Փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայությունից. զորացրվելուց հետո նրանց հաշվին 10 մլն դոլար է եղել

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին երեկ լուսանկարներ էր հրապարակել եւ փորձել հերքել Փաշինյանի ասածը՝ Քոչարյանի որդիների զինվորական ծառայության վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2004 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը եւ 2005 թվականի հունիսին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ՊՆ թիվ N զորամաս (Պահպանության եւ սպասարկման գունդ, Երեւան), որտեղից գործուղվել է ՊՆ իրավաբանական վարչություն, որպես գործավար: Նա ծառայության է ներկայացել «սովորական աշխատանքային» ռեժիմով՝ 09:00-ից 18:00-ն, եւ չի գիշերել զորանոցում:

 

Նրա եղբայրը, պահեստազորի սերժանտ՝ Լեւոն Ռոբերտի Քոչարյանը, 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հունիսը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԱԱԾ ներկայումս լուծարված թիվ N զորամասում (Երեւան)։

Լ. Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որեւէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է հրամանատարի օգնականի աշխատասենյակում:

 

Նրա հրապարակած լուսանկարներն արված են Լոռու մարզի ճամբարային հավաքի ժամանակ: Վարչապետը չի ասել, որ Քոչարյանի որդիները չեն ծառայել։ Նա ասել է, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Ղարաբաղում: Իսկ Քոչարյանի որդիների ծառայության տեղն ու պայմանները տեսաք վերեւում. նրանք որպես զինվոր ոչ մի օր չեն եղել Ղարաբաղում:

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները ծառայությունն ավարտելուց հետո, կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը եւ ավելի միլիոն դոլար:

http://www.armtimes.com/hy/article/149582

Be the first to comment on "Փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայությունից. զորացրվելուց հետո նրանց հաշվին 10 մլն դոլար է եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ