Երևանի և Բաքվի միջև երկխոսություն կա, Մոսկվան կաջակցի այդ երկխոսությանը. Զախարովա

 

Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Սերգեյ Լավրովի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության դրական դինամիկային։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով երկու երկրի արտգործնախարարների ղեկավարների հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` ԱՊՀ գագաթնաժողովում կայացած հանդիպմանը։

«Երկխոսությունը կա, այս դեպքում պաշտոնական հայտարարության կարիք չկա։ Կայացած հանդիպումներից ու փաստաթղթերի ընդունումից հետո ակնհայտ է, որ երկխոսություն կա և շարունակվում է։ Մենք համանախագահ երկիր ենք, ուստի ակտիվորեն կաջակցենք գլխավոր նպատակի դրական դինամիկային, ինչի մասին բազմաթիվ անգամ ենք հայտարարել»,– ասել է Զախարովան։

Լրագրողները հետաքրքրվել են` իսկ ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի՞ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է դեկտեմբերի 13-ին, Զախարովան վստահեցրել է, որ այդ հարցը չի շրջանցվի։

«Ղարաբաղյան հակամարտության թեման միշտ էլ կենտրոնական հարց է ռուս նախարարի շփումների և այցերի ընթացքում` և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Այդ թեման հիմնական է երկու կողմի համար, և Ռուսաստանն այդ գործընթացի համանախագահն է»,– նշել է Զախարովան։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են նորից հանդիպել 2019 թվականի սկզբին։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգում մտքեր է փոխանակել Իլհամ Ալիևի հետ, խոսել են գերիների փոխանակման մասին, բայց պայմանավորվածություններ չեն եղել։

 

https://m.armeniasputnik.am/politics/20181213/16224037/maria-zaharova-armenia-adrbejan.html

Be the first to comment on "Երևանի և Բաքվի միջև երկխոսություն կա, Մոսկվան կաջակցի այդ երկխոսությանը. Զախարովա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ