Մի բան արեք՝ գժականով տանեն հիվանդանոց. «ՃվճՎ» Արոյի որդիների զրույցների գաղտնալսումները

 

«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ 2018թ. հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի գործով դեկտեմբերի 17–ի դատական նիստում հետազոտվեցին Սարգիս Վարդանյանի, նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի և այլ անձանց կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները։ Այս մասին գրում է News.am-ը։ Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել էին ՃՈ ծառայողներ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյան:

Հեռախոսային խոսակցությունները տեղի են ունեցել վթարից հետո։ Դրանք վերաբերում են Սարգիս Վարդանյանի՝ վթարին մասնակից լինելու հանգամանքը կոծկելուն, Վարդանյանների ընտանիքի մտերիմ անձի միջոցով Սարգիս Վարդանյանին քրեական պատասխանատվությունից ազատելուն և այլ հարցերին։ Խոսակցություններից հայտնի է դառնում, որ դեպքից հետո Սարգիս Վարդանյանը հեռախոսազրույցի միջոցով Սուրեն Մկրտչյանին (հեղ. գործով վկա) խնդրում է իր փոխարեն ներկայանալ ոստիկանության բաժին։ «Որտեղ մոտիկ տեղ կա, մոտիկը գնացեք»,–զրուցակցին ասում է Սարգիսը։ «Հա, իսկ որ հելնեմ միանգամից Պռոշյան էթամ, ասեմ՝ իմացել եմ ըստեղ են բերել, առաջնահերթ ըստեղ եմ եկել, ավարիայից ինձ բան չի եղել, վատ եմ զգացել պռոստը ինձ»,–պատասխանում է Սուրենը։ Դեպքի մասին ոստիկաններին պատմելու Սուրենի առաջարկած տարբերակին Սարգիսը դրական պատասխան է տալիս։ Մեկ այլ հեռախոսազրույցի ընթացքում Սարգիս Վարդանյանի ընկերներից մեկը մյուսին պատմում է, որ «Սուրոն գնացել, հանձնվել ա, Սաքոյի համար վիզ ա վեկալել»։ Նշենք, որ Սուրեն Մկրտչյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել, որ վթարի պահին ինքն է եղել «ԲՄՎ» ավտոմեքենայի ղեկին, սակայն այդ հայտարարությունը իրավապահներն արժանահավատ չէին համարել։ Սարգիս Վարդանյանը, ով դեպքից հետո դիմել էր փախուստի, մի քանի ժամ անց ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սարգիս Վարդանյանի կրտսեր եղբայրը՝ Սերժ Վարդանյանը, դեպքի շուրջ զրուցում է մոր հետ և խնդրում նրան «պանիկա չդնել»։ «Սերժո, հլը մի հատ դրա սրոկը նայի, ես իրա էրեխուն ի՞նչ եմ պատասխան տալու»,–որդուն հարցնում է մայրը։ Սերժ Վարդանյանը, սակայն, մորը հավաստիացնում է, որ եղբայրը մեղավոր չէ, քանի որ կանաչ լույսի տակով է անցել։ Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սերժ Վարդանյանը զրուցում է ոմն Աբոյի հետ։ Խոսքը Վարդանյանի հանգուցյալ պապի՝ «Տրանսգազ» ՍՊԸ–ի նախկին տնօրեն «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի (2018 թ. հուլիսին ինքնասպան է եղել) ընկերոջ մասին է։ Սերժ Վարդանյանը զրուցակցին դիմում է «Աբո ձյաձյա» անունով և հետաքրքրվում, թե ո՞վ է հորդորել եղբորը՝ Սարգիսին, որպեսզի նա գնա՝ հանձնվի իրավապահներին։ Աբոն պատասխանում է, որ Կոլյա պապն է հորդորել։ Այնուհետև Սերժ Վարդանյանը Աբոյին մեղադրում է «քաղմասում եղբորը մենակ թողնելու մեջ»։ «Ո՞նց թողել մենակ, կարո՞ղ ա գիտես ապերին սանատորիա ենք տարել, մենք էլ պիտի էթանք, կողքը նստենք, տենանք ինչ ա ուզում»,–դիմելով Սերժ Վարդանյանին, ասում է Աբոն։ Այնուհետև Վարդանյանը Աբոյին հորդորում է ինչ–որ եղանակով եղբորը փրկել բանտ նստելուց։ «Աբո ձյաձյա, դրան մի բան արեք, գժականով թող տանեն հիվանդանոց, էլ չմտցնեն ընտեղ, էլի, էնի չի դիմանա։ Բերդի հիվանդանոց գոնե տանեն»։ Աբոն, սակայն Սերժին հորդորում է այդ մասին ասել ոչ թե իրեն, այլ Կոլյա պապիկին։ Խոսակցության ընթացքում Սերժ Վարդանյանը նաև մտահոգություն է հայտնում, որ եթե ինքը դուրս գա շրջելու, հնարավո՞ր է՝ իրեն էլ բռնեն։ Աբոն էլ ասում է, որ Աֆրիկյանների ռեստորանում տեղի ունեցած խուլիգանության գործով նրան որոնում են։ Աբոն նշում է, որ քննության տվյալներով 4 հոգով այդ օրը ոչ միայն հայհոյանքներ են հնչեցնում, այլև մարդ են ծեծել, սակայն դա լսելուց Սերժ Վարդանյանը վրդովվում է . «Հա՜, լավ դե բռնում են թող բռնեն, ոնց որ սաղդ թշնամի լինեք, ըստեղ հարազատություն չկա»։ Խոսքը 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Այս գործի շրջանակներում վերջերս փոխվեց Սերժ Վարդանյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նա 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Անդրադառնալով դատարանում հետազոտված հիշյալ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներին, նկատենք, որ պաշտպանական կողմը գործի նախաքննությունից ի վեր վիճարկում է այս ապացույցի ձեռքբերման օրինականությունը։ Բանն այն է, որ գաղտնալսումն իրականացվել է ՀՀ ՔՕ 112–րդ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, որով, սակայն, Վարդանյանի նկատմամբ անգամ քրեական հետապնդում չի իրականացվել։ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3–րդ մասի (վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և ՔՕ 244–րդ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածի հատկանիշներով, որով ըստ պաշտպանական կողմի՝ գաղտնալսում չէին կարող իրականացնել։ Դեպքից հետո ոստիկանությունը դիմել էր դատարան՝ գաղտնալսման թույլտվություն ստանալու համար։ Ըստ ոստիկանության՝ «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Օպերատիվ հարցում» օպերատիվ–հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Վարդանյանն իր կողմից վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով դիտավորյալ է հարվածել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողական ավտոմեքենային։ Դատարանն, ուսումնասիրելով գործի նյութերը, ներկայացված միջնորությունները և լսելով ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի (ներկայումս Սյունիքի մարզպետ) ներկայացուցչին, որոշել էր թույլատրել գաղտնալսումը։ Սարգիս Վարդանյանի պաշտպան Հարություն Մանուկյանը դատարանին միջնորդել էր պահանջել և գործին կցել այն նյութերը, որոնց հիման վրա դատարանը որոշել էր թույլատրել գաղտնալսում իրականացնելը։ Ըստ նրա՝ այդ գաղտնալսումները չեն իրականացվել օրենքով սահմանված կարգով, օրենքով սահմանված պայմաններում և դատարանի որոշմամբ։ Մեղադրող դատախազ Մարգարյանի խոսքով, սակայն, գաղտնալսումների հետ կապված տվյալները դրված չեն Սարգիս Վարդանյանի մեղադրանքի հիմքում։ Գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ իր հերթին նկատեց, որ այդ փաստաթուղթը վերաբերելի չէ գործին և որևէ ազդեցություն չի կարող ունենալ վերջնական դատական ակտ կայացնելիս։ Նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը, միաժամանակ նկատելով, որ այդ նյութերի արժանահավատության և թույլատրելիության հարցին դատարանը կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս։ Հաջորդ դատական նիստին դատարանը կհետազոտի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների կրիչները։ Հաշվի առնելով, որ հեռախոսային խոսակցություններում առկա են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, դատավոր Հարություն Մանուկյանը որոշեց կրիչները հետազոտել դռնփակ դատական նիստի պայմաններում։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

Be the first to comment on "Մի բան արեք՝ գժականով տանեն հիվանդանոց. «ՃվճՎ» Արոյի որդիների զրույցների գաղտնալսումները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ