ԵՍ ՄԱՐԴ ԵՄ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ. ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ…1921 թ մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը սպանեց հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին…

 

1921 թ այս օրը Սողոմոն Թեհլերյանը սպանեց հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին։ Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։

 

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։

 

Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլերյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլիերյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ:
Թեհլերյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախա‎գահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլերյան – Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլերյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլերյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:

 

Մեջբերումը Սողոմոն Թեհլերյանի «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքից է:
Նա նաեւ պատմել է, թե ինչպես է սպանել Թալեաթին: «Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա՝ նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած՝ հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին»:

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։

 

Be the first to comment on "ԵՍ ՄԱՐԴ ԵՄ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ. ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ…1921 թ մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը սպանեց հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ