Կողոպուտ հայկական ձևով1977-ի օգոստոսի 5-ին կատարվեց անասելի հանդուգն կողոպուտ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ սրբապղծեցին Պետբանկը: Նույնիսկ «օրենքով գողերն» ունեին հստակ կանոն՝ ԽՍՀՄ-ում բանկեր չթալանել:

 

1977-ի օգոստոսի 5-ին կատարվեց անասելի հանդուգն կողոպուտ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ սրբապղծեցին Պետբանկը: Խորհրդային Միությունում, իհարկե, կային գողեր, բայց նույնիսկ «օրենքով գողերն» ունեին հստակ կանոն՝ ԽՍՀՄ-ում բանկեր չթալանել:

 

Քալաշյաններն էին՝ երկու եղբայր: Ծրագիրը բոլոր մանրամասներով մշակել էր Նիկոլայը: Անառիկ ամրոցը գրավեց Ֆելիքսը՝ սկզբից մինչև վերջ մեն-մենակ: Բայց առաջին դերը, բնականաբար, ունեցավ գողավարը:

— Բանկ:
Խմբի անդամները միաձայն հռհռացին: Միայն Զավենն էր, որ չփոխեց դեմքի արտահայտությունը:
— Ձեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ է հոգեբանական պատնեշը: Ես չլինեի, այդպես էլ առանց իմանալու կմեռնեիք: Բոլորդ չգիտես ինչու վստահ եք, որ անհնար է բանկ գրավել:
— «Գրավել» նշանակում է հարձակվել ու վերցնել: Իսկ ես, լա՛վ իմացիր, ունեմ ուրիշ սկզբունքներ: Բանկ գրավելը, զինված կողոպուտի գնալն իմ ոճը չէ: Բացի այդ, դա բանկ է, ոչ թե ինչ-որ խնայդրամարկղ. սեյֆեր կան, ազդանշանային համակարգ, պահակներ…
— Այդ ամենը ճիշտ է: Պահոցի պատերը զրահապատ են, դռներն էլ՝ անառիկ, սակայն առաստաղը սովորական է՝ բարակ բետոնե սալիկ է: Եթե ոչ եղունգով, ապա սովորական շաղափով հաստատ կարելի է բացել: Պատի միջով անցնելն էլ արդեն քո մեթոդն է: Ուղղակի պատկերացրա՝ այս անգամ պատը ոչ թե ուղղահայաց է, այլ հորիզոնական:
— Չեմ հասկանում, փողերը նկուղում չե՞ն պահում:
— Հենց դա է խնդիրը, որ ոչ: Պահոցը երկրորդ հարկում է, հանգստի սենյակը՝ երրորդում… Եթե ամեն ինչ բարեհաջող անենք, 40 000-ն իմն է:
— Ոչինչ էլ չենք անելու, — ընդհատեց Նիկոլայը: — Ասեցինք, մոռացանք:
— Բայց դու ամեն դեպքում մտածիր առաջարկիս մասին, — համառեց Զավենը:
— Մտածեցի՝ մոռացա՛նք: Եթե նորից կրկնես, մեղքը քոնն է:

 

Սակայն «մոռացանքը» միայն խոսք էր: Նիկոլայը մատիտն ու բլոկնոտն առած՝ ամեն օր գալիս էր բանկի նրբանցք: Ժամերով հետևում էր, թե ինչպես էր շարժվում արտաքին պահակախումբը, երբ էին գալիս-գնում ինկասատորների մեքենաները, երբ էր դուրս գալիս վերջին ծառայողը, կնքվում ներսի ցանցավոր դուռը… Նիկոլայը շուտով համոզվեց, որ ներքին պահակախումբ չկար: «Այդպես, երևի, ճիշտ է. ո՞ւմ է պետք ներքին հսկողություն, երբ ամեն ինչ փակ է՝ ապահովված ազդանշանային համակարգով: Ներս մտնել կարելի է միայն արտաքին մուտքերով: Պատնեշի վրայով բարձրանալն անհավանական է, կտուրով՝ անհնար: Միակ հնարավոր տարբերակը մնում է պատը: Բայց թե՛ փողոց տանող պատերը, թե՛ բակ դուրս եկող պատը հսկվում են: Իսկ չորրո՞րդը. չորրորդն էլ կպած է բնակելի շենքին: Այսինքն՝ պետք է ոչ թե մեկ, այլ երկու պատ ծակել, բայց կարևորը՝ ներխուժելու տեղ կա: Երկու պատ անցնելով՝ միանգամից հայտնվում ես բանկի երրորդ հարկի սրահում: Հենց այն հարկում, որտեղ գտնվում է հանգստի սենյակը…»

 

Այդպես որոշվեց այն կետը, որտեղ Ֆելիքսը պետք է ծակեր սկզբում ձեղնահարկի միջնապատը, հետո բանկի երրորդ հարկի հիմնական պատը: Ընտրեցին օգոստոսի 5-ը՝ ուրբաթ, որ ամեն դեպքում երկու հավելյալ օր ունենան: Հետո Նիկոլայը Ֆելիքսին տվեց անհրաժեշտ առարկաների ցուցակը. ծալովի նիգ, որ երեք անգամ ծալվեր ու ունենար երեք սանտիմետրանոց տրամագիծ, վեց-յոթ տաս-տասնմեկ միլիմետրանոց պոբեդիտային գլխիկով շաղափ, լապտեր, ձեռնոցներ, գայլիկոն, մետաղասղոց՝ մի քանի ժապավենով, հատիչներ, մուրճ, մանկական հովանոց… Վերջինն ամենաշատը զարմացրեց Ֆելիքսին:
— Արի՛ կրկնենք. ինչի՞ համար է ծալովի նիգը:
— Բոլոր դռները բացելու:
— Հատիչներն ու մուրճը՞:
— Դու ինձ ավելի լավ է ասես՝ մանկական հովանոցն ինչներիս է պետք: Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ դա եմ մտածում:
— Հարցիս չպատասխանեցիր:
— Պատը թործելու, առաստաղը գայլիկոնով ծակելու, հետո հատիչներով ու մուրճով աշխատելու համար:
— Մետաղասղոցո՞վ ինչ պետք է անես:
— Բետոնե սալիկի երկայնքով անցնող երկաթները սղոցեմ: Բայց եզրին պետք է մեկը թողնել:
— Ինչի՞ համար:
— Որ հետո դրանից կառչեմ:
— Առաստաղի անցքն ի՞նչ չափ ես անելու:
— Մոտավորապես քառասուն սանտիմետր տրամագծով:
— Ինչպե՞ս ես շաղափելու:
— Եզրերից՝ շրջանագծով: Հետո դուրս եմ հանելու ծալովի նիգով ու հատիչով:
— Ինչքա՞ն է հատակից առաստաղի բարձրությունը:
— Չորս մետրից ավելի:
— Նիգով ու հատիչով աշխատելիս ո՞ւր են ընկնելու բետոնի կտորները:
— Ներքև՝ հատակին:
— Մոտավորապես ժամը քանիսի՞ն կսկսեն հատակին ընկնել:
— Մոտավորապես գիշերվա երեքին-չորսին:
— Այսինքն, կտորներն այդ բարձրությունից ընկնելու են կատարյալ լռության մեջ, երբ փողոցները դատարկ են, մեքենաներ չկան: Ուրեմն բարձր դղրդոց է լինելու:
— Այն էլ ինչպիսի՜, — համաձայնեց Ֆելիքսը:
— Ու ինչ ես անելո՞ւ:
— Զգույշ եմ աշխատելու:
— Մի քանի տասնյակ կտոր միևնույնն է՝ ընկնելու է: Դա մի քանի տասնյակ բարձր հարված է:
— Ի՞նչ ես առաջարկում, — Ֆելիքսն անհամբեր ուզում էր իմանալ ձեռնարկելիք միջոցը:
— Առաջին անցքի մեջ մտցնել մանկական հովանոցը:
— Ո՞ւ:
— Հովանոցը կանցնի, կբացվի, ու բետոնի կտորները անաղմուկ մեջը կընկնեն:
— Ու ով է այն պահելո՞ւ:
— Դու:
— Իսկ ո՞վ է շաղափելու, թործելու, փորելու:
— Դու:
— Ես երկու ձեռք ունեմ:
— Ու երկու ոտք: Հովանոցը կարելի է ոտքին կապել:
— Իսկ ինչ անեմ, երբ հովանոցը լցվի:
— Պարանով իջացրու:
— Այսինքն՝ պետք է ոտքիս կապեմ երկար պարանով:
— Մտածիր՝ ի՞նչ ենք մոռացել: Էլ ի՞նչ պետք է վերցնես:
— Չգիտեմ: Ոնց որ ամեն ինչի մասին մտածել ենք:
— Ոչ: Զգում եմ, որ մի բան մոռացել ենք՝ թերևս ամենակարևորը: Ինձ պետք է երկու օր, որ նորից ամեն ինչ կշռադատեմ…

 

Նիկոլայը իզուր չանցկացրեց երկու անքուն գիշեր: Երկրորդ օրը վերջապես գտավ այն, առանց ինչի անհնար կլիներ բանկ կողոպտել: Հյուսիսում նման խնդիր չէր լինի, բայց հարավային քաղաքում, օգոստոսի հինգին, երբ առավոտվից արդեն շնչելու օդ չէր լինում…
— Դե՛, ի՞նչ ենք մոռացել, — հարցրեց Ֆելիքսը:
— Ջուրը, — հանգիստ պատասխանեց Նիկոլայը:
Նիկոլայն այսպես էր մտածում. օգոստոս, Երևան՝ ամենատոթ գիշերների շրջան: Մարդը մի քանի ժամ աշխատում է մուրճով, գայլիկոնով, նիգով… քրտնում է: Բացի դրանից.
— Երբ ինչ-որ մեկն անհանգստանում է կամ ապշում է անսպասելի լուրից, սառը ջուր են տալիս: Մի բան գիտեն, որ ասում են՝ «սառը ջո՛ւր խմիր ու հանգստացիր»:
— Ճիշտ է…
— Ինչքա՞ն ջուր ես վերցնելու:
— Մեկ շիշ:
— Իսկ շաղափը՞: Բետոն ես ծակելու՝ շաղափը կշիկանա:
— Դե, ուրեմն երկու շիշ:
— Հինգից պակաս չլինի ո՛չ մի դեպքում: Առանց տարայի ջրի շիշը տաս կոպեկ է: Մի քանի կոպեկի պատճառով մի քանի միլիոն կկորցնենք: Կրկնում եմ՝ առնվա՛զն հինգ շիշ:
— Լավ, ինչպես ասես, այնպես էլ կանեմ…

Ֆելիքսն առաջին անգամ չլսեց ղեկավարին: Հինգի փոխարեն վերցրեց երեք շիշ … Սպասվածին հակառակ՝ ձեղնահարկի պատը ծակելը հեշտ չէր: Երեք ժամ չարչարվելուց հետո առաջին քարը հանելով՝ համոզվեց, որ պատը եռաշերտ է: Քարի երեք շերտ: «Կարծես շեֆն այս անգամ էլ էր ճիշտ», — մտածեց Ֆելիքսը՝ դատարկելով ջրի երկրորդ շիշը: «Վերջինն է մնացել, իսկ ծարավս չի հագենում…»: Վիճակն անտանելի դարձավ: Կտուրի ձեղնանցքից գլուխը դուրս հանեց ու ագահորեն շնչեց երեկոյան օդը: Հանկարծ երեսը փայլեց. նայում էր ու չէր հավատում աչքերին: Բանկի պատուհանները լայն բաց էին: Հանված էին ոչ միայն ցանցերը, այլև շրջանակները: Ֆելիքսը հիշեց, որ Զավենը պատմում էր բանկի վերանորոգման աշխատանքների մասին: Գիշերվա ժամը ինն էր: Բարձրացավ կտուր ու սողաց դեպի եզրը: Բնակելի տան ձեղնահարկը բանկից միայն մեկ մետր էր բարձր: Պետք էր ցատկել. սխալվեիր՝ ընկնելու էիր ու ջարդվեիր: Ճիշտ ցատկեիր՝ կարիք չէիր ունենա ծակել երկու պատ… Ֆելիքսը չտատանվեց: Մեկ րոպե անց արդեն բանկի երրորդ հարկի սրահում էր: Բայց աներևակայելի դժվարություններից հետո հատակին՝ այսինքն պահոցի առաստաղին անցք բացելու ժամանակ զգաց, որ անտանելի շոգից ու սաստիկ ծարավից կորցնում է գիտակցությունը: Ծալովի նիգով բանկի մի քանի սենյակ բացեց, որ գոնե մեկ բաժակ ջուր գտնի, բայց ապարդյուն: Նույնիսկ զուգարանի բաքում մի կաթիլ չկար: Էլ չդիմացավ…

Վերադարձավ Նիկոլայի մոտ: Ամբողջ տեսքից մի բան էր հասկացվում՝ «ձախողում»…
— Ջո՛ւրը, — հազիվ շշնջաց Ֆելիքսը: — Մեռնում էի ծարավից: Չդիմացա…
— Քանի՞ շիշ էիր վերցրել:
— Երեք:
Նիկոլայը ամբողջ թափով հարվածեց գործակցի դեմքին:
— Ես գործելուց առաջ միշտ մտածում եմ: Եթե ասեի հազար շիշ, այդքան էլ ուրեմն պետք է վերցնեիր: Հիմա պառկի՛ր քնելու, հնդկացի Ջո:

Ֆելիքսն այդպես էլ չասեց Նիկոլային, որ ստիպված չէր եղել ծակել ձեղնահարկի ու բանկի պատերը. խոսելու ուժ չուներ: Առավոտյան Նիկոլայն եկավ Ֆելիքսի մոտ ու շշնջաց.
— Կգնաս տարածք: Միանգամից կկռահես, եթե անսովոր բան տեսնես: Չնայած վստահ եմ, որ ամեն ինչ կարգին է: Ուղիղ ժամը հինգին կգնաս երեկվա ճանապարհով: Ջուր կվերցնես: Երեք շիշը պետք է բավարար լինի: Սպիտակ թղթով կփաթաթես: Հիմա հյուր գնալիս այդպես են օղին ու կոնյակը տանում: Այդ տեսքով հանգիստ կարող ես մտնել մուտքը: Բայց բնակիչների կասկածը չառաջացնելու համար ի՞նչ պետք է անես:
— Չգիտեմ: Ուղեղս էլ չի աշխատում:
— Շալվարդ պետք է արդուկես: Տես՝ ինչ օրի ես: Փոխվի՛ր:

 

Ֆելիքսը դանդաղ ու դժվարությամբ ուղղվեց դեպի դուրս: Նիկոլայը հետ կանչեց նրան:
— Սխալվեցի, — ցածր ձայնով ասաց նա: — Հանկարծ շորերդ չփոխե՛ս՝ վատ նշան է: Ուղղակի քեզ կարգի բեր:
Նույն օրը երեկոյան, ավելի ճիշտ՝ շաբաթից կիրակի գիշերը, Հնդկացի Ջոն՝ Ֆելիքս Քալաշյանը, քավեց եղբոր հանդեպ մեղքը: Երբ շաղափն անցավ հատակի միջով, Ֆելիքսը համակվեց թեթևությամբ: Սակայն երկար աշխատեց, մինչև փակված հովանոցը մտավ անցքը: Կես ժամ հետո ինքն էլ կարողացավ խցկվել ու իջնել պարանով: Ամենուր փող էր բների մեջ: Տարբեր տեղերից էր վերցնում՝ հիմնականում խոշոր թղթադրամներ: Ուսապարկը մինչև վերջ լցնելով՝ սկսեց բարձրանալ: Վարժանքների ժամանակ կարողանում էր վեց մետր հաղթահարել երկու փութանոց ծանրաքարով: Ուսապարկը ուներ համարյա նույն քաշը: Հեշտությամբ հասավ առաստաղին, մեկ ձեռքով կախված մնաց, մյուսով սկսեց պարկից հանել փողն ու նետել ծակի միջով: Երբ այդպես դատարկեց ուսապարկի կեսը, խցկեց այն անցքի մեջ, հետո մի կողմ հրեց ու ինքն էլ դուրս եկավ…

Ավարը 1 միլիոն 525 000 ռուբլի էր, որից 110 000-ը՝ նոր հարյուր ռուբլիանոցներով: Հանցագործները շատ լավ գիտեին, որ փնտրելու են ոչ միայն իրենց, այլև «АИ» սերիայի 100 ռուբլիանոցները:

Միակ ելքը տարբեր քաղաքներում թղթադրամները երեք տոկոսանոց փոխառություններով ու փոքր մասերով փոխելն էր: Նիկոլայն այդ նպատակով տեղափոխվեց Մոսկվա: Սկզբում խնայդրամարկղերում փոխում էին օգտագործված թղթադրամը: Հետո փորձեցին նույնն անել նորերի հետ: Շուտով հասկացան, որ այնտեղ աշխատող աղջիկները սերիաներին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: Նիկոլայի գլխում միտք ծագեց. մարդաշատ մի վայրում, օրինակ՝ մարզադաշտում, վերևից «АИ» սերիայի մի քանի հարյուր ռուբլիանոց նետել: Գիտեր, որ հրմշտոց կսկսվի, ու դժվար կլինի պատասխանատվության ենթարկել մեծ թվով մարդկանց, մանավանդ եթե դա անեն մի քանի քաղաքում: Սակայն հետո հրաժարվեց այս մտքից, քանի որ Տաշկենտում ու Մոսկվայում հարյուրանոցները կարողացան փոխել առանց դժվարությունների: Փոխանակումն իրականցնում էին Մոսկվայում գտնվող ընկերները՝ Նիկոլայի սիրուհին ու նրա եղբայրը՝ «սլավոնական» արտաքինով մարդիկ: Նրանք վստահ էին, որ Նիկոլայը գումարը ձեռք էր բերել թղթախաղում:

 

Ինչպես հաճախ է լինում՝ պատահաբար բռնվեցին: Սիրուհու եղբայրը, տեսնելով, որ ամեն ինչ լավ է ընթանում, որոշեց միանգամից փոխել 6 000 ռուբլի: Գանձապահուհին միայն 3 000 ուներ: Գումարը փոխանցեց հաճախորդին ու խնդրեց, որ սպասի, մինչ ինքը հիմնական գանձարանից բերի մնացածը: Գնաց և ուշացավ՝ խոսակցությամբ տարվեց: «Գործակալը» խուճապի մատնվեց, առավ 3 000-ն ու փախավ՝ թողնելով երկրորդ կեսը խնայդրամարկղում: Պարզվեց՝ գանձապահուհին դեմքերի արտակարգ հիշողություն ուներ. նրա նկարագրության շնորհիվ նկարիչ-քրեագետը ստեղծեց կասկածյալի դիմանկարը:
Ասել, որ մնացածն ընթացավ ինքաբերաբար, կնշանակեր ոչինչ չասել: Դա առանձին խոսակցություն է, առանձին պատմութուն: Պատմություն այն մասին, թե ինչ փայլուն ձերբակալության գործողություն իրականացրեց Մոսկվայի ոստիկանությունը:

Քալաշյան եղբայրներին դատապարտեցին գնդակահարության… Չեմ թաքցնում՝ դեմ եմ մահապատժի վերացմանը: Չեմ կարող ընդունել, որ երեխա բռնաբարածը կամ դանակի բազմակի հարվածներով ծեր կին սպանածը վայելի արևի լույսը: Սակայն երևանյան բանկի կողոպտիչները ո՛չ բռնաբարել էին, ո՛չ էլ սպանել: Իհարկե, հասկանում էի, որ օրենքը բոլորին է վերաբերում: Մեր ապրած երկրում 1000 ռուբլու համար էին գնդակահարում, ուր մնաց՝ 1 մլն 525 000: Ես ամեն դեպքում որոշեցի բարձրացնել մահապատիժը ցմահ ազատարկությամբ փոխելու հարցը: Կառչելու տեղ ունեի. հանցագործերը եղբայրներ էին: Հարազատ չէին՝ եղբորորդիներ էին, և երկուսի հայրերն էլ չունեին այլ զավակ. տոհմերն այդպես վերջանալու էին: Երկուսն էլ երիտասարդն էին՝ 27 տարեկան… Հայաստանի Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի նախագահ Բաբկեն Եսաևիչի հետ նամակ ուղղեցինք ՌԽՍՀ Գերագույն Խորհրդի Պրեզիդիում: Մի քանի օր հետո Բաբկեն Եսաևիչը ինձ զանգեց. «Շնորհավորում եմ: Մեր խնդրանքն ընդունվել է: Բայց դեռ ոչ ոքի մի՛ ասա»: Մի քանի օր հետո էլ Նիկոլայ ու Ֆելիքս Քալաշյաններին… գնդակահարեցին: Մեր խնդրանքը, իրոք, ընդունել էին:

Պատասխան նամակում հստակ նշված էր գթալու որոշումը: Բայց ինքը՝ Մոսկվայից ուղարկված փաստաթուղթը, ուշ հասավ՝ քսանչորս ժամ հետո:

«Ереван» ամսագիր, N2, 2005

Be the first to comment on "Կողոպուտ հայկական ձևով1977-ի օգոստոսի 5-ին կատարվեց անասելի հանդուգն կողոպուտ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ սրբապղծեցին Պետբանկը: Նույնիսկ «օրենքով գողերն» ունեին հստակ կանոն՝ ԽՍՀՄ-ում բանկեր չթալանել:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ