել բանակցային գործընթացում, այլ ոչ թե միակողմանի Ադրբեջանի ցանկությունները գրել, բերել, ասել՝ սա Մադրիդյան սկզբունքներ ա։ Մադրիդյան սկզբունք չի, դա Ադրբեջանի ցանկությունն է։ Սա պետք ա գիտակցենք, հասկանանք ու անհապաղ հրաժարվենք էդ սկզբունքներից»,- հայտարարել է Բաբայանը։

Похожее изображение

 

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ սկզբունքով պետք է բանակցել, Արցախի ՊԲ նախկին հրամանատարը պատասխանել է. «Կա միջազգային խնդիրների լուծման մեխանիզմ. սուր կոնֆլիկտները մեր երկրագնդի վրա լուծվել են մանդատային տարածքներով։ Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը՝ մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, որով էդ մարդիկ կամաց-կամաց զարգանում են էդ տարածքի վրա, ինտեգրվում են իրար հետ և այլն, և այլն»։

Արցախցի հայտնի գործչի կարծիքով՝ նման հակամարտությունները այս ձևով կարող են հանգուցալուծվել։

«Բայց նստել, ասել՝ Ադրբեջան, Հայաստան պետք ա իրար հետ համաձայնվեն՝ խնդիրը լուծվի, դա չի կարա լուծվի, դա ուղղակի վիժեցնել ա ու բերել պատերազմի նորից»,- ավելացրել է Բաբայանը։

Похожее изображение

Արևմուտքը կտա՞ «Ղարաբաղի մանդատը» Ռուսաստանին

Սամվել Բաբայանի միտքը, իհարկե, կարելի է հասկանալ՝ չնայած կենցաղային լեզվին ու ոչ այնքան հստակ ձևակերպումներին։ Կարելի է հասկանալ նաև դրա տրամաբանությունը։ Նա ըստ էության ասում է, որ իրատեսական չէ սպասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն կորոշեն խաղաղ համաձայնության գալ, կամ էլ կողմերից մեկն այնքան կուժեղանա, որ կապիտուլյացիայի կենթարկի հակառակորդին ու նրան ինչ-որ լուծում կպարտադրի։ Հետևաբար պետք է մի երրորդ ուժ, որը կկարողանա այդ լուծումը պարտադրել հակամարտող կողմերին։ Ու քանի որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ավանդաբար ունեցել է և ունի ուժեղ դիրքեր, ապա տրամաբանական է, որ հիմնահարցի լուծման մանդատը հանձնվի հենց Ռուսաստանին։ Իհարկե, Բաբայանը չի ասում, թե իր պատկերացրած սցենարով հարցը մեզ ձեռնտու պայմաններո՞վ է լուծվելու, թե՞ ոչ։ Բոլոր դեպքերում նրա միտքը քիչ թե շատ հասկանալի է։ Բայց մյուս կողմից այն մի շարք հարցեր է առաջացնում։

 

Նախ պետք է պարզել Բաբայանի քաղաքական մոտիվացիան՝ ինչո՞ւ է Արցախի նախագահի պաշտոնին հավակնող գործիչը այսօրվա բարդ իրավիճակում նման ռևերանս անում Ռուսաստանին։ Երկրորդը, ճի՞շտ է արդյոք ասել, որ Կովկասը կամ ավելի ճիշտ՝ Հարավային Կովկասը «Ռուսաստանի տիրույթի տակ է»։ Շատ փորձագետներ վստահաբար չեն համաձայնվի այս պնդման հետ։ Այստեղից էլ ծագում է երրորդ հարցը՝ Արևմուտքը, որը Մինսկի խմբում ներկայացված է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից, կտա՞ նման մանդատ Ռուսաստանին, եթե համարենք, որ Մոսկվան կուզենար Ղարաբաղի հարցը լուծել իր շահերի շրջանակներում և ընդհանրապես այս ռեգիոնը իր գերիշխանության տակ վերցնել։

Похожее изображение

Ռուսաստանի այս նկրտումների մասին նման ենթադրություն անելու համար հիմքեր, անշուշտ, կան։ Բայց որքանո՞վ է դա ռեալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, այդ թվում՝ մեր տարածաշրջանում խորացող մրցակցության, առճակատման պայմաններում։ Եվ ընդհանրապես, Արցախի հարցը Ռուսաստանի մանդատին հանձնելը հարցականի տակ չի՞ դնի հիմնախնդրի կարգավորման լեգիտիմությունը։ Որովհետև, այնուամենայնիվ, Արցախի հարցում կա միջազգային շատ լուրջ կոնսենսուս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսքով, և միջազգային բոլոր կազմակերպությունները, բոլոր ազդեցիկ խաղացողները ճանաչում են այն Ղարաբաղի հարցում միջնորդության մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լեգիտիմությունը։

https://img1.newsinfo.am/big/VkgeCNwcPH.jpg

Կապ չունի ողջամտության հետ

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը առանձնապես լուրջ չի վերաբերվում ո՛չ Սամվել Բաբայանի հայտարարությանը, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնություններին՝ վերականգնելու մեր տարածաշրջանում խորհրդային ազդեցությունը։ Հիշեցնում է ռուս հայտնի գրող Սալտիկով-Շչեդրինի խոսքերը։

«Գիտեք, Սալտիկով-Շչեդրինը այսպիսի խոսքեր ունի՝ եթե խոսում են հայրենասիրության մասին, ուրեմն գողություն են արել։ Նույնն էլ, իմ կարծիքով, աշխարհաքաղաքականության պարագայում է, հատկապես ռուսաստանյան աշխարհաքաղաքականության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դուբնովը։

Մեկնաբանի խոսքերով՝ Բաբայանի այն կարծիքը, թե Կովկասը «Ռուսաստանի տիրույթի տակ է», կապ չունի ո՛չ քաղաքական իրականության, ո՛չ էլ ողջամտության հետ։ Բայց «քանի որ պարոն Բաբայանը հղում չի անում այս մատերիաներին, ամեն ինչ շատ գունեղ ու պատկերավոր է ստացվում»։

 

«Նախ և առաջ, Բաբայանի հայտարարության էությունը ոչ թե քաղաքական է, այլ բժշկական, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիզիոլոգիական։ Նա ոչ թե իրական տրամադրությունների է դիմում, այլ բարդույթների։ Գուցե ես ոչ ավանդական գնահատական եմ տալիս ղարաբաղյան հասարակական-քաղաքական կարծիքին, բայց ես ամեն դեպքում չեմ կարծում, որ այն համատարած ու բացարձակապես ռուսամետ է, զորիբալայանական։ Այնտեղ շատ նրբերանգներ կան, ու ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Այն, ինչ թվում է ղարաբաղյան ռուսամետություն, զգալիորեն նման է նրան, ինչն ընդունված է համարել հայկական ռուսամետություն ընդհանրապես։

Սա սիտուատիվ տրամաբանական (կամ պսևդո-տրամաբանական) հետևանք է պաշարված ամրոցի, շրջափակված երկրի, քրիստոնեական ֆորպոստի և նմանատիպ այլ միֆերի ընդհանուր կատեգորիաներից և բարդույթներից։ Ղարաբաղում դա սրվում է (հատկապես այսօր) նոր վախերով՝ ինչպիսին, օրինակ, հողերը հանձնելու վախն է։ Եվ ընտրություններից առաջ սրա վրա շատ հարմար է խաղալ՝ Երևանի հետ դիմակայության համատեքստում։ Ղարաբաղում արդեն վաղուց չեն նայում Ռուսաստանին՝ որպես փրկչի, և եթե Բաբայանն ինչ-որ քաղաքական նպատակ հետապնդում է, ապա ավելի շուտ դա Փաշինյանի հետ բանավեճը շարունակելն է, ինչում նա փորձում է առանձնանալ, տարբերվել ընդհանուր ղարաբաղյան ֆոնի վրա։ Իսկ դա հեշտ չէ։ Երբ մարդիկ գնում են Ցխինվալ՝ փչացնելու պաշտոնական Երևանի կյանքը, պետք է ինչ-որ առանձնահատուկ տարօրինակ բան անել»,- ավելացրեց Դուբնովը։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/515/03/5150307.jpg

Բաբայանի առաջարկը շիկացնում է մթնոլորտը

«Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ Սամվել Բաբայանի ներկայացրած «պրոյեկտը» իրավիճակի չափման և հետագա զարգացման հերթական թեստն է։ Այդ իսկ պատճառով փորձագետը անսպասելի չի համարում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի նշված հայտարարությունը։ Ավելին, Տրոֆիմչուկը կարծում է, թե պատահական չէ այն, որ Բաբայանը նման առաջարկով հանդես եկավ Ստեփանակերտում նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի համանախագահությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո։

«Վերջին ժամանակներում այս ոլորտին վերաբերող բոլոր անսպասելի հայտարարությունները դարձել են նորմա՝ Ադրբեջանին կանգնեցնելով փաստի առաջ։ Թեև առաջին հայացքից թվում է, թե այդ միտքը Ռուսաստանի շահերի օգտին է, բայց Ռուսաստանի համար Բաբայանի կամ նրա թիկունքում կանգնած ինչ-որ մեկի կողմից առաջարկած մանդատը, որը պիտի իրավունք տա լուծելու հակամարտության կարգավորման հետ կապված բոլոր հարցերը, նախ և առաջ, գործընթացի հետագա ընթացքի ողջ պատասխանատվությունը դնում է Մոսկվայի և ոչ թե Երևանի ուսերին, երկրորդը՝ Ռուսաստանին հակադրում է Ադրբեջանի հետ, քանի որ Ռուսաստանը, այսպես թե այնպես, չի կարող նրան փոխանցել Ղարաբաղը։

Похожее изображение

Բայց ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ այն Մոսկվային կթվա շահավետ, ճիշտ ու պարզմիտ առաջարկ։ Սա մի փոխդասավորություն է, որը դեռևս ոչ ոք չէր դիտարկել ղարաբաղյան պրոցեսի առնչությամբ։ Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ հիշեցնում են, որ սա Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հակամարտությունն է՝ առանց ռուսական որևէ «խառնուրդի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը։

Տրոֆիմչուկը կարծում է, որ Սամվել Բաբայանի առաջարկը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ինֆորմացիոն-քաղաքական մթնոլորտը Ղարաբաղի շուրջ գնալով շիկանում է։ Եվ սա տարբեր է Սերժ Սարգսյանի օրոք եղած մթնոլորտից, երբ նա պարզապես նստում էր բանակցությունների սեղանի շուրջ, և նրանից ավելին չէր էլ պահանջվում։ Բայց վարչապետ Փաշինյանն ակնհայտորեն ուժեղացնում է իր ազդեցությունը ղարաբաղյան պրոցեսի վրա՝ ակտիվացնելով իրադարձությունները։

Картинки по запросу Գրիգորի Տրոֆիմչուկ

«Բաբայանի՝ Ղարաբաղի հետ անմիջական կապ ունեցող կերպարը ևս հետաքրքրական է, եթե հաշվի առնենք այն, որ Փաշինյանին ակնհայտորեն չի գոհացնում անկլավի ներկայիս ղեկավարությունը, որը համարձակորեն կարելի է անվանել «սարգսյանական»։ Հետևաբար, ԼՂՀ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու՝ Բաբայանի ցանկությունը հաշվի առնելով՝ ամեն ինչ աստիճանաբար իր տեղն է ընկնում։ Եվ վերջապես պետք է արձանագրել այն ժամանակը, երբ հրապարակ նետվեց Բաբայանի այս թեզը՝ Ստեփանակերտում ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից անմիջապես հետո։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ սա զուտ իր իմպրովիզացիան չէ»։

Թաքնված հաղորդագրություն՝ վերականգնել ԽՍՀՄ-ը
Փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ ընդհանուր առմամբ կարելի է համաձայնել Սամվել Բաբայանի այն թաքնված հաղորդագրության հետ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն մեկ միասնական ինտեգրացիոն համակարգում, ինչպիսին ժամանակին Խորհրդային միությունն էր, որտեղ, ըստ էության, ոչ ոքի չէր հետաքրքրում, թե ինչ սկզբունքով են բաժանված հողերը։

 

«Սակայն հենց դա է ամբողջ խնդիրը. ԽՍՀՄ-ն այլևս չկա և երբեք չի լինի, այդ պատճառով էլ դրա մնացորդները կշարունակեն մասնատվել, փշրվել ու տարրալուծվել։ Այս անխուսափելիությունն ուղղակիորեն ազդում է Ղարաբաղի վրա։ Ռուսաստանը տեսանելի ապագայում, մի շարք պատճառներով, չի կարողանա Հայաստանին ու Ադրբեջանին ընդգրկել իր միության մեջ, որպեսզի ավտոմատ կերպով հարթի ղարաբաղյան կնճիռը։ Իսկ Արևմուտքը, ընդհակառակը, շահագրգռված է առավելագույնս մասնատելու Հարավային Կովկասը։

Իսկ այստեղ, Ղարաբաղից բացի, մասնատելու շատ բան կա։ Մոսկվան պետք է ուշադրությամբ վերլուծի Ղարաբաղի հետ կապված բոլոր առաջարկները, որոնք անընդմեջ հնչում են «նոր Հայաստանից», որպեսզի կարողանա գնահատել, հասկանալ, թե ո՞ւր է գնում տարածաշրջանը։ Եվ այս խորապատկերին ի՞նչ տեսք կունենա 2016 թվականի ապրիլյան հաշտությունը, որն ակնհայտորեն ավարտվում է՝ սպառելով իր «մարտկոցի» լիցքը»,- ավելացրեց ռուսաստանցի փորձագետը։

1in.am

Be the first to comment on "Սամվել Բաբայանի առաջարկը շիկացնում է մթնոլորտը. Տրոֆիմչուկ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ