Քոչարյանի և Սարգսյանի կողմից 20 տարի շարունակ ձևավորվել ու կայացվել է գողերի իշխանություն. Նորայր Նորիկյան

 

«Քաղաքական ուժերի քարոզչական տրամադրությունները բավական բուռն են։ Ցավոք սրտի, դրսևորվող փոխադարձ մեղադրանքների ծավալը, տոնայնությունը հնարավորություն չեն տալիս լսելու այնպիսի բնույթի քարոզչական նյութեր, գաղափարական մոտեցումներ, որը հնարավորություն կտար հանգելու հետևության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այս վիճակը իր մեջ օբյեկտիվ հիմքեր է պարունակում, քանի որ նախորդ իշխանությունը այս ընտրություններին շատ բարձր հավակնություններ ունի, ինչի համար էլ փորձում է ամեն գնով հասնել նրան, որ միակ այլընտրանքային ուժը հանդիսանա ինքը՝ ՀՀԿ-ն։

Անդրադառնալով Արցախի իշխանությունների հասցեին Փաշինյանի արած հայտարարությանը՝ Նորիկյանը նկատեց, որ իր տպավորությամբ՝ փորձ է արվում ամեն գնով լուրջ հակադրություն ու անվստահություն ստեղծել Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի իշխանությունների միջև՝ հասնելով հարաբերությունների վատթարացման։

«Ես մինչև վերջերս չեմ հիշում, որ անգամ նախկին իշխանություններից, իշխանության ղեկավարներից որևէ մեկի խոսքը քննարկման առարկա դառնար Արցախում։ ՀՀ իշխանության որևէ խոսք Արցախում ընկալվել է որպես ի գիտություն, որպես ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի, ՀՀ ղեկավարի խոսք։ Հետևաբար հիմա շատ տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսք քննարկման առարկա է դառնում Արցախում, և հայտարարություններ են արվում նման մակարդակի։ Ինձ համար սա տարօրինակ է, բայց և ակնհայտ է, թե ում է այս ամենը ձեռնտու։ Նախկին իշխանությունները փորձում են ամեն կերպ Արցախի խնդիրը դրոշակ դարձնել և հասնել նրան, որ հասարակության մեջ մտայնություն ձևավորվի, որ Փաշինյանը եկելէ  Արցախը ծախելու, որը բացարձակ հիմք չունի։ Արցախը չի վաճառվում։ Շատ կեղտոտ խաղ է իրականացվում սադրողների կողմից։ Այդ ուժերն ազնիվ չեն Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իրենց խնդիրն է ապակայունացնել իրավիճակը՝ փորձելով ձուկ որսալ պղտոր ջրում։

 

Ես չեմ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանության շահերից կբխի ոչ բավարար հարաբերություններ ունենալ Արցախի իշխանությունների հետ։

Արցախը Հայաստանի թիկունքն է, և հակառակը։ Հայաստանը չի կարող առաջ գնալ՝ ունենալով իրեն չվստահող թիկունք։ Ուստի պետք է մեր գիտակցությունից իսպառ հանենք Արցախը ծախելու այս մերկապարանոց պնդումները։ Արցախը ծախելով՝ ծախելու ենք Հայաստանը»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը՝ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ու Սերժ Սարգսյանի եղբոր կողմից պետությանը միջոցներ և ունեցվածք վերադարձնելու հարցին։ Ըստ մեր զրուցակցի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից 20 տարի շարունակ ձևավորվել ու կայացվել է գողերի իշխանություն, ինչը ոչ թե անվանարկում է, այլ քաղաքագիտական սահմանում:

«Գողերի իշխանությունն ուրույն քաղաքական համակարգ է, որի ժամանակ կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցվում է անձնական կամ խմբակային շահին։ Այդուհանդերձ, թալանված գույքի վերադարձի վերաբերյալ այսպիսի պատրաստակամությունը հարկ է իրականացնել ամբողջովին գործող օրենքների շրջանակներում՝ հետագայում բացառելու համար որևէ շահարկում որևէ մեկի կողմից: Ես դեմ եմ, որ գողն իր գողոնը նվիրի և ազատվի պատասխանատվությունից։  Բոլորի նկատմամբ, ովքեր նախորդ տարիների ընթացքում, զբաղեցնելով տարբեր տեսակի պաշտոններ, միաժամանակ զբաղվել են թալանով, պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված օրինական քրեական հետապնդում, դատախազության կողմից օրենքով սահմանված կարգով պետք է հաստատվեն մեղադրական եզրակացությունները, և բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատարաններ: Իսկ դատարաններում պետք է իրականացվի օբյեկտիվ քննություն, նշված անձինք դատարանի կողմից պետք է ճանաչվեն մեղավորներ և ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նոր միայն դրանից հետո դատական կարգով պետք է իրականացվի նրանց գույքի բռնագրավումը: Իրավական պետության կայացման ճանապարհին մենք այլ տարբերակ չունենք»,- ասաց Նորիկյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

https://www.1in.am/2469640.html

Be the first to comment on "Քոչարյանի և Սարգսյանի կողմից 20 տարի շարունակ ձևավորվել ու կայացվել է գողերի իշխանություն. Նորայր Նորիկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ